«Նախարարը մնացել է կալանավորի խնդրի՞». ինչ է կատարվում «Արմավիր» ՔԿՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ մի շարք բանտապետեր սկսել են կալանավորների վրա տարբեր կերպ ազդել, որպեսզի ՀՀԿ-ի համար ձայներ հավաքեն: Ավելին՝ ՔԿՀ-ներում լուրեր են տարածվել, որ պետերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է հենց ՀՀԿ օգտին ստացած ձայներից:

Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Լուրեր կան, որ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը: Նրանք էլ շահագրգռված են, որ ՀՀԿ-ի օգտին շատ ձայն հավաքեն, որպեսզի հեշտությամբ հարցեր լուծեն:

Նկատենք, որ քրեակատարողական հիմնարկները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, Դուք ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու համար «զոն նայողների» ե՞ք դիմել:

-Դուք գրում եք, Դուք էլ հետո շարունակում եք թեման: Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ: Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞: Ամեն մարդ իրա գործն է անում: Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ուսադիր կրող մարդ եմ:

-Կալանավորները Ձեր դեմ են դուրս եկել եւ ասել են, որ ՀՀԿ-ին ձայն չեն տալու:

-Ես ոչ մի խնդիր չունեմ: Ես միշտ իմ գործն եմ արել: Այլ բան է, թե ով ինչ է գրել միշտ: Եթե գոնե մի քիչ իրականությանը մոտ բան գրեք, կասենք՝ լավ: Բան ու գործ չունեմ, ես պիտի ընկնեմ կալանավորներին խնդրեմ, ասեմ՝ սրան ընտրեք: Ում ուզում են, թող ընտրեն:

-Արդարադատության նախարարը ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է, տեղեկություններ կան, որ ՔԿՀ պետերը շահագրգռված են ՀՀԿ-ի օգտին շատ ձայն բերել:

-Ի՞նչ անեք: Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա: Նախարարը մնացել է կալանավորի խնդրի՞ն: Ինձ դրա մեջ մի՛ ներքաշեք: Ամոթ ա, էլի, հերիք ա: Ես իմ գործառույթն ունեմ:

-Այսինքն՝ այս հարցի շուրջ արդարադատության նախարարի հետ հանդիպում չի՞ եղել, նախարարը չի՞ ասել, թե որտեղից ինչքան ձայն պետք է բերվի:

-Ո՛չ, երբեք: Ինչի՞ց եք վերցրել: Կոֆեի բաժա՞կ եք նայում, չեմ հասկանում: Ինձ որ ստիպեն, Դուք ավելի շուտ կիմանաք: Դուք որոշում եք, պատժում եք, գրում եք, ջնջում եք, հանում եք, դնում եք: Գրեք, էլի… ոնց գրում եք, էդպես էլ լինում է:

-Այդ դեպքում ո՞վ է երաշխավորելու, որ կալանավորին չեն ստիպի, չեն ուղղորդի, եւ նրանք ազատ կմասնակցեն ընտրություններին:

-Ոչ մեկ էլ չի երաշխավորում: Դիտորդները գալիս են, տեսնում են: Մարդը գնում, ընտրում ա: Ոչ մեկն էլ ուրիշի փոխարեն ո՛չ քվեաթերթիկ է լրացնելու, ո՛չ էլ քվեատուփին է մոտենալու:

-«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են, որ չեն թողնում՝ իրենց նամակները ՔԿՀ-ից դուրս գան, որ հասնեն համապատասխան մարմիններին, եւ իրենց խնդիրներին լուծում տան:

-Մի հոգու անուն կտա՞ք, որ բողոքում է:

Մենք գրեցինք դատապարտյալ Արամ Պետրոսյանի մասին: Իր խցում խողովակի հետ կապված խնդիր էր առաջացել, կոյուղաջրեր էին լցվել:

-Նա դիմում է գրել, ուղարկվել է: Խցում էլ ոչ մի խնդիր չունի: Խուցը վերանորոգված է: Ինքն էլ էդ խցում է:

-Դատապարտյալը հերթական անգամ ահազանգել է, որ իր խնդիրներին լուծում չեն տալիս:

-Իր խուցը ոչ մի բանով չի տարբերվում մյուս բոլոր խցերից: Դրա համար դիտորդներ կան, վերստուգիչ մարմիններ կան. Բոլորը գալիս են, նայում են: Մենք մեր գործն ենք անում: Փչացածը նորոգում ենք, վերանորոգում ենք, ըտենց մարդ չկա, որի խցում խնդիր կա, ու մենք չենք լուծում ու սպասում ենք, որ թերթը պիտի արձագանքի:

Սո՛ւտ է: Չկա տենց բան: Մինչեւ ձեր գրելը, մենք խնդրին արձագանքել ենք: Ինքը դիտավորյալ նորից վնասել է: Նորից ենք սարքել: Ինքն էլ է գրել, որ խնդիրը լուծված է: Բայց հիմա չեն ուզում, որ տենց բան լինի, ուրիշ բան են ուզում: Հիմա չի ուզում լինի ծովի թագուհի, ուզում ա լինի դիցուհի: Իսկ միգուցե ուրի՞շ բան է ուզում:

-Դատապարտյալները նշում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանը Ձեզ հետ ազգակցական կապ ունի եւ դատապարտյալների հետ վատ է վարվում:

-Ու ավելի հոգածություն են տեսնում բոլոր դատապարտյալները, քան մենք հասցնում ենք էդքան հոգանք մեր ընտանիքի անդամների մասին: Սա ես պաշտոնապես հայտարարում եմ: Եկեք, աչքներովդ տեսեք, հետո գրեք:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս