ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորների: Նրանք մեղադրվում են կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու մեջ: Այս գործով նախաքննությունը դեռեւս ԱԱԾ-ում շարունակվում է:

Նշենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերի ռեկտորներն են նման քայլի գնացել, արդյուքում մի շարք բուհերի ռեկտորների մոտ ԱԱԾ-ի հաղորդագրությունը դժգոհության առիթ էր տվել, թե ինչու նախաքննությունը իրականացնող մարմինը հստակ չի ներկայացնում, թե կոնկրետ որ ոչ պետական բուհերն են: Ըստ նրանց՝ այս կերպ մյուս ոչ պետական բուհերի գործունեությունն են վտանգում:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորներին՝ կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու առիթով: Ի՞նչ է անում նախարարությունը՝ խնդիրը լուծելու համար:
-Քրեական գործը հարուցված է, ընթացքը գնում է, տարիներ առաջվա խնդիր է, պետք է փորձենք հասկանալ: Քննության արդյունքներից հետո, բնականաբար, մենք կկատարենք համապատասխան քայլեր:
-Այս բացահայտումից հետո ոչ պետական բուհերի մի շարք ռեկտորներ հայտարարություն էին տարածել, որ դիմել են իրավապահներին՝ պահանջելով, որ հայտնեն այն բուհերի անունները, որոնք նման քայլի են գնացել, քանի որ թերի հաղորդագրությունը վնասում է իրենց գործունեությանը:
-Երեւի քննական ընթացքի մեջ է, դա է պատճառը, որ անունները չեն հրապարակել:
-Ինչո՞ւ Դուք՝ որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարար, չեք դիմում ԱԱԾ-ին՝ պահանջելով, որ պաշտոնապես հայտարարեն, թե որ բուհերն են եղել: Վախենո՞ւմ եք, թե՞ այլ խնդիր կա:
-Գիտեք, երբ քրեական գործ է հարուցվում եւ քրեական գործին ընթացք է տրվում, մենք ստանալու պարագայից կարող ենք համապատասխան քայլ կատարել:
-Փաստ է, որ ռեկտորները նման քայլի են գնացել: Անգամ, եթե տարիներ առաջվա խնդիր է եղել, ի՞նչ է անում այսօր նախարարությունն այս ուղղությամբ:
-Մենք ունենք հավատարմագրման գործընթաց, ունենք բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր օրենք, բավականին քննարկելիք հարցեր ունենք: Որակի հարցը ոչ պետական հաստատություններում նույնքան կարեւոր է, որքան պետական հաստատություններում: Այսինքն՝ եթե կան քրեական բնույթի խնդիրներ, դա բոլորովին այլ հարց է, եթե կան ընդհանուր որակի, թվաքանակի մտահոգություններ, դրանով մենք զբաղվում ենք: Նայեք՝ կեղծ դիպլոմների փաստեր, կեղծ ատեստատների հարցեր, մշտապես իմ գործունեության ընթացքում հանդիպել ենք, որը քրեորեն պատժելի է, եւ, իսկապես, այստեղ որեւէ զիջողականության եւ այլնի մասին խոսակցություն չի կարող լինել: Որքան ես հասկանում եմ՝ այս վերջին դեպքը կապված է այն բանի հետ, որ արտասահմանյան որոշ քաղաքացիներ ստացել են վկայականներ:
-«Կասկածյալ» բուհերի ռեկտորները լռում են իրենց առաջադրված մեղադրանքների մասով: Դուք խոսե՞լ եք իրենց հետ, ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը:
-Քանի որ պաշտոնական դեռ որեւէ խնդիր չկա իմ առաջ դրված՝ ի տարբերություն ռեկտորների, իրավասու չեմ որեւէ արտահայտություն կամ խոսք ասել:
-Ոչ պետական բուհերը ավելի շատ բացվեցին Ձեր նախորդ նախարարության օրոք: Հետագայում ոչ պետական բուհերը փակելը դժվար գործընթաց դարձավ:
-1998 թվականին, երբ ես առաջին անգամ նախարար էի, հանրակրթության մասին օրենքում մի հատված գրեցինք, որ պետական պետք է լինեն միայն բժշկական եւ պաշտպանության բնագավառի բուհերը, հետագայում ես չէի, եւ ընդունվեց մի ձեւակերպում, որ բժշկական բուհերը եւս պետք է ունենան ոչ պետական: Երբ ես առաջին անգամ նախարար էի, արդեն 200 բուհ գրանցված էր: Ցանկացած բուհի փակելու խնդիրը պետք է ուշադիր նայենք, այստեղ ամենակարեւորը երեւի լիցենզիոն պայմանների առկայությունն է, լուրջ պետք է նայենք լիցենզիոն պայմանը, հետո որակը, որից հետո հավատարմագրումը:
Եթե ուշադիր նայենք մինչեւ 2018 թվականը, պետք է Հայաստանի բոլոր բուհերը հավատարմագրված լինեն մեր հավատարմագրման ծառայության կողմից: Ուրեմն սա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք ոչ պետական բուհերի խոշորացման գործընթացին, պետք է ոչ թե գնանք ավտոմատ ուսանողներին փողոց նետելու կամ եղած արդյունքը ջարդելու, այլ պետք է վիճակ ստեղծենք, որ այս բուհերը խոշորանան եւ լինեն որակյալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԲԱՐԵՎ ՁԵԶ, ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ

ՀՀԿ Արարատի մարզային խորհրդի նախագահ է դառնալու Արարատի նախկին մարզպետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը հիմա Սերժ Սարգսյանի խորհրդականն է:

Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Ա. Սարգսյանը պետական համակարգում հայտնվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ, բայց տեւական ժամանակ է` նրանց հարաբերությունները, մեղմ ասած, վատ են: Հատկանշական է այն փաստը, որ Ալիկ Սարգսյանը կուսակցական առաջխաղացում է ապրում այն բանից հետո, երբ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահի պաշտոնից ու, ընդհանրապես, ՀՀԿ-ից դուրս եկավ Հ. Աբրահամյանի զարմուհին` Կարինե Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ բլից զրույց ունեցավ Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, լուրեր կան այն մասին, որ Դուք եք լինելու ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի նոր ղեկավարը:
-Ուղղակի խոսակցություններ են, երեւի վաղը կնշանակվի:
-Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում ղեկավարել նշյալ կառուցը: Ի՞նչ սկզբունքով:
-Ես այդ կառույցը մի հինգ-վեց տարի ղեկավարել եմ, նույն մարզի հանրապետական խորհուրդը: Այնպես որ, դա ինձ համար անհասկանալի չի, նոր գործ չի: Ես կուսակցական աշխատանքով զբաղվել եմ, ինքս էլ արդեն չգիտեմ՝ քանի տարի է՝ հանրապետական կուսակցության անդամ եմ: Մնացած ուրիշ, որեւիցե նկատառում, նորմալ կուսակցական աշխատանք պետք է կատարեմ:
-Իսկ մարդ մնացե՞լ է այդ կառույցում, որ ղեկավարեք:
-Իհարկե, կան մարդիկ, ովքեր դուրս են եկել, բայց դա չի նշանակում, որ կառույցը լուծարվել է: Կառույցը տեղում է: Կուսակցություներում լինում են, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ դուրս են գալիս:
-Պարո՛ն Սարգսյան, Հովիկ Աբրահամյանի հետ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:
-Ներկա ժամանակներում համապատասխան ո՛չ լավ, ո՛չ վատ: Բարեւ Ձեզ, Ցտեսություն Ձեզ: Այդքան բան:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՊԱՀԱՆՋ
2016թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ. պատգամավորը հայհոյել էր լրագրողին, հարվածել նրան: Միջադեպից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Շուտով կլրանա տեղի ունեցած միջադեպի մասով քննության երկու ամիսը, սական «հատուկ քննիչները» դեռ պատգամավորին մեղադրանք չեն առաջադրել ու, առհասարակ, կատարված միջադեպին համապատասխան գնահատական չեն տվել:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ լրագրողը միջնորդություն է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ըստ էության, ներկայացրել է բոլոր հիմքերը պատգամավորին մեղադրանք առաջադրելու մասին: Իսկ կբավարարի՞ ՀՔԾ-ն լրագրողի միջնորդությունը, թե՞ ոչ, առաջիկայում կերեւա:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՒՐԱԼ»-Ի ՎԹԱՐԸ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել գետը: ArmLur.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես է զինծառայողների վիճակը: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողների վիճակը նորմալ է, հոսպիտալացվածներ չկան: Հարցին՝ ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ վթարի, ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարվում: Հուսանք, որ ուսումնասիրությունները օբյեկտիվ կընթանան, եւ հայտնի կդառնա, թե ինչի արդյունքում է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան հայտնվել գետում:
Նկատենք՝ առաջին դեպքը չէ, որ ՀՀ ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան նման իրավիճակներում է հայտնվում: 2016 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շուրջ 200 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում գտնվել էին 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Մաթեւոսյանը տեղում մահացել էր: Դեպքից հետո բացահայտվեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնյաները մեքենան անսարք վիճակում էին թողել, ինչն էլ նման դեպքի պատճառ էր դարձել: Այդ առիթով ՊՆ 4 պաշտոնյաների մեղադրանք էր առաջադրվել:

 

 

3 ՏԱՐՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3-ական տարվա ազատազրկման է դատապարտել Խորենացի փողոցում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանին, Գագիկ Միքայելյանին եւ Սոսո Մարգարյանին։




Լրահոս