Խորհրդարանն ունեցավ այն ադեկվադ կառուցվածքը, ինչ ադեկվադ է հասարակությանը. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների, ապրիլյան պատերազմից դասեր քաղել-չքաղելու շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

-Պարո′ն Բադալյան, երեկ ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, թե Ադրբեջանը սպառնում է սանձազերծել հերթական պատերազմ: Ձեր կարծիքով ի՞նչ հետևություններ կարող ենք անել այս հայտարարությունից:

-Քանի Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը չի ստացվել, նման հայտարարություններ երկու կողմից էլ լինելու են` թե′ Հայաստանի, թե′ Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասել, որ ինչ-որ էական, լուրջ հայտարարություն է կամ ինչ-որ մի նոր փուլ է Ղարաբաղյան շարժման մեջ` չէ, սովորական հայտարարություն է:

-Ապրիլյան պատերազմից արդեն անցել է մեկ տարի: Հայկական կողմը այս շրջանում ի՞նչ դասեր է քաղել կամ չի քաղել:

-Բացարձակ ոչ մի դաս չենք քաղել, որովհետև ապրիլյան պատերազմը ցուց տվեց, որ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ չպարտվի: Մենք տեսանք, թե ինչպես տեղի ունենցան ընտրությունները, զանգվածային ընտրակաշառքի միջոցով ձևավորվեց խորհրդարան, որը լեգիտիմ չէր, և վստահություն այլևս չունի հասարկության կողմից, իսկ կառավարությունը, որը լեգիտիմ չէ, ինչքան էլ ուզի բարեփոխում անել, որևէ դրական արդյունք չի ունենալու և տնտեսությունը, քաղաքական համակարգը չեն զարգանալու, իսկ եթե չզարգանա, Հայաստանը նորից հետ է ընկնելու: Հայաստանը հետ է ընկնելու, Ադրբեջանը նորից ուժեղանալու է, և նորից կարճաժամկետ պատերազմական գործողություններ կլինեն:

-Պարո′ն Բադալյան, ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանն ինչպիսի՞ կառուցվածք ունեցավ:

-Նա ունեցավ այն ադեկվադ կառուցվածը, ինչ ադեկվադ է հասարակությանը: Եթե հասարակության մեջ փողով քվեարկողների տոկոսը գերազանցում է 75-ին մոտ տոկոսը, բնականաբար, խորհրդարանը այդպիսի տեսք պետք է ունենա: Չէր կարող նման խորհրդարան լինել Ֆրանսիայում, Գերմանիայում կամ, ասենք, Չեխիայում…

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս