ՀՀԿ-Ն ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ ԱՅԼ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող ակտիվ վերադասավորումների արդյունքում բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ փոխում են իրենց ճամբարները: Մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ զբաղեցնողներն ու տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործողությունները գովերգողները մեկեն դառնում են ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր դաշտի որոշ խաղացողներ էլ, իրենց համար նոր հնարավորություններ տեսնելով, համալրում են իշխանական ուժի գովերգակների շարքը:

Ինչպե՞ս են հանրապետականները վերաբերվում ճամբարափոխ եղած քաղաքական գործիչներին. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումների արդյունքում շատ քաղաքական գործիչներ ճամբարափոխ են լինում եւ հայտնվում ՀՀԿ-ում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գործիչներին:
-Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ազատ՝ իր կամարտահայտությամբ որոշելու ընտրություններում իր քաղաքական վարքագիծը: Այստեղ վերաբերմունքի խնդիր չեմ տեսնում: Աշխարհում շատ կան օրինակներ, որ տարբեր մարդիկ տարբեր կուսակցություններ են փոխում: Լավ է, թե վատ, կարծում եմ՝ դա հանրապետականում ամենաքիչն է, քաղաքական դաշտում, որ նայեք, կտեսնեք: Եթե այդ ամենի տակ քաղաքական դրդապատճառ, քաղաքական հիմնավորում կա, նորմալ է, եթե այդ ամենի տակ ընդամենը կա անձնական շահ, բնականաբար՝ ոչ:
-Իսկ ինչպե՞ս եք հասկանում, որ տվյալ քաղաքական գործիչն ունի քաղաքական դրդապատճառ, այլ ոչ թե տեղափոխվում է Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ինչպես Դուք ասացիք՝ անձնական շահի համար:
-Տվյալ մարդու քաղաքական հայտարարությունից, սկզբունքային դիրքորոշումից: Հիմա նայեք ընդդիմադիր դաշտին, տեսեք՝ ինչ աջաբ-սանդալ է ստեղծվել: Կան մարդիկ, ովքեր նախկին պաշտոնյա էին, հենց պաշտոնում էին, ամեն ինչ նորմալ էր, հենց պաշտոնից դուրս եկան, մի օրում դարձան թունդ ընդդիմադիր:
-Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատի՞ ունեք:
-Խոսքը երեւույթի մասին է, ինչու՞ Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի:
-Վերջին շրջանում իշխանություններից հեռացած առանցքային դեմքերը հենց Հովիկ Աբրահամյանը եւ Սեյրան Օհանյանն են: Առաջինի դեպքում դեռեւս հստակություն չկա, իսկ երկրորդի պարագայում արդեն պարզ է՝ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս:
-Ո՛չ, բազում օրինակներ կան, դա նոր չէ, որ եղել է: Հայաստանի 25-ամյա պատմության մեջ հարյուրավոր են նման օրինակները: Իհարկե, դաշինքներ էլ պետք է լինեն, հաճելի է, որ լինեն, բայց անհրաժեշտ է, որ լինեն գաղափարական: Իսկ մեզ մոտ, էլի եմ ասում, աջաբ-սանդալ է, այսինքն՝ սոցիալիստը լիբերալի հետ է, պահպանողականը… չգիտեմ, արեւմտյան արժեքներին դավանողը ՀԱՊԿ գնացողի հետ է եւ հակառակը, այսինքն՝ ժողովրդի համար է շատ դժվար լինելու: Առհասարակ, իդեալական վիճակ կլիներ մեր ընտրողի ու մեր պետության համար, եթե լինեին հարցեր, կռվաններ, օրինակ՝ ղարաբաղյան հարց, անվտանգության հարց, սոցիալական հարց, կրթական բարեփոխումներ, արտագաղթ, այդ հարցերով յուրաքանչյուրն ունենար կոնցեպտ, հայեցակարգ, ոչ թե, ասենք, արտագաղթը վատ է…
-Այսինքն՝ գաղափարակի՞ց լինեին:
-Ո՛չ, լուծումները տային, բայց երբ նույն մի դաշինքում ընդամենը շարժիչ ուժը հիանալի, չակերտավոր, հիասքանչ մանդատն է դրված, այլ ոչ գործողությունները, գաղափարները… ես ճանաչում եմ խորհրդարանում մարդկանց` ընդդիմադիր դաշտից, ովքեր որ չգնացին այս կամ այն դաշինք, որովհետեւ գաղափարական տարաձայնություններ ունեին: Նրանց հանդեպ շատ խորը հարգանք ունեմ: Այսինքն՝ եթե կուսակցությունների, դաշինքների հիմքն ընդամենը պառլամենտ ներթափանցել է, նրանք չեն կարող ունենալ երկար հաջողություն, որովհետեւ դրա համար պետք է լինի հիմք: Բայց մյուս կողմից էլ անխուսափելի է մեր երկրում քաղաքական դաշտի խոշորացումը, սակայն դա պետք է լինի գաղափարական ֆոնի վրա: Սա, ինձ թվում է, մի էվոլուցիա է, որը մենք պետք է ապրենք:
-Վերադառնալով ՀՀԿ-ից հեռացածների թեմային՝ արդյո՞ք իշխանություններն այս անգամ էլ գրոհելու են Հովիկ Աբրահամյանի դեմ, մասնավորապես հանկարծակի հարկային ստուգումներ են սկսելու նրան եւ նրա հարազատներին պատկանող ընկերություններում, ինչպես, օրինակ, Գագիկ Ծառուկյանի պարագայում եղավ:
-Ես ասել եմ, որ մենք երբեք անձերի դեմ պայքարելու խնդիր չունենք, ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Սեյրան Օհանյանի, ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Ձեր, ո՛չ իմ, ո՛չ մյուսի…նման խնդիր չկա: Հանրապետականը որեւէ մեկի դեմ չի պայքարում, հանրապետականի պայքարը հանուն է, հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման, տնտեսական առաջընթացի եւ ազգային համերաշխության: Սա է մեր թեզն ընտրությունների ժամանակ:
-Պարո՛ն Շարմազանով, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անընդհատ շեշտում է, որ բաց եւ թափանցիկ է համագործակցության համար, բայց արդյունքում մշտապես նույն կուսակցությունների հետ եք իշխանական կոալիցիաներ կազմում: Ինչո՞ւ:
-Հանրապետականը այդպիսի խնդիր չունի արհեստական արբանյակ կուսակցություններ ստեղծել եւ թույլ տալ որոշ քաղաքական դերակատարների նման, որ իրենց միացվեն հարյուր կամ երկու հարյուր հկ-ներ կամ հիսուն կուսակցություն: Առհասարակ, նման արհեստական գործընթացին դեմ ենք: Հանրապետականն այսօր Հայաստանում քաղաքական թիվ մեկ դերակատարն է: Եւ հանրապետականը դեռեւս քննարկում է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակը: Գործընթացն ավարտական փուլում է, մինչեւ ամսի 15-ը ամեն ինչ պարզ կլինի:

 

 

 
ԵԹԵ ՍԱՆԱՄՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԻ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Կոտայքի մարզի ընտրատարածքում: Նշենք, որ Սանամյանը Հայաստան բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փեսան է:

Դեռեւս 2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սանամյանը մի խումբ մարդկանց հետ շրջում էր Հրազդանում եւ սատարում քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանին: Ավելին՝ հիշեցնենք, որ անցած ապրիլի 17-ին լրագրողներն ահազանգ էին ստացել այն մասին, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է ներդրել ՀՀԿ շտաբում, որպեսզի այն որպես ընտրակաշառք 10-50 հազարական դրամներով բաժանվի հրազդանցիներին: Ու այդպես՝ կրկնակի մաքսային հսկողություն իրականացնող վարչության պետը հսկայական գումարներ ներդնելով՝ հաղթանակ պարգեւեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին: Հիմա, փաստորեն, եկել է փոխհատուցման ժամանակը: Դանիելյանն ամեն բան պետք է անի՝ պարտքի տակ չմնալու համար: Բայց ընտրակեղծարարությամբ հայտնի պաշտոնյայի մութ գործերն այս պահին թողնենք մի կողմ ու կենտրոնանանք նրա առաջադրման հնարավորության վրա: Այսպիսով՝ նոր ԸՕ-ի 82-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովների անդամները»: Օրենքը պարզ եւ հասկանալի հայերենով արգելում է Սանամյանի նման պաշտոնյաների առաջադրումը: Իսկ եթե Սանամյանը, այնուամենայնիվ, որոշել է առաջադրվել եւ Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովել, ուրեմն նա պարտավոր է հրաժարական տալ իր բարձր եւ եկամտաբեր պաշտոնից:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

 
ԳՈՐԾԱՐԱՐ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի հայտարարագրած ունեցվածքն այս տարիներին ուշագրավ փոփոխությունների է ենթարկվել: Չնայած մեր երկրում աղքատությունն ահասարսուռ չափերի է հասնում, հարուստները շարունակում են հարստանալ:
Երբեմնի գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարի, իսկ հիմա կրկին Արարատի մարզպետի դրամական միջոցները կազմել են 776 հազար դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 977 մլն 326 հազար 130 դրամ: Գրիգորյանը որպես եկամուտ հայտարարագրել է իրեն պատկանող երկու ընկերություններից ստացած 16 մլն 705 հազար դրամի չափով շահաբաժինը: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը, հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, կազմել է 6 մլն 250 հազար դրամ: Հատկանշական է, որ Արամայիս Գրիգորյանը այս անգամ պաշտոնը ստանձնելիս չի հայտարարագրել ունեցած շարժական եւ անշարժ գույք: Մինչդեռ 2014 թվականին, երբ դարձել էր նախարար, հայտարարագիր էր ներկայացրել, նշել, որ ունի 2 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, բազմաբնակարան բնակելի մեկ շենք, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկական հողամաս եւ մեկական բազմամյա տնկի: Նաեւ հայտարարագրել է երեք «Lexus LS 600 HL», «Vaz 2121», «Mitsubishi Pajero IO 2.0» մարդատար եւ «Zil MMZ-45021» բեռնատար ավտոմեքենաներ: Ա. Գրիգորյանը այդ ժամանակ հայտարարագրել է, որ երեք ընկերություններից յուրաքանչյուրում ունի 25 հազար դրամ բաժնեմաս: Նշենք, որ մարզպետի կնոջ՝ Ալիսա Գրիգորյանի դրամական միջոցները 2015 թվականին կազմել են 365 մլն 693 հազար դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է «այլ եկամուտ», որն էլ կազմել է 38 մլն 454 հազար դրամ: Ի դեպ, երեկ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին մի քանի մեքենաներ բախվել էին իրար: Վթարվածների թվում էր եղել նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին ոչինչ չէր պատահել:

 

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱԴՐԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո թաղապետարանում կադրային փոփոխություններ են եղել: Մասնավորապես ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Օսիպյանը, որը 2014 թվականին աշխատել է պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում, ապա ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ տարիներ առաջ նույն Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Ենթադրվում է, որ Գրիգորյանը իրեն սկսել է շրջապատել իր «հարկային» գործընկերներով: Հուսանք` բանը կոշտ հարկահավաքության չի հասնի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մամուլյանը, որը դեռեւս 2005թ-ից նույն թաղապետարանի նույն բաժնում որպես առաջատար մասնագետ է աշխատել:




Լրահոս