ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունների առաջադրումները. մինչեւ 2017 թվականի փետրվարի 16-ը ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: ԱԺ այս ընտրությունները, առանց չափազանցելու, կարելի է համարել համապետական ամենակարեւոր միջոցառումը: Քանի որ խորհրդարանական այս ընտրությունների արդյունքում է ձեւավորվելու Հայաստանի առաջիկա հինգ տարիների իշխանությունը. նոր Սահմանադրությամբ անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ այլեւս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ, եւ քաղաքացիներն ընտրելու են պատգամավորներ ՀՀ 13 ընտրատարածքներից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտեց, որ երեկվա դրությամբ որեւէ առաջադրում դեռ չի եղել: Սակայն ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերը մեծ հաշվով հայտնի են` իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվելք դաշինքը /որի անունը դեռ հայտնի չէ/, «Ելք» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

 

 

 

Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաեւ Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը: ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում:

 

 

 
Իշխող ՀՀԿ-ի ավանդույթներից է` իրենցից հեռացողի եւ իրենց դեմ պայքարողի դեմ միանգամից գործի են դնում վարչական բոլոր լծակները: Հիշո՞ւմ եք` 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում ինչպես վարվեց իշխանությունը գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, հետո 2014-15թթ. իշխանությունները փորձեցին ստուգումների շարք սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, երբ նա իշխանափոխության էր դուրս եկել: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` արդյո՞ք ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ եւս, հնարավոր է, նման գործընթաց սկսվի: «Ես ասել եմ, որ մենք երբեք անձերի դեմ պայքարելու խնդիր չունենք, ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Սեյրան Օհանյանի, ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Ձեր, ո՛չ իմ, ո՛չ մյուսի, նման խնդիր չկա, ՀՀԿ-ն որեւէ մեկի դեմ չի պայքարում, ՀՀԿ պայքարը հանուն է, հանուն Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական առաջընթացի եւ ազգային համերաշխության»,- ասաց նա:

 

 

 
Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը: Ասվածի ապացույցը երեք տարի շարունակ ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է: 2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ: Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ` նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս: Մեկ էական հանգամանք եւս. բյուջեի հարկային եկամուտները հավաքագրվել են գերավճարների շնորհիվ. այդպես կանխավճարներով բուջե մուտք է եղել 138.2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ տեղի ունեցածը Հայաստանի տնտեսության վատ վիճակի հետեւանք համարեցին: Ի վերջո, մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, որտեղ հատկապես մանր ու միջին բիզնեսը գնալով փակվում է, բնական է, որ կնվազեն նաեւ հարկերը:

 

 

 
ՊԱՌԱԿՏԻՉ
Նախընտրական այս փուլում քաղաքական դաշտում տեղի ունեցող վայրիվերումներն իրականում լավագույնս տալիս են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի՝ անցած հինգ տարիների գործունեության գնահատականը: Մասնավորապես՝ իշխանական համակարգում մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, ապա դեպի ընդդիմադիր դաշտ կտրուկ շրջադարձ կատարած գործիչների հայտարարություններն ախտորոշում են ոչ միայն հենց իրենց, այլեւ իշխող համակարգում տարիներ ի վեր արմատացած գաղջությունը՝ իր ապագաղափարական, ապաքաղաքական եւ անբարոյական ողջ համապատկերով: Ի վերջո, այսօր այլեւս ակնհայտ է, որ «թիվ մեկ դերակատար» Հանրապետական կուսակցությունը պառակտված է, որքան էլ որ առայժմ այդ պառակտման խորությունը փորձ է արվում քողարկել:
Նույնը ընդդիմադիր դաշտի դեպքում է: Տիտղոսավոր ընդդիմության անվիճարկելի դափնիներով 2012թ-ին Ազգային ժողով մուտք գործած «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը կարճ ժամանակ անց լուծարվեց, ապա փորձեց նույնանուն կուսակցության կարգավիճակով «հրաշալի քառյակի» ֆորմատով հասնել իշխանափոխութան, այսօր եւս կրում է պառակտման կնիքը: Դեռեւս անցած նոյեմբերին ողջ ընդդիմադիր դաշտին իր շուրջը համախմբվելու եւ միասնական դաշինքով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու կոչով հանդես եկած ՀԱԿ-ն այսօր մնացել է միայնակ: Չհաշված Ստեփան Դեմիրճյանին, որն էլ, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, այլ դաշինքների հետ անհաջող բանակցություններից հետո միայն հետ վերադարձավ ՀԱԿ-ի գիրկը, որտեղ նրա համար բաղձալի 2-րդ տեղը ցուցակում ապահովված էր:
Երեկ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընդամենը մեկ ուժ արձագանքեց ՀԱԿ-ի հետ դաշինքով հանդես գալու կոչին, Զուրաբյանն «Ազատությանն» ասել է. «Կարծում եմ՝ այդ հարցադրումները ադքան էլ արդարացված չեն: Նախ՝ մենք ի սկզբանե ասացինք, որ մեզ համար միավորումը այլ քաղաքական ուժերի հետ արհեստական չպիտի լինի եւ առաջնային չի: Մեզ համար ավելի կարեւոր էր ծրագրային ասելիքի կարեւորությունը, այսինքն՝ ինչ ենք մենք ասելու ժողովրդին»: Զուրաբյանը, իհարկե, իրավացի է: Իրոք, կարեւոր է ժողովրդին ասել, բացատրել, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ 18 քաղաքական ուժերից բաղկացած ընդդիմադիր ՀԱԿ դաշինքը հայտնվեց այնպիսի վիճակում, որ այսօր ՀԱԿ կուսակցության ասելիքը կիսող այլ ուժեր չկան:




Լրահոս