Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը արդեն 8-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016 թվականի օգոստոսին, սակայն դեկտեմբերի վերջին դատարանը փոխեց կալանքի որոշումը, ու նրան ազատ արձակեցին: Մի քանի ամիս անց` փետրվարի 9-ին, դատարանը կրկին փոխեց նրա խափանման միջոցը, ու երկու ամսով էլի կալանավորվեց Հաց բերողը:

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Արթուրը անազատության մեջ է հայտնվել քննիչների գործելաոճի հետեւանքով: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալման հիմք է համարել այն, թե Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Սակայն նրա փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ իրենք քննիչին նախապես տեղյակ են պահել չներկայանալու մասին եւ խնդրել են փոխել հանդիպման օրը: Սակայն «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավարը՝ Էդիկ Հակոբյանը, որոշում է կայացրել կալանավորել Արթուր Սարգսյանին՝ իբրեւ թե նախաքննության մարմին չներկայանալու հիմքով:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը Արթուր Սարգսյանի եւ աղմկահարույց մի շարք այլ խնդիրների մասով զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, 7 օր է, ինչ Արթուր Սարգսյանի կալանավորման շուրջ կրքերը չեն հանդարտվում: ՀՔԾ-ն հայտնում է, որ նա չի ներկայացել քննչական մարմին, իսկ նրա պաշտպանը պնդում է, որ իրենք ծանուցել են քննիչին, որ նա չի կարող ներկայանալ: Արդյունքում, Արթուր Սարգսյանը արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Ինչո՞ւ է լռում Մարդու իրավունքների պաշտպանը:
-Դա արդեն դատավարական հարց է: Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է չներկայանալուն եւ դրա հիմքով դատարանի կողմից նրան կալանավորելուն, դա պետք է լուծվի հենց նաեւ այդ ճանապարհով: Բայց ամեն դեպքում հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, կարեւորությունը՝ մի քանի անգամ արդեն այցելել ենք Արթուր Սարգսյանին, դրա հիման վրա մեր կողմից եղել է հայտարարություն, պահման վայրի, առողջության իրավունքի պահպանման հարցով պարզաբանումներ են պահանջվել: Այդ հարցի հետ կապված նույնպես պահանջել ենք պարզաբանումներ այնքանով, որքանով մեր իրավասությանն է վերաբերում, դրանից հետո նոր գնահատականները կլինեն:
-Պարզաբանումներ պահանջել եք, ՄԻՊ-ը այցելել է, նրա կալանքը առողջական վիճակի հետ անհամատեղելի է, կոնկրետի ի՞նչ քայլ եք արել:
-Հենց հիմա մեր խնդիրն է՝ առողջության հետ կապված ուսումնասիրեք բոլոր հարցերը: Առաջին օրը, որ իրեն տարան քրեակատարողական հիմնարկ, մեր աշխատակազմը այնտեղ էր՝ անկախ բողոքներից, անկախ որեւէ բանից: Գիտեք՝ հարցեր կան, որոնք ամեն ինչ չեմ կարող հրապարակել, բայց որ զբաղվում եմ, միանշանակ է: Եթե Դուք տեսնեք, ես աշխատում եմ հրապարակայնության ամենասահմանային գծով: Չեմ կարող բժշկական հարցեր հրապարակել, հասկանում եք, հիվանդության մասին տվյալներ հրապարակել չի կարելի, օրենքը դա արգելում է:
-Հասկանալի է, մի՛ հրապարակեք, բայց մարդուն անհիմն կալանքի տակ են պահում, գոնե դա փորձո՞ւմ եք պարզել, կա՞ մարդու իրավունքների ոտնահարում, թե՞ ոչ:
-Դա դատական կալանքի հարց է, դատական կարգով լուծման հարց է՝ բողոքարկման ճանապարհով եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցում չունի լիազորություն: Մարդու իրավունքների պաշտպանը ունի այլ լիազորություն, օրինակ՝ անհամատեղելիությանը հիվանդության հիմքով, եւ տանենք քաղաքացիական հիվանդանոց: Մենք այդպիսի կարեւոր դեպք ունեցանք, որ վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել մարդուն՝ հիմք ընդունելով մեր որոշումը: Մասնավորապես մենք ասել էինք, որ այդ մարդը չի կարող գտնվել քրեակատարողական հիմնարկում եւ պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, եւ փաստաբանը մեր որոշման հիման վրա դիմել էր, եւ ազատ արձակեցին:
Հիմա նույն հարցում նույն արդյունքը չեմ երաշխավորում, դա պրոֆեսիոնալ չի, դա որոշակի պրոցես է: Այսօր (երեկ, Ք. Մ) եւ անձամբ եմ այցելելու Արթուր Սարգսյանին մեր բժշկի հետ միասին, եթե տեսնեմ, որ այդ մարդու առողջական վիճակը թույլ չի տալիս, անպայման որոշում կկայացնենք: Բայց նշեմ, որ Արթուր Սարգսյանն ինքն էլ է հրաժարվում բուժծառայությունից, դա էլ է պրոբլեմ, ինձ դա անհանգստացնում է, դրա համար անձամբ պետք է գնամ, հասկանամ վիճակը: Եթե տեսնեմ՝ հիմքերը կան, կառաջարկեմ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Սա է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը, իսկ մնացածը այլ գործիքակազմով պետք է լուծվի:
-Փորձը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանը գնում, իրավիճակին ծանոթանում է, բայց, ըստ էության, անարդյունք: Օրինակ՝ հուլիսյան աղմկահարույց դեպքերից անցել է շուրջ 7 ամիս, մինչ օրս լրագրողների ծեծի գործով որեւէ մեկը չի պատժվել, եւ սա այն պայմաններում, որ անգամ կան լուսանկարները, թե ովքեր էին իրավիճակը տնօրինողները, բռնություն գործադրողներն ու հրահանգ տվողները:
-Հիմա նախաքնությունն է գնում: Այն, որ պետք է լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ցանկացած անձ ենթարկվի պատասխանատվության, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի, դա շատ կարեւոր է:
-7 ամիս է անցել, պատասխանատվության ենթարկվածներ չկան:
-Ինչ վերաբերում է քրեական գործի նախաքննությանը, մենք ինչպես կարգն է՝ օրենքով նախատեսված պարբերաբար վերահսկողության նպատակով մեր իրավասության սահմաններում ինֆորմացիա ենք պահանջում քննչական մարմիններից: Բերման ենթարկելու հետ կապված ես դիմել էի Սահմանադրական դատարան, այդ որոշման էինք սպասում, հիմա դա վերլուծում ենք, ամբողջացնենք, ըստ էության, ավարտել ենք: Կրկնում եմ՝ նախաքննություն է ընթանում, գործը պետք է ուղարկվի դատարան: Հիմա այլ հարց է, եթե, օրինակ, նախաքննությունը հանգեցնում է արդյունքի, որը հետագայում դատարանում կբացառի պատասխանատվությունը, դա ընդհանրապես թույլատրելի երեւույթ չէ: Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ վարույթի շրջանակներում ինչ որոշում է կայացվելու:
Ձեզ ասեմ, որ լրագրողների գործով ես անցկացրել եմ բազմաթիվ անանուն հարցումներ, եւ անանուն հարցումների իմաստն էլ դա էր: Բնականաբար ես դա հնչեցնելու եմ որպես կարեւորություն, որ պետք է այս գործերով լինի արագ նախաքննություն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄՆԵՐ» ՊԵԿ-ՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնանկությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի խնայում անգամ իր մտերիմներին:
2016 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հայտնվեցին նրա թիրախում եւ կարճ ժամանակ անց լքեցին իրենց պաշտոնները: Նրանց թվում էին պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը եւ Արմեն Ալավերդյանը:
Ավելին՝ փետրվարի 4-ին գրել էինք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունում ընդհուպ մինչեւ տարածքային տեսչության պետերը աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Նախ՝ ազատման դիմում էր գրել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի տարածքային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, իսկ ավելի ուշ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանը:
Սակայն պաշտոնանկությունների գործընթացն այսքանով չի ավարտվում: ՊԵԿ վարչություններից մեկում, որտեղ աշխատում են պաշտոնյաների հարազատները, ՊԵԿ նախագահը «սանիտարական մաքրման» աշխատանքներ է սկսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունում, որը հիմնականում զբաղվում է մաքսային զննությամբ, միանգամից 10 հոգի ազատվել են աշխատանքից: Ասել է, թե Վարդան Հարությունյանը վարչության աշխատակիցներին այնպիսի պահանջներ է ներկայացրել, որոնք դժգոհության առիթ են դարձել: Արդյունքում դժգոհողները հայտնվել են ոչ նախանձելի իրավիճակում՝ լքելով իրենց աշխատատեղերը:
Սակայն ուշագրավն այն է, որ աշխատանքից ազատվել են ոչ պատահական անձինք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աշխատանքից ազատվածները պաշտոնյաների մտերիմներ են: Մասնավորապես ազատվածների թվում է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկայի եղբայրը՝ Արմեն Աֆրիկյանը, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Ֆրունզ Մուշեղյանի եղբայրը՝ Մուշեղ Մուշեղյանը, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի որդին՝ Վահագն Վարդանյանը: Ի դեպ, նշենք, որ Վարդան Վարդանյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հարսանիքի քավորն է: Ասել է, թե Վարդան Հարությունյանը չի խնայում անգամ իր մտերիմներին: Թե ինչ արդյունք կտա ՊԵԿ նախագահի կողմից իրականացվող այս «սանիտարական մաքրումը», ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ
Կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանը:

 

 
ՁՈՐՆ ԵՆ ԳԼՈՐՎԵԼ
Փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետեւանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ: ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: Դեպքի առթիվ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ [մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ] մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

 

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Աշոտ Պետրոսյանը, ի աջակցություն Հաց բերող Արթուր Սարգսյանի, երեկվանից հացադուլ է հայտարարել։ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեկ շաբաթ առաջ կրկին երկու ամսով կալանավորվեց, որից հետո հայտարարեց հացադուլ:

 

 

ՈՐԴԻ՞Ն Է ՀՈՐԸ ՍՊԱՆԵԼ
Արարատի մարզի Գոռավան գյուղի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող, 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը:




Լրահոս