«ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ», ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքը հայտարարեց իրենց նախընտրական ծրագրում հատուկ դրույթ ավելացնելու մասին: Ըստ այդ դրույթի՝ Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի հաղթանակից հետո, եթե քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան եւ հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք եւ ընտրել են դաշինքին, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի, եւ Երեւան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը: Նկատենք, որ դաշինքի այս գաղափարը միանշանակ չընդունվեց, եւ շատերի կողմից այն համարվեց ընտրակաշառքի յուրօրինակ մի ձեւ: Արդյո՞ք հասարակությունը կհրաժարվի առձեռն տասը հազար դրամներից եւ կհավատա դաշինքի 15 հազար դրամի խոստմանը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի շտաբը ղեկավարող Էդմոն Մարուքյանի հետ:

-Դե, եթե Դուք գտնում եք, որ այդ առձեռն տասը հազարը, որը քրեորեն հետապնդելի արարք է, ավելի բան է, թող այդպես անեն, ինչ կա: Դա նախընտրական ծրագիր է, ինչպես ցանկացած ծրագիր, մարդիկ իմանում են ծրագրերը եւ ըստ այդ ծրագրերի՝ ընտրում են, եթե ծրագիրը հավանության արժանանա, մենք կհաղթենք, չի արժանանա, չենք հաղթի, ի՞նչ կա, ի՞նչ ռիսկի ենք դիմել որ, նախընտրական ծրագիր է: Մեր ծրագրում, օրինակ, կա Երեւանում անվճար լողավազան կառուցել, դա՞ էլ է ռիսկ, որ ընտրվենք, կկառուցենք, չենք ընտրվի, չենք կառուցի:
-Ռի՞սկ չէ, երբ հասարակության շատ անդամներ քննադատում են եւ նշում, որ դա էլ ընտրակաշառքի յուրօրինակ դրսեւորում է, ինչը դատապարտելի է, անգամ ընտրական օրենսգիրքն է արգելում դրամական խոստումներ տալը:
-Փաստորեն, եթե ասում են՝ աշխատատեղերը ավելացնելու են, գումարային խոստո՞ւմ է դա, որ ասում են՝ թոշակներն ավելացնելու ենք, գումարային խոստո՞ւմ է դա:
-Համենայն դեպս, այս առաջարկը տարբերվում է Ձեր թվարկածներից…
-Մենք ինչ անում ենք, տարբերվող բաներ ենք անում, մենք ստանդարտ բաներ չենք անում, հիմա եթե տարբերվում է, ուրեմն ճիշտ է, որ տարբերվում է:
-Իսկ ինչո՞ւ նախընտրական ծրագիրը կազմելու սկզբից այս դրույթը չեք ներառել: Ի սկզբանե պա՞րզ չէր, որ իշխանությունը, հնարավոր է, ընտրակաշառք բաժանի:
-Ի՞նչ տարբերություն, բայց:
-Չէ՞ որ շատ ժամանակ կլիներ հասարակությանը այս գաղափարը հրամցնելու, եւ քննադատությունների տեղիք հնարավոր է՝ չտար:
-Ես կարծում եմ, որ հիմա էլ շատ լավ բացատրել ենք: Ով ուզում է հասկանալ, թե ինչ ենք առաջարկում, շատ հասկանալի բացատրել ենք:
-Պարո՛ն Մարուքյան, այսօր (հեղ.-երեկ) Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու «Ելք» դաշինքը սատարում են Սերժ Սարգսյանին եւ դրա համար էլ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական կեղծված ընտրություններն ընդունեցին: Իսկ հաշվի առնելով, «որ Նիկոլ Փաշինյանը չի հայտնվի քաղաքապետարանում», այլ կգնա Ազգային ժողով, հետեւաբար, նրա հետ խնդիր չունեն եւ իրենց պայքարը տանելու են Սերժ Սարգսյանի հետ: Ինչպե՞ս կպարզաբանեք Փոստանջյանի այս հայտարարությունները:
-Գիտեք, ես Զարուհու ասուլիսը չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել։ Կլսենք Զարուհու ասուլիսը, եթե հարկ լինի մեկնաբանելու, կմեկնաբանենք, չեմ կարծում, որ կարիք կլինի չնայած: Հետեւում ենք, մեր մամուլի քարտուղարը հետեւում է, եթե ինձ չի տեղեկացրել, որ նման ասուլիս եղել է, ուրեմն դա որեւէ կարեւորություն չունի:
-Լուրջ չեք վերաբերվում Ձեր մրցակցի, հակառակորդի հայտարարությունների՞ն:
-Տիկին Փոստանջյանը մեզ ի՞նչ հակառակորդ է համարվում, չկա նման բան:
-Երբ միասին չեք պայքարում, նշանակում է՝ իրար դեմ եք նաեւ պայքարում…
-Մենք տիկին Փոստանջյանի դեմ չենք պայքարում, բայց, ա՛յ, տիկին Փոստանջյանը մեր դեմ պայքարում է մեր տպավորությամբ: Մենք Երեւանում իշխանափոխության համար ենք պայքարում, ոչ թե ինչ-որ մի անհատի:
-Բայց չէ՞ որ Փոստանջյանն էլ համառում է, որ իրենք գրավելու են Երեւանի քաղաքապետարանը:
-Մենք ասում ենք, որ մենք գնում են տեղական մակարդակում իշխանափոխություն անելու եւ կառավարումը ստանձնելու, թե ով է ինչ ասում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում ու ընդհանրապես մեր դաշինքի ներկայացուցիչներին:
-Եւ վերջում, հնարավո՞ր է՝ կրկնվի Վանաձորի ավագանու ընտրությունների պատկերը եւ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ պայքարեք ՀՀԿ-ի դեմ, թե՞ Վանաձորում տեղի ունեցածից հետեւություններ անելով՝ կհրաժարվեք նման մտքից:
-Գիտեք, Դուք իրավիճակ եք ներկայացնում, որը ես հիմա չեմ պատկերացնում: Ընտրությունները կավարտվեն, կլինի իրավիճակ, ըստ իրավիճակի կգործենք:

