ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. զգալի մասը պետական գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, չեն աշխատել ու մատնվել են պարապուրդի: Մոտավոր հաշվարկներով՝ պետական կառավարման համակարգն այդ վիճակում եղել է մոտ երեք ամիս: Հիշեցնենք` տարեսկզբին ձեւավորվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, որն իր հետ բերեց պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: Այնուհետեւ եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, որից հետո տեւական ժամանակ սահմանին լարվածություն էր: Արդեն ամռանը տեղի ունեցավ «Սասնա ծռերի» կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որը տեւեց մոտ կես ամիս: Եվ, վերջապես, սեպտեմբերին կառավարությունը հրաժարական տվեց, ու նոր կառավարություն ձեւավորվեց: Այս ամենի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններում տեւական ժամանակ ոչ աշխատանքային, սպասողական մթնոլորտ էր՝ համակարգչի առջեւ քարացած, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ նաեւ պետական կառավարման համակարգի վրա: ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ասել է. «Դա յուրաքանչյուր առանձին մարմնի խնդիրն է, եւ յուրաքանչյուր մարմին իր ղեկավարների կողմից պետք է ապահովի իր բնականոն գործունեությունը»: Թե որքանով է ապահովվել, նկատվում է մեր երկրում առկա իրավիճակից՝ ոլորտ առ ոլորտ: Առաջընթացը չի երեւում:

 

 

 
ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչեւ հիմա շարունակում է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները: «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսել է այդ բուհերի ռեկտորների հետ, արդյո՞ք նրանք ընդունում են իրենց մեղքը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է. «Քանի որ պաշտոնական դեռ որեւէ խնդիր չկա իմ առաջ դրված, ի տարբերություն ռեկտորների՝ իրավասու չեմ որեւէ արտահայտություն կամ խոսք ասելու: Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետեւ, ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում»: Մկրտչյանն ասել է, որ համապատասխան քայլեր ԿԳՆ-ն կանի քրեական գործի ավարտից հետո միայն:

 

 

 

 
ԱԺ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի մոտ ներկուսակցական լարվածության պատճառ են դարձել, ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այդ խնդիրն առկա է բոլոր այն ուժերի մոտ, որոնք արդեն իսկ սկսել են քննարկել իրենց նախընտրական ցուցակները: Թեկնածուներից յուրաքանչյուրն ուզում է անցողիկ համարներում լինել՝ իրեն համարելով «ձայն բերող մարդ»: Բացի այդ՝ ավանդաբար համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները (հիմնականում՝ ՀՀԿ-ում) չեն ցանկանում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, չնայած պահանջում են, որ ընդգրկվեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Բանն այն է, որ իրենք էլ գիտեն` ներկուսակցական պայքարում պարտված են փողատերերին, բայց եւ չեն ցանկանում, որ այդ պարտությունը դե յուրե ամրագրվի: Եւս մեկ խնդիր, որին բախվել են բոլորը՝ թե՛ իշխանություն, թե՛ այլընտրանք. կանանց համամասնության հարցը: Ինչպես հայտնի է` ԸՕ-ի համաձայն՝ ընտրացուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի: Հիմա կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով են զբաղված:

 

 

 
Հայաստանի խոշոր հարկատուները նախորդ տարվա ընթացքում 2015թ. համեմատ զգալի նվազեցրել են իրենց վճարած հարկերի չափը: Խոշոր հարկատուների մեջ առաջինը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է, որը 2016թ. ընթացքում 42.3 մլրդ դրամի հարկ է վճարել` նախորդ տարվա 42.6 մլրդ դրամի փոխարեն: 2015թ. երկրորդ տեղում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 27.5 մլրդ դրամ էր վճարել, մինչդեռ հիմա նրանք 16-րդ տեղում են. նախորդ տարի վճարել են 9.2 մլրդ դրամ:2015թ. երրորդ տեղում Ղ-Տելեկոմ ընկերությունն է եղել. վճարել էին 18.6 մլրդ դրամ, մինչդեռ 2016թ. հայտնվել են 8-րդ տեղում` 12.8 մլրդ դրամ հարկ են վճարել: Ինչ վերաբերում է անցած տարվա առաջին եռյակին, ապա «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հաջորդում է «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, որ վճարել է 22.5 մլրդ դրամ(2015թ. 13.6 մլրդ դրամի փոխարեն), իսկ երրորդ տեղում ՀԷՑ-ն է. նրանք էլ վճարել էին 17.2 մլրդ դրամ (16,4 մլրդ դրամի փոխարեն):

 

 

 
ԱՆՍՐՏԱՑԱՎ
Սովորաբար, երբ ադրբեջանական քարոզչությունը այս կամ այն միջազգային կառույցում հաջողում է հակահայկական դիրքորոշումների ձեւավորման հարցում, հայկական կողմից արդարանում են, թե ինչ արած՝ Ադրբեջանի նավթադոլարներին ու խավիարային դիվանագիտությանը դիմագրավելը շատ դժվար է: Նույնկերպ, երբ տարբեր տեղեկատվական հարթակներում ադրբեջանական պսեվդոպատմագիտությունը տոննաներով լցնում է շքեղ հրատարակություններ այն մասին, որ Երեւանը եղել է հին ադրբեջանական քաղաք, որ ոչ միայն Զվարթնոցը, այլեւ Էջմիածինն է հին աղվանական կոթող, հայկական կողմից ասվում է, թե մենք չպետք է հակադարձենք ադրբեջանական «աղբամանային պատմագիտությանը», թե դա լուրջ չէ եւ այլն:
Իրականում հենց նման մոտեցումներն են անլուրջ, դրանք սեփական անգործությունը հիմնավորելու ձեւեր են, որոնք տարեցտարի ավելի են մեծացնում միջազգային գիտական կենտրոններում ադրբեջանական կեղծ պատմագիտության արմատավորման վտանգը: Երեկ մամլո ասուլիս էին հրավիրել «Արցախի հոգեւոր գանձերը» նկարազարդ գրքի հեղինակները: Հայ ազգի մեծ բարեկամ Կիմ Բակշիի գրած, ապա հայ հեղինակների ջանքերով լրամշակված այս հրաշալի գիրքը, որը ներկայացնում է աշխարհով մեկ սփռված Արցախի հոգեւոր գանձերը լուսանկարներով, հրատարակվել է 1500 օրինակով, սակայն, ինչպես երեկ ցավով նշել են հեղինակները, հրատարակության տարածումը մատնվել է անուշադրության: Նախագծի հեղինակ Սուրեն Սարգսյանն ասել է, որ գրքի տարածմանն աջակցելու ակնկալիքով դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմին, մշակույթի, կրթության ե գիտության, տարածքային կառավարման նախարարություններին, որոնք բոլորը միասին գնել են գրքի 300 օրինակ, մինչդեռ 600 օրինակ դեռ չսպառված է:
Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենց համար ամենազարմանալին ու վիրավորականն այն էր, որ գիրքը գնելու իրենց առաջարկը անարձագանք են թողել ՀՀ արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Հավանաբար գերթանկարժեք կոնյակի, կոնֆետների եւ ծաղկեփնջերի սիրահար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում «ավելոդ ճոխություն» են համարել հյուրերին նվիրելու նպատակով այս գրքի համար 15.000 վճարելը, դե, իսկ սփյուռքի եւ ԱԳ նախարարությունների մասին, թերեւս, խոսելն ավելորդ է: Այս գերատեսչություններում «ամեն կոպեկը հաշվում են», մինչեւ բիզնես կլասով տոմսեր գնելն ու աշխարհի քարտեզի վրա չերեւացող եւ ՀՀ-ի տեղն անգամ չիմացող երկրներ պարբերական գործուղումների մեկնելը:
Նշենք, որ մեր գերատեսչությունները նման անտարբերություն են ցուցաբերում բազմաթիվ այլ դեպքերում: Նույն հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը բազմիցս են այս խնդիրների մասին խոսել՝ ի ցույց դնելով տարիներով իրենց գրասենյակներում փոշոտվող արժեքավոր գիտական աշխատությունների տիրաժները, որոնք իրացնելու, անգամ նվիրելու պատրաստակամությամբ իրենք բազմաթիվ գերատեսչական դռներ են թակել: Տխուր է:




Լրահոս