Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում վերջին շաբաթներին լարվածությունը հասել է նոր մակարդակի։ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին հնարավորինս արագ անցկացնել հանրաքվե, որպեսզի հստակեցվի՝ երկիրը ցանկանում է շարունակել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, թե ընտրում է Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի համար անհնար է միաժամանակ լիարժեք օգտվել ԵԱՏՄ-ի առավելություններից և ինտեգրվել Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը որոշի շարժվել դեպի ԵՄ, ապա կդադարեն գործել մի շարք տնտեսական արտոնություններ, որոնցից ՀՀ-ն օգտվում է ներկայումս ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ։
Պուտինը թվերով ներկայացրեց այն առավելությունները, որոնք, ըստ նրա, Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Նա նշեց, որ ներկայում Հայաստանը ռուսական բնական գազը ձեռք է բերում շուրջ 150 եվրո 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ եվրոպական շուկայում նույն ծավալի գազի գինը մոտենում է 600 եվրոյին։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, ապա նման արտոնյալ պայմանները չեն պահպանվի։
Պուտինը նաև զգուշացրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ազատ առևտրի ռեժիմը միության երկրների հետ, կվերականգնվեն մաքսային սահմանափակումներն ու մաքսատուրքերը, կդադարեցվի տեխնիկական և ֆիտոսանիտարական նորմերի փոխադարձ ճանաչումը, կփոխվեն բեռնափոխադրումների գործող կանոնները։ Նրա խոսքով՝ հայկական բեռնափոխադրողները կրկին ստիպված կլինեն թույլտվություններ ստանալ Ռուսաստանում աշխատելու համար, իսկ երկաթուղային փոխադրումների սակագները կբարձրանան՝ ներքին ռուսական սակագներից անցնելով ԱՊՀ երկրների համար կիրառվող ավելի բարձր սակագների։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ փորձագիտական հաշվարկներով նման սցենարը կարող է Հայաստանի տնտեսությանը հասցնել զգալի հարված և հանգեցնել առնվազն 14 տոկոս ՀՆԱ-ի կորստի։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է, որպեսզի որոշումը կայացնի հենց հայ ժողովուրդը, այդ պատճառով էլ աջակցում է հանրաքվեի անցկացման գաղափարին։Սակայն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։
Մոսկվայի դժգոհությունն արտահայտվեց նաև դիվանագիտական հարթությունում։ Ռուսաստանը խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչեց Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ այդ քայլը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների այն գործողություններով, որոնք, ըստ ռուսական կողմի, վնասում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը։ Դիվանագիտական պրակտիկայում դեսպանի հետկանչը խորհրդակցությունների նպատակով համարվում է հարաբերություններում լուրջ խնդիրների առկայության ազդակ։
Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել աշխատանքը միության շրջանակներում և հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին։ Նրա խոսքով՝ Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։
Գազը ևս դարձել է հայ-ռուսական քննարկումների առանցքային հարցերից մեկը։ Ավելի վաղ ռուսական կողմը ակնարկել էր, որ կարող են վերանայվել Հայաստանի համար գործող էներգետիկ արտոնությունները։ Սակայն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումների հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ստացել է ռուս գործընկերների նամակը, սակայն դրա բովանդակությունը մամուլում ներկայացվել է ավելի կոշտ, քան իրականում եղել է։
Մինչ Ռուսաստանը պահանջում է հստակ քաղաքական ընտրություն՝ ԵԱՏՄ կամ Եվրամիություն, Հայաստանը շարունակում է պնդել, որ փորձում է համատեղել եվրասիական և եվրոպական ուղղությունները՝ առանց կտրուկ քայլերի։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվայում նման մոտեցումը գնալով ավելի քիչ ընդունելի է համարվում։ Այդ պատճառով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բազմաթիվ փորձագետներ դիտարկում են ոչ միայն որպես ներքաղաքական պայքար, այլև որպես Հայաստանի արտաքին քաղաքական ապագայի շուրջ հասարակական տրամադրությունների կարևոր ցուցիչ։ Ըստ ռուսական կողմի՝ ընտրություններից հետո Երևանը ստիպված կլինի ավելի հստակ պատասխան տալ այն հարցին, թե որ ուղղությամբ է պատկերացնում երկրի երկարաժամկետ զարգացումը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
Նկարը գեներացվել է արհեստական բանականության կողմից

























































































