ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՀԱՐԳՈՒՄ Է ԵՎ ԿԵՂԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ապրիլի 2-ին Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քաղաքացիներին ուղղորդելու հիմքով քվեարկության արդյունքները անվավեր ճանաչեցին, սակայն նշված ընտրատեղամասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ուղղորդում չի եղել:

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ՀՀ գլխավոր դատախազին հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված եւ բաց, քվեախցիկ են մտել մեկից ավելի անձինք` վերահսկելով ընտրողի քվեարկությունը: Այս ամենի արդյունքում թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին: Իսկ ապրիլի 6-ին էլ որոշում կայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով` քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցել քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Նշենք, որ այդ ընտրատեղամասում առաջատարը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը, որը հավաքել էր 760 ձայն, ՀՀԿ-ական Նաիրի Սահակյանը` 0 ձայն, Արագած Ախոյանը` 1 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 150 ձայն:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, Ձեր հայրենի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված, իսկ այդ ընտրատեղամասում ամենաշատ ձայները Դուք եք հավաքել, այսինքն՝ Դուք կամ Ձեր թիմակիցներն եք ուղղորդել քաղաքացիներին, ինչն էլ հակառակ արդյունքն ունեցավ:
-Փարպի ընտրությունների հետ կապված երկու բառով եմ ասում, որ ոչ մի ուղղորդում չի եղել, իսկ ձայների հետ կապված դա իմ հայրենի գյուղն է, ես այնտեղ բնակվում եմ, եւ այդպես էլ պետք է լիներ: Ընդհանրապես անցած ընտրությունները, որ վերցնենք, երբ մեծամասնականով թեկնածու էի, Փարպի ընտրություններում հավաքել էի 99 տոկոս ձայն: Բայց այս ընտրություններում, բացի ինձանից, 3-4 թեկնածուներ էլ կային ռեյտինգայինով, դրա համար ես մի քիչ քիչ հավաքեցի:
-Դուք նշում եք՝ ուղղորդում չի եղել, ընտրատարածքային հանձնաժողովը հակառակն է արձանագրել, եւ դեռ ավելին՝ իրավապահներն էլ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով քննություն են իրականացնում: Արդյո՞ք այս ամենը ընտրություններից առաջ «Հայ հեղափոխական դաշնակցության» թիմակիցների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքը չէր, որ անգամ Ձեր հավաքած ձայներն են անվավեր ճանաչում:
-Չէ՛, Դաշնակցությունը հին կուսակցություն է, եւ իրենք ունեն իրենց տեղը, դիրքը մեր երկրում, եւ ես հարգում եմ Դաշնակցություն կուսակցությանը: Չգիտեմ, կարող է՝ անձնական ինչ-որ բաներ լինեն, բայց այդպես չեմ մտածում: Էլի եմ ասում՝ դա իմ հարազատ գյուղն է, այդպես էլ պետք է լիներ, բայց կրկնում եմ՝ ոչ մի ուղղորդում չի եղել: Ես քաղաքականության մեջ եղել եմ, առայժմ քաղաքականության մեջ եմ, իրավունք չունեմ չհարգել կուսակցություններին, բոլորին հարգում եմ, այդ թվում դաշնակներին:
-Դուք ասում եք չի եղել, բայց ընտրատարածքային հանձնաժողովը արձանագրել է, եւ Ձեր 760 ձայնը անվավեր է ճանաչվել:
-Ես այլ հարցի չեմ պատասխանում:
-Ըստ էության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած եւ ՀՀԿ-ում ապաստանած պատգամավորները փաստի առաջ կանգնեցին: Դուք նրանցից մեկն եք, որ ԲՀԿ լքելով՝ հանգրվանեցիք ՀՀԿ-ում ու մանդատ չեք ստանա:
-Ես բոլորին էլ շատ լավ հարգում եմ, շատ սիրում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահից սկսած, պատգամավորներն էլ իմ ընկերներն են, նույն կուսակցությունը ինձ հարազատ կուսակցություն է: Իսկ հիմա անդրադառնամ Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին շատ հարգում եմ, նրա կուսակցության անդամներին էլ շատ հարգում եմ: Այլ հարց չտաք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԱԳԱՀԻ ԿՌԻՎ
Դատավորների միության նախագահի պաշտոնի շուրջ ստեղծված աղմուկը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ դատավորները Արման Մկրտումյանին հասկացրել են, որ նա օրենք է խախտում:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կայացել էր դատավորների միության ընդհանուր ժողովը, որը այդպես էլ չեղյալ հայտարարվեց:
Բանն այն է, որ դատավորների միության նախագահի պաշտոնի համար պայքարում էին միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը:
Արդյունքում, երբ Գաղտնի քվեարկություն է եղել, Հրաչիկ Սարգսյանի օգտին կողմ են քվեարկել 105 դատավորներ, իսկ Արսեն Մկրտչյանի օգտին` 84 դատավոր, որի հետեւանքով էլ միության նախագահի ընտրությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ ըստ կանոնադրության՝ դատավորների միության նախագահ կարող է ընտրվել այն դատավորը, որը հավաքել է դատավորների ձայների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 116 ձայն:
Այսպիսով՝ նախատեսված էր, որ առաջիկայում պետք է լիներ դատավորների միության նախագահի նոր ընտրություններ, իսկ ահա դատավորների միության նախագահի ընտրությունների օրը պետք է որոշեն միության անդամները, սակայն միության անդամները չեն կարող ապահովել քվորում, քանի որ ապրիլի 21-ին կայացած ժողովի ժամանակ 13 անդամի փոխարեն ընդամնեը 8-ն են ընտրվել, ուստի այդ 8 անդամն էլ, ըստ կանոնադրության, լիազորություն չունեն ընտրությունների նոր օր նշանակել: Դրա համար էլ դատավորների միության նախագահի ընտրության օրը որոշելու գործառույթն իր վրա է վերցրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միանձնյա որոշում է կայացրել նշանակել դատավորների միության նախագահի ժողով, ինչն էլ դուր չի եկել դատական համակարգի ներկայացուցիչներին: Արման Մկրտումյանին բացատրել են, որ նա չի կարող միանձնյա որոշում կայացնել, քանի որ կանոնադրությունը նման լիազորություն թույլ չի տալիս Վճռաբեկ դատարանի նախագահին, ավելին` այդ գործառույթը հակասում է նաեւ ներքին կանոնադրությանը: Ու հիմա դատական համակարգում ներքին լարվածությունն այնքան է խորացել, որ Արման Մկրտումյանը դատավորների միության նախագահի պաշտոնի համար ներկայացրել է նոր թեկնածուի` ամեն ինչ անելով, որ իր ցանկալի թեկնածուն էլ դառնա ՀՀ դատավորների միության նախագահ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանին է «առաջ բրդում»:
Թե ինչով կավարտվեն այս ընտրությունները. արդյո՞ք «ընտրակաշառքը» կամ ահաբեկչության դրսեւորումները դեր կխաղան դատավորների մոտ, ժամանակը ցույց կտա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀՈՐ ԲՈՍՏԱՆԸ
Tert.am-ի տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 2002 թվականից Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որոշել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից՝ հայտնելով. «Հեղինե Բիշարյանն արդեն նշանակվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում»:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին, որի շրջանակում նախատեսված են նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

 

 

ՀԵՏԸՆԹԱՑ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Հայաստանը եւ Վրաստանը տեղ են գտել «նարնջագույն» երկրների շարքում, որտեղ մամուլի ազատությունը բնութագրվում է որպես «նկատելիորեն խնդրահարույց»: Իսկ ահա Ռուսաստանում եւ Բելառուսում կազմակերպությունը մամուլի ազատության վիճակը գնահատել է որպես վատ:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Պաշտպանության նախարարի հրամանով՝ Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։ Ըստ նախարարության հաղորդագրության՝ Ղարիբյանը 1995-ից 1998 թվականներին աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: Այնուհետեւ եղել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետը: 2015 թվականի փետրվարից Սոնա Ղարիբյանը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ էր:




Լրահոս