Հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե իշխանության համար իրական պայքար, այլ քաղաքական մասնակցության հերթական օլիմպիական սկզբունք՝ «կարևորը մասնակցելն է» տրամաբանությամբ։ Թեկնածուների և ուժերի ցանկում կան դեմքեր, որոնց մասնակցությունն ինքնին դարձել է ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկը, քանի որ նույնիսկ իրենք դժվար թե հավատան սեփական հաղթանակին։
Անլրջության ամենավառ օրինակներից մեկը նախկին պաշտպանության նախարար, ապա Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է, որը «Ռեֆորմիստներ» կուսակցությամբ մասնակցում է ընտրություններին։ Մինչ օրս այդպես էլ պարզ չէ՝ նա իշխանությա՞ն կողմն է, ընդդիմությա՞ն, թե՞ փորձում է պահպանել քաղաքական չեզոքության հազվագյուտ ռեկորդը։ Մի քանի ամիս պաշտպանության նախարար աշխատած Հարությունյանը պաշտոնանկ արվեց առանց հանրային բացատրության, իսկ ավելի ուշ նույնքան անսպասելի հետ կանչվեց նաև Մոսկվայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այդ որոշումների պատճառները հասարակությանը երբեք չներկայացվեցին։ Ավելին՝ իշխանության ներսում էլ նրան առանձնապես չեն ընդունել քաղաքական դերակատարի կարգավիճակով։ Այդուհանդերձ, նա մտել է ընտրապայքարի մեջ՝ լավ գիտակցելով, որ ընտրական հաջողության շանսերը չափազանց սահմանափակ են։
Մյուս ուշագրավ կերպարը ևս նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է։ Վերջինիս պաշտոնանկությունն իրականացվեց բավական կոշտ և հրապարակային ձևով, որից հետո նա հեռացավ Ռուսաստան և այնտեղից սկսեց քաղաքական հայտարարություններ անել Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ պետք է ասվեր Երևանում, ասվում է Մոսկվայից։ Կարապետյանը երկար ժամանակ փորձում էր տարբեր քաղաքական ձևաչափերով վերադառնալ քաղաքական դաշտ, տարբեր ուժերի հետ համագործակցության տարբերակներ էր դիտարկում, սակայն ի վերջո հանգրվանեց Վարդան Ղուկասյանի՝ ԴՕԿ կուսակցության կողքին՝ ոչ սեփակն դեմքով, պարզապես աջակից:
Սակայն այստեղ ևս խնդիրներն ակնհայտ են։ Վարդան Ղուկասյանը Հայաստանում չէ, չի կարող անձամբ մասնակցել ընտրական գործընթացներին, չի կարող գլխավորել ցուցակը, իսկ հեռավար քաղաքական պայքարը դժվար թե վերածվի իրական ընտրական արդյունքի։ Քաղաքական դաշտում գրեթե չկա գնահատական, ըստ որի ԴՕԿ-ը կարող է լուրջ հաջողության հասնել այս ընտրություններում։ Այդ պատճառով Կարապետյանի ներկայությունն ավելի շատ հիշեցնում է քաղաքական հենարան փնտրելու վերջին փորձ, քան հաշվարկված ռազմավարություն։ Եթե Վարդան Ղուկսյանը ղեկավարեր ցուցակը, այլ պատկեր գուցե լիներ, բայց հետապնդումների պատճառով Հայաստանից փախած Ղուկասյանին, բնականաբար, չգրանցեցին որպես թեկնածու: Նա պայքարում է հեռվից, անազատության մեջ, որը էֆֆեկտիվ չէ:
Եթե խոսենք ամենաէկզոտիկ և պայտառակ մասնակցությունների մասին, ապա առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Քոչարի ազգային վերածնունդ եվ ազգի զարթոնք կուսակցություն»ը և Քենիայից Հայաստան վերադարձած Արտակ Սարգսյանի պատմությունը։ Սարգսյան եղբայրները մեծ խոստումներով և մեծ ծրագրերի հայտարարություններով փորձեցին ներկայանալ որպես նոր քաղաքական երևույթ։ Քենիայի նախկին փոխոստիկանապետ ներկայացած Արտակ Սարգսյանն իր շուրջ ձևավորվող թիմին ներկայանում էր մեծ հեռանկարներով, ներդրումների, ծրագրերի և քաղաքական վերափոխումների խոստումներով, ՄԵԾ ՓՈՂԵՐՈՎ։ Սակայն ժամանակի ընթացքում հենց նրա շրջապատում գտնվող մարդիկ սկսեցին բարձրաձայնել, որ խոստումների և իրական հնարավորությունների միջև հսկայական տարբերություն կա, նա խաբել է բոլորին, խոստացված գումարները, որ պետք է ներդրվեին, չկան, անգամ ՀՀ-ում հաշվեհամար բացելու խնդիրներ ուներ։ Ընտրական գործընթացի ընթացքում էլ ակնհայտ դարձավ, որ հայտարարված ռեսուրսներն իրականում չկան փուչիկ էր: Քաղաքական դաշտում նույնիսկ խոսում են, որ Սարգսյանը փաստացի որևէ լուրջ ֆինանսական ռեսուրսների չի էլ տիրապոտում, ներդրում չի անում սեփական ընտրարշավում՝ սահմանափակվելով միայն խոստումներով։ Արդյունքում թիմը չձևավորված, պառակտվեց:
Սրանք այն քաղաքական գործիչներն են, որոնք գալիս են դրսից, որոշ ժամանակ ակտիվանում են, մեծ ծրագրեր ներկայացնում, հետո նույն արագությամբ անհետանում։ Մի տեսակ քաղաքական գաստրոլյորների տպավորություն են թողնում՝ ժամանակավորապես հայտնվելով հայաստանյան քաղաքական բեմում։
Բայց անլուրջ մասնակցությունները միայն արտերկրից եկածներով չեն սահմանափակվում։ Տեղական քաղաքական դաշտն էլ ունի իր մշտական «մասնակիցներին»։
Օրինակ՝ Լևոն Շիրինյանը, որը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությամբ հերթական անգամ մասնակցում է ընտրություններին՝ շատ լավ հասկանալով, որ հաղթանակի կամ նույնիսկ լուրջ արդյունքի հասնելու հավանականությունը գրեթե բացակայում է։ Նրա մասնակցությունը վաղուց արդեն ընկալվում է որպես քաղաքական ներկայության պահպանման միջոց, ոչ թե իշխանություն ստանձնելու իրական հայտ։
Նույն շարքում է նաև Սուրեն Պետրոսյանը, որը «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությամբ փորձում է ներկայանալ որպես քաղաքական այլընտրանք։ Սակայն քաղաքական դաշտում քչերն են հավատում, որ այդ ուժը կարող է հաղթահարել մրցակցային պայքարի հիմնական խոչընդոտները և դառնալ որոշիչ դերակատար։ Չնայած դրան՝ մասնակցությունն ապահովված է։
Այս ամենի արդյունքում ընտրական գործընթացում ձևավորվում է մի պատկեր, որտեղ իրական մրցակցության կողքին գոյություն ունեն նաև թեկնածուների ու ուժերի մի զգալի խումբ, որոնք ավելի շատ զբաղեցնում են ցուցակների տողերը, քան պայքարում իշխանության համար։ Նրանք ավելացնում են քանակը, բայց ոչ քաղաքական որակը, որը կարձանագրվի հստակ թվերով հունիսի 7-ի երեկոյան՝ քվեատուփերը բացելուց հետո:
Շարունակելի…
Սոնա Գրիգորյան, Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































