ՄԵԿԸ ՍԵՐ Է ՔԱՐՈԶՈՒՄ, ՄՅՈՒՍՆ ԷԼ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում Գյումրիում, որտեղ առաջադրվելու են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Բոլորին է հայտնի, որ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի միջեւ երկար տարիներ, մեղմ ասած, հակասություններ են եղել: Այդ իսկ պատճառով մտահոգություններ կան, որ Շիրակի մարզում թեժ պայքարը կարող է ուղեկցվել բախումներով: Ի՞նչ են այս մասին մտածում Գրիգորյանն ու Ղուկասյանը եւ ինչպե՞ս են արձագանքում միմյանց առաջադրումներին, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հենց իրենցից՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից:

Վարդան Ղուկասյան. Գյումրու նախկին քաղաքապետ
-Պարո՛ն Ղուկասյան, Մարտուն Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին իր հայտարարության մեջ նշել էր. «Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
-Ես ցանկանում եմ բոլորին հաջողություն, սեր, միաբանություն, խելք ու շնորհք, բարեպաշտություն: Ինչ ասեմ՝ ուրիշ ոչ մի բան, աստվածային օրհնությունը բոլորի հանդեպ: Ով ինձ՝ վատ, ես իրեն՝ լավ: Ով ինձ վատն է ցանկանում, ես իրեն բարին եմ ցանկանում: Ոնց որ Ավետարանն է ասում՝ ես էդպես էլ ապրում եմ, ճիշտն ասած: Իմ թշնամին միայն թուրք ազգն է: Ես պատրաստ եմ բոլորին, եթե խնդիրներ է առաջացել, ընդհուպ ներելու, ձեռք սեղմելու: Ես մի բան գիտեմ, որ հետագայում հլը ժամանակ ունենք ապրելու, էնքան ժամանակ կա, էնքան հլը պիտի իրար տեսնենք: Բոլորի ճակատին մի բան գրված կլինի, մեկի ճակատին կգրվի, մեկի հետույքին կգրվի, էնքան հետաքրքիր է կյանքը: Ես միայն սեր, խաղաղություն, համերաշխություն եմ ցանկանում:
-Անգամ այն դեպքում, երբ Ձեր մրցակիցը բացասակա՞ն է արտահայտվել Ձեր մասին:
-Դե, հիմա իր հարցը էդքան ո՛չ հետաքրքրում է, ո՛չ էլ բան: Ես մի բան եմ ասում՝ բոլորին ցանկանում եմ համերաշխություն, հարգանք, սեր, միաբանություն, իսկ մնացածը բոլորիս ապրածը ցույց կտա, ժողովուրդը բոլորին ճանաչում է: Ով ինչ է արել էս քաղաքի համար, էս երկրի համար, լավն է արել, լավը կասեն, վատն է արել, վատը կասեն: Այնպես որ, ժողովուրդն իր խոսքը կասի, հանգիստ եղե՛ք:

Մարտուն Գրիգորյան. ՀՀ ԱԺ պատգամավոր
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր հայտարարության մեջ նշել եք, որ չեք կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Եթե նա չլիներ, Դուք ԲՀԿ ցուցակում կլինեիք:
-Այս պահին արժե՞ այդ հարցի պատասխանը տալ:
-Իսկ ինչու՞ ոչ:
-Հայտարարության մեջ ես, կարծում եմ, իմ ասելիքը շատ հստակ ասել եմ, ես չեմ կարծում, թե հասկանալի չէ իմ միտքը: Ամեն դեպքում, իմ արտահայտությունը հիմնականում պայմանավորված է այդ անձով, ոչ թե Ծառուկյանի հետ է կապված:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ եք այդպես տրամադրված Վարդան Ղուկասյանի դեմ:
-Նրա համար, որ 2009 թվականից կոնկրետ Գյումրիում մենք պայքարել ենք այդ անձի դեմ, այդ անձի աշխատանքի դեմ, այդ անձի վարքուբարքի դեմ, այդ անձի ստեղծած միջավայրի եւ մթնոլորտի դեմ մինչեւ 2012 թվականը:
-Պարո՛ն Գրիգորյան, արդեն տեսանելի է, որ Գյումրիում թեժ ընտրապայքար է լինելու, անգամ մտահոգություններ կան, որ գուցե բախումներ տեղի ունենան…
-Դե, մշտապես եղել է դա Գյումրի քաղաքում ընտրությունների հետ կապված: Եսիմ, միշտ էլ եղել է այդ մտահոգությունը, բայց ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կլինեն, ամենքս էլ աշխատելու ենք, որ նորմալ, հանգիստ ընտրություններ լինեն, լարվածություն չլինի, իզուր ավելորդություններ չլինեն: Եթե իրավիճակը այդպես է, ինչ անենք ուրիշ:
-Ի պատասխան Ձեր հայտարարության՝ պարոն Ղուկասյանը նշեց. «Ես ցանկանում եմ բոլորին հաջողություն, սեր, միաբանություն, խելք ու շնորհք, բարեպաշտություն»:
-Փոխանցե՛ք իրեն՝ շնորհակալություն:

 

 

 
ԳՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ՞Ն ԾԱՌԱՅԵԼՈՒ, ԹԵ՞ ՀՀԿ-ԻՆ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնապես ներկայացրեց Արամայիս Գրիգորյանին՝ որպես Արարատի նորանշանակ մարզպետ:

Այն, որ Ռուբիկ Աբրահամյանը հեռացվեց խաղից, որպեսզի Արարատի մարզում թուլացվեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ մարզում ՀՀԿ-ն լուրջ խնդիրների չբախվի, ակնհայտ է: Բոլորին է հայտնի, որ Արարատի մարզում ՀՀԿ-ի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել Հովիկ Աբրահամյանի գործոնով, եւ վերջինիս՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո մարզում նման փոփոխությունները սպասելի էին: Սպասելի էր նաեւ Արամայիս Գրիգորյանի նշանակումը, եւ այժմ, թերեւս, արժի վերհիշել նորանշանակ մարզպետի՝ դեգերումներով լի պաշտոնական ուղին:
Արամայիս Գրիգորյանի քաղաքական կարիերան մեկնարկեց 2003 թվականի մայիսին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց թիվ 25 ընտրատարածքից։ Մինչեւ 2006 թվականի հունիսի 2-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։
2007 թվականի մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թվականին, երբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը դարձան կոալիցիոն գործընկերներ, Գրիգորյանը ՀՅԴ քվոտայով հունիսի 2-ին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար: Սակայն այդ պաշտոնում նա մնաց ընդամենը մեկ տարի: 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ-ի իշխող կոալիցիայից դուրս գալու պատճառով Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Նկատենք, որ այդ ժամանակ հանուն պաշտոնի դեմ չգնալով կուսակցության մոտեցմանը եւ նախարարական պորտֆելից զրկվելով՝ Գրիգորյանը, այնուհանդերձ, շուրջ երկու տարի անց լքեց իր հարազատ կուսակցությունը: Նրա այս քայլը երկար չմնաց անարձագանք, եւ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գրիգորյանը «տեղափոխվեց» Արարատի մարզ՝ նշանակվելով Արարատի մարզպետ։ Ընդգծենք, որ այստեղ եւս Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի. 2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ բնապահպանության նախարար։ Ի տարբերություն նախորդ պաշտոնների՝ այս անգամ Գրիգորյանը հասցրեց պաշտոնավարել երկու տարի, սակայն 2016 թվականի սեպտեմբերին չհայտնվեց այն երջանիկների շարքում, որոնց հաջողվեց պահպանել իրենց դիրքերը Կարեն Կարապետյանի կառավարությունում: Գրիգորյանը զոհաբերվեց նախկին կուսակցի համար՝ իր տեղը զիջելով դաշնակցական Արծվիկ Մինասյանին:
Ահա, այսպիսի դեգերումներից հետո Գրիգորյանը կրկին նշանակվում է Արարատի մարզպետ. «Բոլոր նրանք, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ աշխատել, վայելել ժողովրդի հարգանքը, կարող են կրկին նշանակվել նույն պաշտոնում»,- նման համեստ ինքնագնահատանքով երեկ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը պատճառաբանեց իր վերանշանակումը:
Այսքանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ Գրիգորյանը իշխանության համար դարձել է պահեստային տարբերակ. որ պաշտոնը թափուր է մնում, եւ կարիք է լինում ժամանակավոր տեղապահ նշանակել, իշխանություններն այն «վստահում են» Գրիգորյանին: «Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել, մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնել»,-երեկ հավաստիացրեց Գրիգորյանը: Մոտ առաջիկայում արդեն պարզ կդառնա՝ ժողովրդի՞ն, թե՞ բացառապես ՀՀԿ-ին է ծառայում նոր մարզպետը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ` ՀԱԿ-Ի ՀԵՏ
ՀԺԿ-ն խոստանում է մոտ օրերս վերջնականապես հստակեցնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափը, բայց ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Ստեփան Դեմիրճյանը կարծես թե սկսել է կողմնորոշվել. նրա ղեկավարած կուսակցությունը կհամագործակցի ՀԱԿ-ի հետ, ավելին` ՀԱԿ-ի ցուցակում Դեմիրճյանը լինելու է երկրորդ համարը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին, որն էլ ասաց. «Մենք միշտ էլ համագործակցել ենք ու հիմա էլ համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ: Հետագայում էլ, կարծում եմ, կհամագործակցենք: Այսօրվա դրությամբ միասին համագործակցում ենք, որոշումը կլինի վերջնական, կիմանաք»:

 

 

ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Արարատի մարզի գյուղապետերը հերթով լքում են ՀՀԿ-ն. այս օրերին նրանք կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացնում: Գյուղապետերի այս քայլն ուշագրավ է այն առումով, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն մի շարք համայնքներում, ըստ էության, զրկվում է կարեւոր լծակներից: Սա այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում հենց այդ լծակների շնորհիվ նրանք «հաղթել են» այդ համայնքներում: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին. «Երեք գյուղապետերի մասին պարոն Թադեւոսյանի հարցազրույցը կարդացի եւ զրուցեցի, դեռեւս որեւէ դիմում չեն ներկայացրել: Եթե անգամ այդպես էլ լինի, մեր կուսակցությունը մշտապես առաջնորդվել է ամենակարեւորը՝ ժողովրդավարության սկզբունքով: Յուրաքանչյուր քաղաքացի, գյուղապետ ինքն է որոշում, թե որտեղ է գտնվում եւ ինչով է զբաղվում: Կգա ժամանակը, մենք կտեսնենք, թե որ քաղաքական ուժն ինչքան քվե ունի ժողովրդի մոտ: Գյուղապետերը դիմում կներկայացնեն, կուսակցությունից դուրս կգան կամ որեւէ հայտարարություն կանեն, նորից եմ նշում՝ այս պահի դրությամբ ես նման փաստի ականատեսը չեմ եղել»:

 

 

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի ընտանիքին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում այս օրերին նախընտրական մթնոլորտ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը, որը մտադիր է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել, իր աշխատակիցներին «պարտադրում է» հավաքագրել ոչ միայն իրենց, այլեւ հարազատների, ծանոթների, ազգականների 20 հոգանոց ցուցակ՝ հագեցած անձնագրային տվյալներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արման Բաբլոյանն անձնագրային տվյալների հավաքելը մեկնաբանեց այլկերպ. «ՀՀ առողջապահության նախարարությունը «Ինտեգրված առողջապահական համակարգ» ծրագիրն է տեղադրում, որը ID քարտերի պարտադիր պահանջ ունի: Քանի որ մեր աշխատողները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պետք է ID քարտեր ունենան: Այդ քարտերի տվյալների համար է ընդամենը թարմացվել բազան: Թե չէ այլ խնդիր չկա: Ոչ ոք ոչ ոքի ոչ մի բանում չի պարտադրել»:




Լրահոս