ՄՆԱՑԱԾ ՓՈՂՆ Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատարանում լռություն եւ կարգուկանոն պահպանելու կոչերն էլ վերածվեցին վիճաբանության, եւ նիստն ընդմիջվեց: Այս քրեական գործի զարմանալի դրվագներից մեկն էլ «Սասնա ծռերի» չորս անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հափշտակված գումարի եւս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե ուր է մնացած գումարը դեռեւս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին: Ու չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իրականում 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքը շինծու է՝ քաղաքական վրեժխնդրության հետեւանք:

 

 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ իրականում ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը. նա է որոշում ե՛ւ կադրային, ե՛ւ տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները: Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է: Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլեւ էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, ֆրանսիա, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան եւ այսպես շարունակ:

 

 

Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչեւ հիմա երկու հոգի է կալանավորվել: Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել եւ բացահայտվելուց հետո կալանավորվել. ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեեւ այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անազատության մեջ է եւս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագրով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կատարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաեւ ազատ արձակվի Սիմոնյանը:

 

 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է բանկային ոլորտում այժմ տիրող իրավիճակին: «Շուկայում մրցակցությունը շատ է սրվել: Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն եւ ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժեւորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ ,- ասել է նա` հավելելով,- «Հայէկոնոմբանկի» հաջողությունները, կարծում եմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր եւ փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ եւ պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը»:

 

 

 

ԴԱՆԴԱՂ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են ակտիվացնել բանակցային գործընթացը: Վաղը համանախագահներն այցելելու են Հայաստան, հետո Արցախ, իսկ մեկ շաբաթ անց լինելու են Ադրբեջանում: «Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում՝ այդ թվում հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- խոսելով այդ այցի մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ՀՀ ԱԳ փոխնախագահ Շավարշ Քոչարյանն էլ այդ այցի մասին խոսելիս հայտարարել է, թե միջնորդներից սպասում են, որ նրանք վերջապես հասնեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունների կատարմանը: «Պատահական չէ, որ Վիեննայում ձեւավորվեց այն մոտեցումը, որ մինչեւ կողմերի միջեւ չձեւավորվի վստահության մթնոլորտ, անհնարին է բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին: Այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, եւ դրա արդյունքը ժողովուրդը պետք է տեսնի»,-ասել է Քոչարյանը:
Ակնհայտ է` Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը վերջերս դանդաղել է. վերջին լուրջ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով: Ու թեեւ խոսվում էր նաեւ նախագահների հանդիպման մասին, սակայն այդ ուղղությամբ դեռեւս պայմանավորվածություն չկա: Բայց բանակցային գործընթացի դանդաղեցման պատճառը միայն Ադրբեջանի կողմից Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից խուսափելը չէ, այլ կա մեկ ուրիշ, ավելի հիմնավոր պատճառ: Այդ մասին նախօրեին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալները: «Կա սկզբունքների մի փաթեթ, որը ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված է, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն, – ասել է Լավրովը` հավելելով,- կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»: Միայն թե նա չի բացահայտել՝ որոնք են այդ «մանր, բայց շատ կարեւոր ու զգայուն դետալները»: Այդ մասին չեն խոսում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները: Չնայած, կարելի է ենթադրություններ անել. դետալներից մեկը վերաբերում է կարգավիճակի մասին անցկացվելիք հանրաքվեին, ժամկետներին ու մասնակցության իրավունք ունեցողների շրջանակին: Իրոք, շատ փոքր, բայց եւ շատ կարեւոր դետալներ:




Լրահոս