Մեր հեռուստադիտողը «քթի մազ է», կարող է այնպիսի բաներ զգալ, որ ապշես. «Դոմինոյի» ռեժիսոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» Հայաստանում սիթքոմների տարածման, հայ հեռուստադիտողի պահանջկոտ, նրբանկատ լինելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Դոմինո», «Տնփեսա» սիթքոմների ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ:

Հարությո՛ւն, մեր երկրում վերջին տարիներին սիթքոմները բավական մեծ տարածում գտան: Ձեր դիտարկմամբ` ո՞ր թեմաներն են, որոնք հետաքրքրում, գրավում են հայ հանդիսատեսին:

-Հայաստանում սիթքոմների հանդեպ հետաքրքրությունն իսկապես մեծացել է. կարելի է նման ենթադրություն անել նաեւ օնլայն տիրույթում արվող մեկնաբանություններից: Մարդիկ ուզում են օր առաջ իմանալ` ինչպես կդասավորվի այս կամ այն հերոսի ճակատագիրը: Ինչ վերաբերում է թեմաներին, դրանք կյանքային են, բավական պարզ: «Դոմինոյում», օրինակ, նկարագրվում են սովորական ընկերական հարաբերություններ: Մենք կենտրոնանում ենք ոչ թե այս կամ այն թեման ընտրելու, այլ հերոսներին հետաքրքիր, զվարճալի իրավիճակներում դնելու վրա: Չէ՞ որ սիթքոմը հենց իրավիճակային կատակերգություն է:

-Հայ հանդիսատեսն ու հեռուստադիտողը պահանջկո՞տ է:

-Այո՛, շատ, նաեւ բավական նրբանկատ: Կան բաներ, որոնք մտածում ենք` հեռուստադիտողները չեն նկատի, երբեմն տեքստային փոփոխություններ ենք անում` մտածելով, որ մանրամասները չեն հիշի, բայց արի ու տես, որ լավ էլ նկատում են: Մեր հեռուստադիտողը, բառիս լավ իմաստով, «քթի մազ է»: Նույնիսկ 5-6 տարեկան երեխաները այնպիսի բաներ են տեսնում ու զգում, որ ապշում ես: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք այդչափ հետաքրքրված են մեր աշխատանքով:

Կա՞ն թեմաներ, որոնք հայ հանրության կողմից սվիններով են ընդունվում:

-Մենք հաշվի ենք առնում, թե ծրագիրը որ ժամին է հեռարձակվում, ծանոթ ենք թիրախային մեր լսարանին, ուստի չենք արծարծում թեմաներ, որոնք կարող են միանշանակ չընդունվել: Ամեն բան ունի իր մատուցման ձեւն ու պահը:

-Ոլորտում սցենարիստների պակաս զգո՞ւմ եք:

-Կոնկրետ մեր սիթքոմի սցենարիստները ճկուն են, ինձ դուր է գալիս, որ նրանք զբաղվում են ինքնակրթությամբ, փորձում են չկրկնել հումորները:

Ասում են` մարդկանց ավելի դժվար է ծիծաղեցնել, քան հուզել: Մենք շատ ունե՞նք կատակերգու-դերասաններ, որոնք կարող են ծիծաղ հարուցել հանդիսատեսի շրջանում:

-Ծիծաղ պարգեւելն, իսկապես, ամենադժվար բաներից է, բայց մենք ունենք շատ տաղանդավոր եւ լուրջ դերասաններ, որոնք, գուցե շատ ճանաչված չեն, բայց կարող են սարի պես իրենց վրա հսկայական բեռ վերցնել: Այդ մարդիկ հիմնականում թատրոններում են: Ի վերջո, դերասանի տունը թատրոնն է, սերիալը չէ. դերասանի ծնունդն ու զարգացումը թատրոնում է լինում:

-Դուք նաեւ ոչ հումորային նախագծեր եք կյանքի կոչում: Ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում:

-Ամեն ժանր իր հետաքրքրությունն ունի: Բայց հումորային ծրագրերի շրջանակում աշխատելու հաճույքն այն է, որ տաղավարում խինդ ու ծիծաղի պակաս չկա, աշխատանքային մթնոլորտն ուրախ է, թեթեւ: «Տնփեսայի» տաղավարում, օրինակ, Մկո կար, Հովո կար: Նրանք անսպառ հումորի զգացում ունեն ու չէին թողնում, որ դրական աուրան փոխվեր:

Իսկ «Դոմինոյում» ովքե՞ր են այդ մթնոլորտը ձեւավորողները:

-Բոլորը. ամեն մեկն իր յուրահատուկ աուրան ունի: Մեր աշխատանքային օրը սկսում է սուրճի սեղանի շուրջ, որտեղ հաճախ հետաքրքիր առաջարկներ են հնչում: Հետո որոշում ենք` որոնք իրականացնել, որոնք` ոչ:

Հարությո՛ւն, Դուք մասնագիտությամբ դերասան եք: Որպես դերասան հանդես գալու մտադրություն չունե՞ք:

-Ո՛չ, ես արդեն տասը տարի է` որպես դերասան հանդես չեմ գալիս, ուղղակի այդ մասնագիտությունն օգնեց ինձ կայանալ որպես ռեժիսոր:

-Եվ վերջում` հետաքրքիր է` «Դոմինո» սիթքոմը 5-րդ եթերաշրջան կունենա՞:

-Այո՛, շուտով կավարտվի 4-րդ եթերաշրջանը, որից հետո ընդմիջում կլինի, ապա, կարծում եմ, հոկտեմբերին կմեկնարկի 5-րդ եթերաշրջանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս