ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: Մի կողմից կուսակցության ներսում լուրջ դժգոհություններ է հարուցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակը, մյուս կողմից շարունակվում է ինտրիգը, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018թ. ապրիլից, երբ գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը:

Ինչպես հայտնի է՝ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետից ու կառավարության մյուս անդամներից պահանջվում է, որ նրանք առնվազն վերջին չորս տարում լինեն ՀՀ մշտական բնակիչ: Եվ այդ առումով հարցականի տակ է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հավանականությունը, քանի որ 2011թ. մինչեւ 2016թ սեպտեմբեր ամիսը նա բնակվել է Մոսկվայում (բայց եւ ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան): Մշտական բնակության պահանջին չհամապատասխանելու պատճառով Կարեն Կարապետյանն այսօր ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Բայց ԸՕ 80-րդ հոդվածը սահմանում է` «Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է»: Ու հիմա չի բացառվում, որ 2018թ. ապրիլին պարզվի` նա, այնուամենայնիվ, 731 օր գտնվել է ՀՀ-ում:
Հետաքրքիրն այն է, որ 2016թ. դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Կ. Կարապետյանն այս մասին հարցին ի պատասխան՝ ասել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունն արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: Թեեւ, մյուս կողմից, նա նաեւ նշել էր, որ Ս. Սարգսյանի հետ չի քննարկել 2018թ. հետո իր պաշտոնավարման հարցը: Միայն թե իշխանական կուլիսներում այդ հայտարարությունը շատ վատ էր ընդունվել, եւ արդեն տարեսկզբին ակտիվ քննարկումների թեմա դարձավ` արդյո՞ք 2018թ. ապրիլից հետո Կարապետյանն իրավունք կունենա պաշտոնավարել: Անձամբ Կարապետյանը հունվարի 13-ին հրավիրած ասուլիսում արդեն մի տեսակ խուսափողական պատասխան էր տվել. «18 թվին էլ գա, կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ, ամենաշատ հուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի»:
ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին էին պնդում` եթե Կարապետյանը չհամապատասխանի Սահմանադրության պահանջներին, ապա չի ընդգրկվի համամասնական ցուցակում, չի լինի վարչապետ: Ու թվում էր` սրանով հարցը լուծված է: Բայց իր ասուլիսից հետո Կարեն Կարապետյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ընդ որում, նա մեկնեց պետական այցով: Փորձագետներից շատերը պնդում էին` այդ այցի իրական նպատակը «դաբռո» ստանալն է. հետագա պաշտոնավարման խնդիրը լուծելը:
Եվ, ահա, օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հետեւյալ հատարարություններն է արել: Հարցին` 2018-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ լինելու հանգամանքը նորից հայտնվելու է հարցականի տակ, եւ կարող է Սերժ Սարգսյանը նրան հանգիստ փոխարինել, Բաղդասարյանն ասել է. «Ինձ թվում է, որ Դուք թվաբանությունից բավականին լավ եք, այնտեղ օրերի քանակ կա, թե ինչքան ժամանակ պետք է բնակված լինի։ Մինչեւ 2018 թվականը շուրջ երկու տարի ժամանակ ունենք, եւ եթե այդ թվաբանությունը մենք կատարենք օրենքի կետին եւ տողին համապատասխան, ինձ թվում է, որ այդ խնդիրն արդեն կարգավորված կլինի, եւ նման խնդիր մենք չենք ունենա»։ «Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ 2018-ին արդեն այդ չորս տարվա ցենզի պահանջը…» հարցին էլ նա նշել է. «Վստահ եմ, եւ ոչ միայն ես, այլեւ այն մասնագետները, ովքեր այդ հաշվարկները կատարում են։ Ինձ թվում է, որ մենք նման խնդիր չենք ունենա»։ Եւս մեկ ուշագրավ փաստ. 2018թ. հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին հարցին էլ Բաղդասարյանն ասել է. «Այ, տեսնում եք, նորից ընկնում եք դեպքերից առաջ. մենք չգիտենք, թե մեր վաղվա օրն ինչպիսին պետք է լինի։ Պետք չէ կանխատեսումներ անել»:
Նկատենք, որ սա դեռ չի նշանակում, թե իրոք Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլից հետո էլ լինելու է վարչապետ: Ի վերջո, Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ փորձել է իշխանության ներսում իրեն իրավահաջորդ «աճեցնել», բայց ճանապարհի կեսից փոշմանել է: Տեւական ժամանակ որպես նրա իրավահաջորդ դիտվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին Սերժ Սարգսյանը լայն լիազորություններ էր տվել: Հետո որպես Ս. Սարգսյանի իրավահաջորդ դիտվում էր պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը: Հիմա Ս. Սարգսյանի իրավահաջորդ ընկալվում են մի կողմից Կարեն Կարապետյանը, մյուս կողմից՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը:
Բայց շատ ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանը նրանցից ոչ մեկին էլ մոտ չթողնի վարչապետի պաշտոնին: Նախ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ժամանակին գնաց սահմանադրական փոփոխությունների` երկրի կառավարման լծակները կենտրոնացնելով վարչապետի ձեռքում, իր անձնական իշխանությունը երկարաձգելու համար: Եւ բացի այդ՝ նա «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չէր բացառել 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու հավանականությունը՝ նշելով, որ այդ հարցը պարզ կլինի ԱԺ ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն բավականաչափ քվե ստանա: Ի դեպ, եւս մեկ ուշագրավ փաստ. «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված այդ հարցազրույցը եղավ այն ժամանակ, երբ ակտիվորեն քննարկվում էր Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման թեման, եւ երբ անձամբ Կարապետյանն արդեն ասել էր իր հավակնությունների մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՑՈՒՑԱԿ
Համամասնական ընտրացուցակներում բավական հետաքրքիր դեմքեր կան: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որն առաջադրվելու է նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Այստեղ է նաեւ Հ. Աբրահամյանի զարմուհին` Կարինե Պողոսյանը, որը վերջերս լքեց ՀՀԿ-ն՝ դուրս գալով Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից: Իսկ ահա անձամբ Հովիկ Աբրահամյանը չի ընդգրկվել որեւէ ցուցակում, թեեւ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հայտարարել էր, թե զբաղվելու է քաղաքականությամբ: «Ծառուկյան» դաշինքում է նախկին ՀՀԿ-ական` «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը: ՀՀԿ ցուցակում է ընդգրկվել Սերժ Սարգսյանի ընկերոջ` Միխայիլ Հարությունյանի որդին` Վահան Հարությունյանը, որի ընտանիքին են պատկանում հայտնի «Փարքինգ Սիթի Սերվիս», «Միկմետալ» ընկերությունները. նրա անունը գրված է 23-րդ հորիզոնականում: Այդ ցուցակում նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանը, որը պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարն էր: Իսկ ահա անձամբ Գագիկ Բեգլարյանը, որ նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ է, չկա ցուցակում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի անունն էլ ոչ անցողիկ տեղում է գրված, եւ երեկ նա հայտարարել է, թե գործադիրում աշխատելու առաջարկ է ստացել: Գործադիրում կլինի նաեւ ՄԻԱԿ-ից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերը:

 

 

 

ՆՈՐԻՑ ԱՐՏԱՀԵՐԹ
ՀՀ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում առաջիկայում կրկին կնշանակվեն գյուղապետի արտահերթ ընտրություններ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից. «Այս ուրբաթ կամփոփվի քվեարկության արդյունքները, որից հետո պարզ կդառնա, թե երբ տեղի կունենա Վարդավանքի գյուղապետի ընտրությունները»: Հիշեցնենք, որ Վարդավանքում փետրվարի 12-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, ստացել էր 13 կողմ եւ 35 դեմ ձայներ: Ի դեպ, Հ. Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

 

 

ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆՆԵՐԻՆ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ
Երեկ, մինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելը, «Մոսկվա» կինոթատրոնում «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեց իր համամասնական ցուցակը։ Միջոցառումը փակ էր մամուլի համար։ Փակ քննարկումից հետո լրագրողներին ներկայացվեց դաշինքի առաջին տասնյակը: Սակայն մինչ փակ նիստի անցկացվելը «Ժողովուրդ»-ը նկատեց՝ ինչպես են միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձինք փնտրում իրենց ռեյտինգային թեկնածուներին: Չճանաչելով նրանց՝ կազմակերպիչները մոտենում էին սրահում շրջողներին եւ հարցնում՝ դուք ռեյտինգայինով առաջադրվողների՞ց եք: Ամբոխի մեջ ռեյտինգայիններին փնտրողները ցանկանում էին գտնել եւ ուղղորդել` նստելու դահլիճում հատկացված տեղերը:

 

 
ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
Կառավարությունը երեկ նշանակել է իր ներկայացուցիչներին «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման հիմնադրամի» խորհրդում։ Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկել է 3 անդամի փոխարեն նշանակել 2-ին, եւս մեկին նշանակելու է ապրիլյան ընտրություններից հետո։ «3-րդ տեղն առաջարկում ենք այս պահին չլրացնել եւ Ազգային ժողովի ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի կառավարության կողմից 3-րդ անդամը ներկայացնի ընդդիմադիր խմբակցություն», – ասել է Հարությունյանը: 1000 դրամների հիմնադրամի խորհրդում որպես կառավարության ներկայացուցիչներ նշանակվել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը։ Թեեւ գումարը քաղաքացիներից գանձվում է հունվարից սկսած, համապատասխան հիմնադրամը դեռ ձեւավորման փուլում է։ Դրա խորհրդի անդամներից եւս 3-ին պետք է նշանակի Կենտրոնական բանկը, ապա արդեն նշանակված 3 անդամները կնշանակեն եւս 3 հոգու։ Իսկ մինչ այդ՝ քաղաքացիներից պարտադիր գանձվող 1000 դրամները փոխանցվում են Կենտրոնական գանձապետարան։

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
ՀՀ կառավարությունը հաստատել է ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի նոր կարգը Հայաստան: Ինչպես ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախորդ որոշումների լրացումների համաձայն՝ բոլոր այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանը միջպետական պայմանագրեր ունի, կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, որոնք օգտագործվում են իրենց երկրներում:«Փաստացիորեն մենք նախատեսում ենք, որ ներքին անձնագրերը կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ: Բացի այդ՝ նախատեսվում է, որ ներքին անձնագրերում չի դրվելու ոչ մի նշան, քանի որ այդ դեպքում դրանք անվավեր կճանաչվեն իրենց երկրներում»,- ներկայացրել է Հովհաննիսյանը:

 

 

ՔՆՆՉԱԿԱՆԻ ՊԵՏԸ ՓՈԽՎԵԼ Է
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ Արտյոմ Օվսյանը՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Նույն օրվա մեկ այլ հրամանով Ախուրյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հրաչյա Առաքելյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։




Լրահոս