ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեր երկրում միակ պետական ինստիտուտը` որպես կայացած կառույց, հայկական զինված ուժերն են, վաղուց հայտնի ճշմարտություն է: Որքան էլ բանակի թիվ մեկ դերակատարները փոխվեն, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած բանակը շարունակում է ավանդույթի ուժով հզորանալ: Այն մեր հավաքական կերպարն է, որը ճակատագրական պահերին ցույց է տալիս իր ուժը:
Ապրիլյան պատերազմի օրոք թեեւ արձանագրվեցին հրամանատարական անպատասխանատվության, տարիների անփութության, երբեմն էլ վախկոտության դրսեւորումներ, բայց բանակի շարքային զինվորն իր խիզախությամբ ու սկզբունքայնությամբ ապացուցեց, որ ինչքան էլ «վերեւներում» առեւտրի մեջ լինեն, հայ զինվորն ունակ է պաշտպանելու մեր երկրի սահմանները:
Այսօր լրանում է հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, խաղաղություն ու տոկունություն քեզ, հա՛յ զինվոր:

 

 

 
«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա այցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա եղել է ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական այց: «Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին»,- ասել է նա: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ ընդունելության պատճառը վարչապետի անձն է եղել, նա նշել է. «Այո՛, սա հատուկ վստահության ժեստ էր, քանի որ Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար: Բայց այս ուղեւորությունը չափազանց աղքատ էր, չկան լուրջ, սկզբունքային որոշումներ»: Միաժամանակ նա նշել է, թե իր կարծիքով՝ Հայաստանի համար հիմա մեկ գլխավոր հարց կա. «Թե խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ինչպիսին կլինեն Սերժ Սարգսյանի լիդերության մեխանիզմները»,- նշել է նա:

 

 

 
Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետեւանք է տեղի ունեցածը: «Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետեւանքով:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խիստ լարվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում եւ իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաեւ Ավան համայնքում: Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը եւս աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում: Ու ստացվում է, որ չնայած ՀՀԿ-ից արված զգուշացումներին՝ Քեթրինի Միհրանն Ավանում խանգարում է նրանց: Տարոն Մարգարյանն էլ հրահանգել է Ավանում Մ. Պողոսյանին շտաբի համար վարձակալությամբ տարածքներ չտալ: Պողոսյանն էլ փորձում է այս օրերին գրասենյակի համար տարածք գնել, որպեսզի որեւէ սեփականատեր Տարոն Մարգարյանի, հետեւաբար նաեւ ուժային կառույցների հետ խնդիրներ չունենա:

 

 

 
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ այն ուղարկել կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Այս մասին երեկ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
««Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծում համաձայնություն է ձեռք բերվել այն երկրի վերաբերյալ, որի թեկնածուն կդառնա ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Բացի այդ՝ որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն ընտրվելու է 3 տարով»,- տեղեկացրել է Զայնետդինովը:
Որոշման նախագիծը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից կքննարկվի Կազմակերպության՝ 2017թ. ապրիլին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, եւ եթե բոլորը հավանություն տան նախագծին, կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար:
Այսպիսով՝ Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցը կրկին ընդգրկվում է օրակարգ, եւ, փաստորեն, անցած հոկտեմբերին, ապա դեկտեմբերի վերջին համաձայնության հասնելու գործում ձախողումները հարցը դուրս չեն բերել օրակարգից: Ասել է թե՝ հայկական կողմը չի ցանկացել այս հարցում գնալ զիջումների, ինչը մեծ հաշվով դրական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, պարունակում է որոշակի վտանգներ:
Ինչպես հիշում ենք՝ 2016թ. հոկտեմբերին, չնայած որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարծես թե արդեն լուծված էր համարվում /ինչի մասին անգամ Ն. Բորդյուժան էր հայտարարել/, դա տեղի չունեցավ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Երեւան չժամանելու պատճառով: Արդեն դեկտեմբերի վերջին Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տապալեց Բելառուսի նախագահը՝ չմասնակցելով Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին: Եվ հիմա, երբ Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցի քննարկումը տեղափոխվել է 2017թ. ապրիլին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգ, մեծ հարց է՝ արդյոք այս երկու «դաշնակից» երկրները վերստին չեն ընդդիմանա ՀՀ ներկայացուցչի նշանակմանը:
Այս հեռանկարի հավանականությունը բավականին մեծ է, իսկ այն չեզոքացնելու ռեսուրս Հայաստանն ուղղակի չունի: Հետեւաբար, այս խնդրի լուծումը տեղափոխվում է բացառապես ռուսական տիրույթ: Եվ միակ գործոնը, որը կարող է որոշակիորեն ազդել ռուսական դիրքորոշման վրա եւ վերջինիս մղել Ղազախստանի եւ Բելառուսի վրա ճնշումներ բանեցնելու, դա ՀԱՊԿ-ի՝ որպես կայացած, ինստիտուցիոնալիզացված ռազմաքաղաքական դաշինքի հեղինակության հարցն է: Իսկ դա շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որը ՀԱՊԿ-ն փորձում է խաղարկել որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ:




Լրահոս