ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է «ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար: Սանամյանը, որ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում եւ կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սանամյանն էլ է սկսել ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:
Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես իր խորհրդականի դեպքում հետամուտ կլինի, որպեսզի նա պահի գործադիրի ղեկավարի խոսքերը. այն է` պաշտոնական լծակները կուսակցական շահերին ծառայեցնողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին: Սանամյանի քայլերը արջի ծառայության են նմանվում:

 

 

 
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ: «Ես որեւիցե խնդիր չունեմ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, իրենց մարտավարությունն է, բայց իմ խնդիրն է նաեւ ժողովուրդին ասել, որ սիրելի՛ ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է նա` հավելելով,- սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել»: Իսկ հարցին, թե ընտրություններից հետո կոալիցիա կազմելու որոշման դեպքում արդյո՞ք իշխանության կազմում տեսնում է ՀՎԿ-ին, Վարդանյանն ասել է. ««Եթե»-ներով հարցերին ես չեմ պատասխանում, ընտրությունները կավարտվեն, արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք»:

 

 
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրառումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին «անվավեր» նշումով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք` երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես էլ մնում է չլուծված, եւ նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից:

 

 

 
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում: Պարզվում է՝ երեկվանից փակ են նաեւ մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ եւս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումների արդյունքները «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ստուգումների նման չեն մնա «պետական գաղտնիք», եւ հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, եւ ով ինչ պատժի արժանացավ:

 

 

 

 
ԳՄԲԵԹԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին կոչ է արել ընդդիմանալ Ադրբեջանին իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին եւ դրանով իսկ ամերիկյան սարքավորումների եւ տեխնոլոգիաների փոխանցմանը երրորդ կողմին: «Այս վաճառքի համար կանաչ լույս վառելը կվտանգի այն ամենը, ինչ Ամերիկան եւ ԵԱՀԿ մեր գործընկերները արել են՝ նպաստելու խաղաղությանը եւ կանխարգելելու սպառազինության տարածումը՝ մեծացնելով վտանգը, որ արդիական տեխնոլոգիան թե՛ կապակայունացնի Կովկասը եւ թե՛ պոտենցիալ ձեւով ի վերջո կհայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքերում՝ Բելառուսից մինչեւ Հյուսիսային Կորեա»,- իր պահանջը հիմնավորել է Հայ դատի հանձնախումբը:
Նկատենք, որ «Երկաթյա գմբեթ» կոչվող հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին հայ հանրության լայն շերտերն առաջին անգամ լսեցին անցած տարի՝ հունիսի 5-ին Ստեփանակերտ այցելած Սամվել Բաբայանի հայտարարության արդյունքում: Ավելի ուշ՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Բաբայանը, որպես զինվորական, մանրամասն ներկայացրեց ռազմավարական վտանգները, որոնք այս պահին առկա են Հայաստանի եւ Արցախի համար՝ նշելով նաեւ Բաքվի կողմից Իսրայելից «Երկաթյա գմբեթի» ձեռք բերման արդեն իսկ իրագործված գործարքի մասին: Եվ ահա Բաբայանի այդ մտահոգություններին փաստարկված պատասխաններ ներկայացնելու փոխարեն նրա ներկայիս քաղաքական դաշնակից, իսկ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ենթակաները հայտարարեցին, թե Բաբայանի ներկայացրած վերլուծությունը եւ «Երկաթյա գմբեթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ՊՆ ռազմական փորձագետների խոսքով՝ «Երկաթյա գմբեթ» համակարգն այդքան վտանգավոր եւ անխոցելի չէ, ինչպես որ ներկայացվում էր Բաբայանի կողմից: Իսկ որոշ լրատվամիջոցներում եղան «փորձագիտական» հրապարակումներ, որոնց նպատակն էր ցույց տալ «կամանդույուշիի» ռազմագիտական ոչ պրոֆեսիոնալիզմը:
Անշուշտ՝ Բաբայանի պնդումները, թե Ադրբեջանն արդեն իսկ ձեռք է բերել այս գերժամանակակից համակարգի «4 դիվիզիոն», առայսօր հաստատված չեն: Ավելին՝ նաեւ Հայ դատի հանձնախմբի այս նախաձեռնությունը նկատի առնելով՝ կան հիմքեր ենթադրելու, որ «Երկաթե գմբեթի» ձեռքբերման գործընթացը, որի շուրջ համաձայնությունը ձեռք բերվեց անցած դեկտեմբերին՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, հնարավոր է կանխել: Այսօր սակայն հետաքրքիր է մեկ այլ բան. արդյոք Սեյրան Օհանյանի համար քաղաքական բանակցություններ վարող Սամվել Բաբայանն այս հարցի շուրջ իր մտահոգություններով կիսվել է պաշտպանության նախկին նախարարի հետ, որի հրահանգով ընդամենը մի քանի ամիս առաջ, ըստ էության, ծաղրի էին ենթարկում իր հայտարարությունները, այդ թվում եւ «Երկաթյա գմբեթի» մասով:




Լրահոս