 

 

 
ԾՐԱԳԻՐԸ «ԿՈՍՄԵՏԻԿ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆԹԱՐԿՎԻ

Համաձայն Սահմանադրության` նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, այսինքն՝ մայիսի 18-ին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձեւավորվի նոր կառավարություն: Վերջինս 20 օրվա ընթացքում ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում:

Ինչպիսի՞ն կլինի կառավարության նոր ծրագիրը: Թերեւս այս վեցամսյա ծրագրից ոչնչով չտարբերվող: Երբ թերթում ես գործադիր մարմնի՝ մոտ ութ ամիս առաջ ԱԺ ներկայացրած ու հավանության արժանացած ծրագիրը, ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի երկրորդ կիսամյակի համար ներկայացվող ծրագիրը ընդամենը կրկօրինակումն է լինելու նախորդի՝ հնարավոր մի քանի «կոսմետիկ» փոփոխություններով:
Կառավարության այս ծրագրի մեջ շատ քիչ դրույթներ կային, որոնք պետք է իրագործվեին նախորդ վեց ամիսների ընթացքում, մնացած դրույթների իրականացումը նախատեսվում է հիմնականում 2017 թվականի ընթացքում, մասամբ էլ՝ 2018 թվականին: Օրինակ՝ հանրությանը ամենից շատ հետաքրքրող հարցերից մեկի լուծմանն ուղղված քայլեր նախատեսվում է իրականացնել այս տարվա ընթացքում՝ «սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, այդ թվում՝ զբաղվածության ապահովմանը ուղղված նոր ծրագրերի ներդրում», նշված է ծրագրում, ասել է, թե այս դրույթը եւս, օրինակ, տեղ է գտնելու կառավարության նոր ծրագրում: Բնականաբար այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել 2017 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում եւ որոնք ներառված էին գործադիրի վերջին ծրագրում, կամփոփվեն նաեւ հաջորդի մեջ: Ասել է, թե ծրագիր կազմելու վրա այս անգամ եւս գործադիրը ժամանակ չի վատնի:
Վեցամսյա դրույթներին «Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, անդրադարձել է իր նախորդ համարներից մեկում եւ նկատել, որ ոչ բոլոր կետերն են իրականություն դարձել, կան այնպիսիք, որոնք այդպես էլ մնացել են օդում կախված: Այդ առնչությամբ օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը փորձել է արդարացնել այն իրողությունը, որ հասարակությունը որեւէ աճ իր մաշկի վրա չի զգում՝ նշելով, որ այդ աճը կրիտիկական կետի պետք է հասնի, որպեսզի որակական փոփոխություն լինի. «Բազմիցս հայտարարել ենք ձեզ, թե ինչի մենք մեզ վրա, սառնարանում չենք զգում տնտեսական աճի ցուցանիշները, պատասխանել եմ, որ տնտեսական աճը պետք է հասնի մի կրիտիկական որակի, որպեսզի դա որակական փոփոխություն տա»,-ասել է գործադիրի ղեկավարը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե երբ ենք, ի վերջո, հասնելու այդ կրիտիկական կետին:
Ինչեւէ: Հարկ է նշել, որ կառավարության յուրաքանչյուր ծրագրի հենց նախաբանում մշտապես նույնաբովանդակ եւ իրականությունից հեռու մտքեր են շարադրվում այն գիտակցումով, որ ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով եւ օգտագործելով Հայաստանի ու հայության ամբողջ ներուժը. «Անհրաժեշտ է հանրապետությունում իրականացվող արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝
-պաշտպանվածությունը,
-արժանապատվությունը,
-կենսամակարդակի բարձրացումը,
-արդար հասարակության մեջ ապրելը,
-լավատեսությունն ապագայի նկատմամբ»:
Թե որքանով է այս իշխանության օրոք երբեւէ իրագործվել այդ ամենը, կարող է դատել յուրաքանչյուր քաղաքացի:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՄԻԱՅՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ զրուցել նրա հետ։ Լրագրողի այն հարցին՝ պատրա՞ստ է Կարեն Կարապետյանը վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար, Կարապետյանը դրական էր արձագանքել՝ նշելով. «Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք այդ հարցը արդեն հստակեցվել է կուսակցության ներսում, որ Կարապետյանը կամաց-կամաց սկսում է 2018-ի իր ծրագրերի մասին բարձրաձայնել. «Վարչապետը տվել է իր պատասխանը, ես դրան ո՛չ ավելացնելու, ո՛չ պակասեցնելու, ո՛չ էլ մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց Նիկոյանը: Տպավորություն է, որ ՀՀԿ-ում միայն Կարեն Կարապետյանն է ուզում իրեն 2018-ին կրկին վարչապետ տեսնել, իհարկե՛ նաեւ այդպիսի մտադրություն կունենան մի քանի նորընծա հանրապետական նախարարները եւս։ Մյուսների համար Կարապետյանը շարունակում է մնալ ոչ յուրային։

 

 

ԴԱԲՐՈ Է ՍՏԱՑԵԼ
Մայիսի 14-ին տեղի ունեցող Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արդյունավետ քվե ստանալու համար իշխող ՀՀԿ-ն, ներկուսակցական ավանդույթները պահպանելով, գործի է դրել իր վարչական լծակները: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին խոստացել են Տարոն Մարգարյանի օգտին մեծաթիվ քվեներ ապահովելու դեպքում կրկին նշանակել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Ըստ ամենայնի, Անտոնյանը թերահավատորեն է մոտեցել իր կուսակիցների, Տարոն Մարգայանի կողմից իրեն տրված խոստումներին եւ դաբրոն ստանալու համար գնացել է Արաբկիրում բնակվող Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանի դուռը՝ Սարգսյանի փեսայից անձամբ նման խոստում լսելու համար։ Ու հիմա մեծ ոգեւորությամբ լծվել է իր սիրելի գործին՝ փորձելով մարդկանց վրա ճնշումներ իրագործելով ցուցակագրումներ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց այս տեղեկությունների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալ Հրայր Անտոնյանից, սակայն վերջինս չբարեհաճեց պատասխանել մեր զանգերին: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի անգամ գրել է, որ նախընտրական շրջանում Անտոնյանը ակտիվորեն աշխատում էր նաեւ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի համար:




Լրահոս