ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀ ՄՅՈՒՍ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը լուրջ խնդիր է տեսնում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ: Այդ դիտարկումները ներկայացված են ԱԺ-ին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած 2016թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ:

Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարը բավարար մակարդակի չէ: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման հարցում դեռեւս բավարար մակարդակի վրա չէ իրավապահ մարմինների համագործակցությունը, եւ այն բարելավվելու կարիք ունի»,- նշված է դատախազության հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած՝ գլխավոր դատախազությունը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է իրավապահ մյուս կառույցներին՝ ընդգծելով նրանց մեջ ոչ նորմալ համագործակցությունը: Այս իրավիճակը, իհարկե, նորություն չէ: Իրավապահ կառույցների միջեւ համագործակցության բացակայությունն ավելի լավ են տեսել այն քաղաքացիները, որոնք քրեական գործի շրջանակներում եղել են տուժողի կարգավիճակում. այդ ժամանակ արդեն մարդիկ տեսել են, թե ինչպես չարված քայլերի պատասխանատվությունը միմյանց վրա են գցել նախաքննական մարմինը (քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը) եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողները (ոստիկանությունը):
Ավելին՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում դատախազությունն առաջին անգամ չէ, որ մեղադրանք է հնչեցնում իրավապահ մյուս կառույցների հասցեին: 2015թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ եւս կար այդ մտահոգությունը. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ոչ բարձր աստիճանը եւ նախապատրաստված նյութերի քանակը շարունակում է պայմանավորված լինել այդ բնույթի հանցագործությունների լատենտայնությամբ, ինչպես նաեւ բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների չհամագործակցված աշխատանքով»,- ասված է այնտեղ:
Միայն թե, զարմանալի է, որ դատախազությունն ամեն անգամ բավարարվում է՝ իրավիճակն արձանագրելով, բայց խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չի անում, իսկ եթե անում է, ապա ազդեցությունը կարելի է զրոյական համարել: Մինչդեռ հենց դատախազությանն է օրենքով նախաքննական մարմնի նկատմամբ վերահսկողական լիազորություններ վերապահված: Ասել է, թե հենց դատախազությունը պետք է լիներ իրավապահ մարմիններին ստիպողը, որ արդյունավետ աշխատեն: Այնինչ՝ դատախազությունն էլ իր հերթին է թերացել այդ լիազորություններն իրականացնելիս:
Հետաքրքիր մեկ այլ փաստ եւս. դատախազությունը նաեւ մեղադրանքներ է հնչեցրել հասարակության հասցեին, ընդ որում, ե՛ւ 2015, ե՛ւ 2016թ հաշվետվությունների մեջ: 2015թ. հաշվետվության մեջ նշված էր. «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, հատկապես կաշառքի գործերով շարունակում են մտահոգիչ մնալ այն, որ քննության ընթացքում հաղորդումներ եւ հայտարարություններ տված անձինք, երբեմն այս կամ այն պատճառաբանությամբ եւ արտաքին ազդեցությունների հետեւանքով, հրաժարվում են իրենց հայտարարություններից ու հանցանքը հաստատող ցուցմունքներից՝ իրենց հետագա վարքագծով փակուղու առաջ կանգնեցնելով քրեական հետապնդում իրականացնող մարմիններին»:
Իսկ այս հաշվետվության մեջ ասված է. «Անհրաժեշտ է նկատել, որ ցանկացած եւ հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների ամբողջություն, որն իր մեջ ներառում է ոչ միայն պայքարի իրավական միջոցների ակտիվացում կամ այլ որակական փոփոխություններ: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաեւ հասարակական կարծիքով եւ աջակցությամբ, հանցավորության դեմ պայքարի սուբյեկտների հետ վերջիններիս համագործակցությամբ, կոռուպցիոն գործարքների նկատմամբ անհանդուրժողականությամբ»:
Եթե նկատի ունենանք խորհրդարանական վերջին ընտրություններում տեղի ունեցածը, երբ քաղաքական որոշ ուժեր համատարած ընտրակաշառք էին բաժանում, եւ հասարակության զգալի մասն էլ հրճվանքով վերցնում էր այն, ապա միանգամայն բնական է նաեւ փաստը, որ կոռուպցիոն գործարքների նկատմամբ հասարակությունն այլեւս անհանդուրժողականություն չի ցուցաբերում, եւ հաճախ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը չի նպաստում: Բայց ստեղծված իրավիճակի մեղավորն արդեն իշխանություններն են, որոնք հասարակությանը դրել են նման իրավիճակում՝ ստիպելով գործել իրենց սահմանած խաղի կանոններով: Եւ այստեղ էլ դատախազությունն ու իրավապահ մյուս մարմինները, մասնավորապես, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն լուրջ անելիքներ ունեն: Մինչդեռ, դատելով այն հանգամանքից, որ այդպես էլ որեւէ մեկը չի բացահայտվել ու պատասխանատվության չի ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար, կարելի է եզրակացնել՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն իրենց անգործությամբ նպաստել են այդ ամենին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՎ
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանի համար 2016 թվականը կարելի է համարել ձեռքբերումների տարի: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները ավելացել են: Բացի այս՝ Շախմուրադյանը, ով խորհրդարանում կարճ աշխատեց, հասցրել է անշարժ գույք գնել: Այսպես՝ անցած տարվա ընթացքում 30 մլն 303 հազար 280 եւ 3 մլն 323 հազար 355 դրամով գնել է բնակարաններ, նաեւ 1 մլն դրամով գնել է AudiA6 2.41 մակնիշի ավտոմեքենա: Դաշնակցական նախկին պատգամավորի դրամական միջոցները կազմել են 96 հազար դոլար, 53.5 մլն դրամ եւ 4000 եվրո: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 7 վայրից ստացած աշխատավարձը` ավելի քան 44 մլն դրամ: Ի դեպ, գնած բնակարանները նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: Նշենք, որ Շախմուրադյանը անցած տարվա մարտի 3-ին է մուտք գործել խորհրդարան եւ նոր խորհրդարանում նա չի լինելու, այլ անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
 

 

ԹԵԺ ԿՌԻՎ
«ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի եւ «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերության միջեւ կռիվը նոր ընթացք է ստանում: Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատերը կարողանում է դատարանում իր հարցերը կարգավորել մյուսների հաշվին: Բանն այն է, որ 2017 թվականի փետրվարի 9-ին «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց էր ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը եւ պահանջում էր 15 միլիոն դրամ: Ավելին՝ «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը դատարանից պահանջել էր «ՍԱՍ գրուպ»-ին արգելեն որոշակի գործողություններ իրականացնել, ինչը դատարանը բավարարել էր: Բայց ահա օրերս դատարանը չեղյալ է հայտարարել արգելքի մասին իր որոշումը՝ առանց պատճառաբանելու:
 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՖ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը Կոմկուսի ղեկավար Տաճատ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտրություններից առաջ հայտարարած ներդրումների մասին հիշում են եւ անկախ ամեն ինչից՝ Հայաստան կբերե՞ն այդքան ներդրումներ, թե՞ ընտրությունների արդյունքները մտափոխել են: Հիշեցնենք, որ նախքան խորհրդարանական ընտրությունները լրագրողների հետ զրույցում կոմունիստները հայտարարել էին, որ խորհրդարան անցնելու դեպքում Հայաստան կբերեն 16-17 մլրդ դոլարի ներդրումներ: «Ներդրումները միանգամից մի օրում չեն բերում, դա երկարատեւ աշխատանքի արդյունք կլիներ, մեր իշխանության տարիներին քանի այդպիսի ներդրում ենք կատարել հանրապետությունում, խոսքը այդ մասին էր»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ասաց Սարգսյանը:

 

 
ԿԱԶՄԸ ԳԾՎԱԾ Է
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Երեւանի ավագանու կազմն արդեն գծված է: «Կարող է՝ մի քիչ զուտ տակտիկական հարց լուծեն, աղմուկ պակասացնեն»,- ասել է նա: Հարցին, թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է ընդդիմադիր համարում, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ ընդդիմադիր է այն ուժը, որը բարձրացնում է այս իշխանության կատարած խախտումների հարցը:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության պաշտոնյաներին ներկայացրել է արցախյան հակամարտության կողմերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը:

 

 

ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ
ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանական լրատվամիջոցներին հորդորում է վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի եւ ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովի գործի շուրջ քարոզչական աղմուկին: «Ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի թվում է, որտեղ այցելելուց ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, մենք սկզբունքորեն դեմ ենք այս կամ այն տարածք լրագրողների կամ քաղաքացիների խաղաղ այցերը քրեականացնելուն: Ինչ վերաբերում է կոնկրետ Ասկերովին, ապա հարկ է նշել, որ նա, ավելի ուշ նաեւ Լապշինը, անտեսել է ԱԳՆ-ի այդ խորհուրդը», – ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

 

 

ԱՄՆ ՓՈՂԵՐ ՉԻ ՏԱ
ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակել կամ վերացրել է մի շարք զարգացող երկրներին տրվող ֆինանսական օգնությունը: Պետդեպի՝ 15 էջանոց բյուջետային փաստաթղթի համաձայն՝ օգնության չափն ընդհանուր առմամբ կրճատվել է երեք անգամ: Ամբողջովին վերացվել է Ադրբեջանին, Բելառուսին, Ղազախստանին, Թուրքմենստանին տրվող օգնությունը: Հայաստանին հասանելիք օգնությունը կրճատվում է 77,3%-ով, Մոլդովայինը՝ 47,4%-ով, Ուկրաինայինը՝ 68,8%-ով: Կրճատվում է նաեւ Վրաստանի օգնությունը:




Լրահոս