ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում շարունակվում է պայքարը, թե 2018թ. ապրիլից հետո խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ո՞վ կզբաղեցնի պետության դե ֆակտո ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Այդ փաստը երեւաց նաեւ երեկ, երբ լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային: Նա հայտարարեց, թե իրենք նույն թիմից են: Իսկ հարցին՝ տարբեր գնահատականներով, Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին դառնալ վարչապետ, արդյո՞ք ինքը նման քայլեր տեսնում է, Կարապետյանը պատասխանել է կարճ՝ ոչ:
Բայց այն, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է շարունակել իշխանավարումը նախագահական լիազորությունների ավարտից հետո որպես վարչապետ, անկասկած է, այլապես նա չէր փոխի սահմանադրությունն ու 2018թ. ապրիլից հետո իշխանական ողջ լծակները չէր կենտրոնացնի կառավարության ղեկավարի ձեռքում՝ ակնարկելով իր հնարավոր պաշտոնավարման մասին, մյուս կողմից խորհրդարանը ձեւավորելով իր ուզածով: Այլ բան, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել այդ ամենը կամ ցույց է տալիս, որ չի տեսնում՝ միաժամանակ Սերժ Սարգսյանին մղելով ավելի կտրուկ գործողությունների եւ հասկացնելով, որ ինքն էլ իր հերթին չի պատրաստվում զիջել ու ամեն գնով շարունակելու է պայքարը: Մանավանդ, երբ դեռ փետրվարին նա ասել էր, թե հաջորդ տարվանից կհամապատասխանի նոր սահմանադրությամբ վարչապետի համար պահանջին: Կարճ ասած՝ հատկապես աշնանից ներիշխանական ուշագրավ իրադարձություններ են սպասվում: Ու այս ֆոնին պատահական չեն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններն այն մասին, որ վերջերս Կարեն Կարապետյանը 1 օրով եղել է Մոսկվայում՝ ապագային առնչվող կարեւոր հարցեր քննարկելու։

 

 
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այս օրերին անձամբ է զանգահարում ԱԺ ընտրություններում կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ համոզելով ու խնդրելով աշխատել իր օգտին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում քիչ չեն նեղացածները, եւ ՀՀԿ-ում, Տարոն Մարգարյանի մոտ մտավախություն կա, որ այդ անձինք չեն աշխատի այս անգամ՝ իրենց կանգնեցնելով փաստի առաջ: Իսկ մինչ այդ պատահական չէ, որ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե խորհրդարանի ղեկավար պաշտոնների հարցը կքննարկվի Երեւանի ավագանու ընտրություններից հետո, այսպես Տարոն Մարգարյանի շտաբի պետ Շարմազանովը հասկացրել է, որ պաշտոնների ձգտողները նախ եւ առաջ պետք է աշխատեն ու ձայն բերեն, նոր միայն կորոշվի նրանց հարցը:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դատավճիռ է կայացվել: Խոսքը Լոռու մարզի 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է: Բավական Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Արդյունքում՝ մայիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա:

 

 
Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ: «Նոր ասելով ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե՞ այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է: Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաեւ ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում: «Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝ կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաեւ նախարարների հանդիպումը»,- ասել է նա:

 

 

 
Ո՞Վ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի փոխարտգործնախարարների՝ այս օրերի հեռակա բանավեճը կարելի է ուշագրավ բացահայտում համարել: Մեկ անգամ չէ, որ խոսելով ԼՂ խնդրի մասին՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ներկայացուցիչները հայտարարել են՝ հակամարտության կարգավորման սկզբունքները համաձայնեցված են, եւ մնացել է երկու-երեք առանցքային թեմա: Թե որոնք են չհամաձայնեցված այդ առանցքային թեմաները, որեւէ մեկը չի հստակեցրել: Բայց Շավարշ Քոչարյանի ու Արազ Ազիմովի վերջին հեռակա բանավեճից կարելի է ենթադրել՝ կողմերը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների հարցում: Օրերս Ազիմովն ասել էր, թե այդ հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն, ու որ դրան պետք է մասնակցեն նաեւ ադրբեջանցիները: Տարածքների վերադարձի հայտնի թեզից հետո Ազիմովն ասել է. «Դրանից հետո արդեն կարելի է մտածել այդ տարածքներում կյանքը վերականգնելու, փախստականներին վերադարձնելու մասին, ինչը եւս պետք է ներառվի հակամարտության կարգավորման ծրագրում»,- ասել էր նա:
Նրան հակադարձել է Շավարշ Քոչարյանը. «Փոխարտգործնախարարը, ըստ էության, մոռացել է, որ ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը: Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի սահմանադրության վրա հղումներն անտեղի են, քանի որ սահմանադրությունը ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Այդպիսով՝ Ադրբեջանը ճանաչել է ԼՂ-ն առնվազն որպես հակամարտության կողմ: Ավելին՝ որեւէ պետություն իրավասու չէ իր ներքին օրենսդրությունը, այդ թվում՝ սահմանադրությունը, հակադրել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, այն էլ՝ ՄԱԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին»:
Հատկանշական է փաստը, որ այս մասին նրանք խոսում են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Ու տպավորություն է, թե սա արվում է տրամադրություններ շոշափելու համար: Ի վերջո, խնդիրն, ինքներդ եք հասկանում, բավական բարդ է ու խճողված. չկա պատասխան հարցին, թե կոնկրետ ո՞վ է մասնակցելու հանրաքվեին՝ ԼՂ-ի միայն հայ բնակչությո՞ւնը, թե՞ նախկինում այնտեղ բնակված ադրբեջանցիները, եթե նաեւ ադրբեջանցիները, ապա կոնկրետ ովքե՞ր՝ միայն մինչեւ 90-ականներն ապրածները, թե՞ նաեւ նրանց սերունդները, ի՞նչ երաշխիք, որ այս ընթացքում բնակչության աճի անվան տակ չեն հրամցնի «հանրաքվեի մասնակիցների գլխաքանակ» եւ այսպես շարունակ: Մանավանդ, Շ. Քոչարյանը, խոսելով «ԼՂ բնակչության» մասին, չի հստակեցրել՝ ԼՂ ներկայի՞ս բնակչության մասին է խոսքը, թե՞ նախկին:




Լրահոս