Դպրոցների օպտիմալացումը` երկիրը դատարկելու միջո՞ց. հարված կրթությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին, մի շարք հանձնարարականներ է տվել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա առաջարկել է կառավարության աշխատակազմին 15-օրյա ժամկետում քաղաքային դպրոցների օպտիմալացման տարբերակներ ներկայացնել: Սակայն վարչապետի այս հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն մանկավարժների, այլեւ մասնագետների մոտ:

Այսպես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պետք է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնի քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը եւ դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: Բացի այս՝ 2-ամսյա ժամկետում ԿԳՆ-ն ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձեւը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխումը:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրին, հայտարարեց, որ եթե անգամ ֆինանսական առումով դա ճիշտ քայլ է, ապա կրթության, մշակույթի մասով դա փակուղի է, քանի որ դպրոց փակելը նշանակում է փակել տվյալ գյուղը։ Ավելին՝ մասնագետի կարծիքով՝ ծնողը երեխային դպրոց ուղարկելու համար կարող է հեռանալ գյուղից, գնալ մարզկենտրոն, ապա` տեղափոխվել Երեւան: Նրա համոզմամբ՝ կառավարությունում հաշվարկել են ու տեսել, որ շատ սահմանամերձ գյուղերի դպրոցներ չեն արդարացնում, քանի որ դասարաններ կան, որունք 1-3 աշակերտ ունեն։ Ինչի արդյունքում էլ գործադիրը որոշել է առաջ քաշել դպրոցների օպտիմալացման հարցը։

Իսկ ահա կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկին, հայտարարեց, որ օպտիմալացման նպատակը մեկն է` հնարավորինս նվազեցնել դպրոցների ֆինանսավորումը: «Ստացվում է, որ դպրոցներ ունենք, որտեղ քիչ թվով աշակերտներ կան, եւ դպրոցը շահագործելը, շենքը պահելը նպատակահարմար չէ: Այդ տեսակետից հասկանում եմ կառավարության անդամներին: Բայց մյուս կողմից դպրոցների օպտիմալացման արդյունքում լուրջ խնդիրներ ենք ունենալու:

Քանի որ կան գյուղեր, որտեղ դպրոցներ չլինելու պատճառով երիտասարդ ընտանիքները հեռանում են: Ես կարծում եմ, որ վարչապետը Հայաստանի անվտանգության տեսանկյունից շատ սխալ կանի, եթե թույլ տա, որ այդ օպտիմալացումը տարածվի ՀՀ բոլոր մարզերի, գյուղերի դպրոցների վրա: Համաձայն եմ, որ գյուղ կա, որտեղ 5 կամ 14 աշակերտ ունի, եւ այդ դպրոցը պահելը ֆինանսապես դժվար է: Բայց համաձայնեք, որ դպրոց չլինի, գյուղ էլ չի լինի: Փոխարենը մտածեն՝ ոնց անեն, ժողովրդին պահեն, մարդիկ աշխատանք ունենան, մարդկանց հնարավորություն տան՝ հենց իրենց գյուղում մի կտոր հաց վաստակեն: Փակում են դպրոցը, որ ինչ… չգիտեմ, սա երկիրը դատարկելու շատ օպտիմալ ձեւ է: Շատ վտանգավոր նախաձեռնություն է… հուսահատության հասցնող»,- մեծ ափսոսանքով նկատեց տիկին Բախշյանը:

Չնայած սրան` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է, որ ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այժմ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված եւ թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացրման հարցը:

Եթե կառավարությունը քննարկում է դպրոցների օպտիմալացման հարցը, սա արդեն նշանակում է, որ խնդիրը լուրջ է: Եւ ըստ ամենայնի, սա ունի խորը պատճառներ: Բանն այն է, որ կրթական ոլորտի վրա նույնպես իր բացասական հետքն է թողել օր օրի ահագնացող արտագաղթը: Ավելին՝ այսօր հանրապետության մարզերում կան գյուղեր, որոնք դպրոց, հետեւաբար երիտասարդ ընտանիք չունեն: Օրինակ՝ Սյունիքի մարզի Շվենանց գյուղը դպրոց չունի, իսկ գյուղի աշակերտները հաճախում են Կապանի դպրոցներ: Մինչդեռ տարիներ առաջ գյուղի դպրոցն ունեցել է 400 աշակերտ: Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթեւան, Արմավիրի մարզի Կողբավան գյուղերը նույնպես դպրոց չունեն: Նման բազմաթիվ օրինակներ, ցավոք, կարող ենք շատ թվարկել:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում աշակերտների թվաքանակը կազմել է 364 հազար 868, որը 2015-2016 թվականների համեմատ 470-ով ավելացել է: Բայց 2011-2012 թթ. ուսումնական տարում աշակերտների թվաքանակը ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաք Երեւանում ընդհանուր կազմել է 386 հազար 439: Ինչը հաջորդ ուսումնական տարիներին` 2012-2013 (368 հազար 377 աշակերտ), 2013-2014 (359 հազար 966 աշակերտ) եւ 2014-2015 (359 հազար 559 աշակերտ) թվականներին նվազել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս