ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու:

Հիշեցնենք, որ 2016 թվականից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը՝ ձերբակալվել: Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը: Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Բոլոր այս գործերով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, իրավիճակը գնալով ավելի է լրջանում:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրեր առաջ էջմիածնի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ գնացել են իրենց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, որպեսզի հերթական անգամ անցնեն փորձաքննության եւ հաստատվի այն փաստը, որ իրենք իրավունք ունեն թոշակ ստանալ: Սակայն խնդիրների առաջ են կանգնել: Շատ քաղաքացիներ, որոնք դեռեւս 2012 թվականից մինչեւ 2016 թվականը համապատասխան թղթեր են ներկայացրել իրենց տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով եւ ստացել են դրական պատասխան, որ բոլոր պահանջներին բավարարում են, կարող են թոշակ ստանալ, հանձնաժողովը մերժել է՝ ասելով, թե պետք է ստուգվեն բոլոր փաստաթղթերը: Ու մինչ մարդիկ կպատրաստվեին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, հերթով բնակիչներին են այցելել մարզային իրավապահները՝ նրանց հրավիրելով հարցաքննության:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ իրավապահները թոշակառուներից հետաքրքրվել են, թե ինչու է հանձնաժողովը նրանց մերժել թոշակ տալ: Նաեւ հետաքրքրվել են՝ արդյո՞ք իրենցից գումար են ուզել, որ թոշակը նշանակեն, սակայն թոշակառուների մեծ մասը պատասխանել է, թե նման բան չի եղել: Տեղեկացնենք, որ հարցաքննության հրավիրված մարզի բնակիչներին իրավապահներն ասել են, թե ահազանգ ունեն, որ թոշակ նշանակելու համար բժշկասոցիալական հանձնաժողովը մարդկանցից կաշառք է պահանջել, դրա համար էլ մասսայաբար բոլորին տանում են հարցաքննության, ցուցմունքներ վերցնում եւ ազատ արձակում:
Ինչո՞վ կավարտվի Արմավիրի մարզի Էջմիածնի մի քանի գյուղերի բնակիչների հարցաքննության կանչելու եւ կաշառքը բացահայտելու գործընթացը, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ իրավապահները շարունակում են փորփրել սոցապնախարարության ոլորտը: Սակայն առայժմ նախարար Արտեմ Ասատրյանը անվնաս կառավարում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԷԼԻ ԴԻԶՎԱՌԵԼԻՔ ԵՆ ՅՈՒՐԱՑՐԵԼ
Չնայած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս հրապարակավ հայտնեց, որ բանակում տեղի ունեցող դատապարտելի երեւույթների հետեւանքով հրամանատար աշխատանքից ազատելով՝ ինքը իրավիճակը կարող է փոխել, սակայն պատկերը միանգամայն այլ է: Բանն այն է, որ բանակից դիզվառելիք գողանալու դրսեւորումները շարունակվում են:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017 թվականի մարտի 30-ին, երբ պաշտոնապես ՊԲ N զորամասի դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանին է վստահվել 280լ. դիզելային վառելիք, որպեսզի այն մարտական դիրքի անձնակազմին հատկացնի, նա վառելիքը տեղ չի հասցրել: Օգտվելով զորամասի պաշտոնատար անձանց կողմից իր նկատմամբ դրսեւորած վստահությունից՝ նույն դիրքում մարտական հերթապահության նշանակված, պայմանագրային զինծառայող Արման Ստեփանյանին ասել է, որ նա կարող է վերցնել իրեն վստահված 280լ. դիզելային վառելիքից 140 լիտրը եւ օգտագործել ինչպես կկամենա, այդ թվում եւ անձնական կարիքների համար:
Հրամանատարին առանձնապես չի հետաքրքրել, որ մարտական դիրքում այդ դիզվառելիքի անհրաժեշտությունն ամեն րոպե կարող է առաջանալ: Նա «լավություն է արել» պայմանագրային զինծառայողին եւ բարեբախտաբար բռնվել է:
Իհարկե, այս արարքի համար ՊԲ N զորամասի դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Նշենք, որ դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել պայմանագրային զինծառայող Արմեն Ստեփանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը, եւ 179 հոդվածի երկրոդ մասի առաջին կետով՝ յուրացնելը կամ վատնելու հատկանիշներով:
Նրանց երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ
Հայաստանում կկարգավորվեն հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանները: Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացել 2006թ. օգոստոսի 3-ին գործադիր մարմնի՝ «Կալանավայրերում դատապարտյալների եւ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կարգի կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագիծը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Մենք սահմանում ենք, թե որ դեպքերում հացադուլ հայտարարած անձանց բժշկական օգնություն պետք է ցուցաբերվի»,-հստակեցրել է նա:

 

 

 
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել 2017-2025թթ. մարզերի զարգացման ռազմավարությունը: Որոշման նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ծրագրի ընդունումը պայմանավորված է Հայաստանի մարզերի մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ռազմավարության իրականացման պարագայում մրցունակության բարձրացում է ակնկալվում, իրականացվող ծրագրերի զուգադրում տարածքային զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ Եվրամիության կողմից բյուջետային օժանդակության հնարավորություն:

 

 

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայանը հայնել է, որ 2016թ. Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ: Առաջին հերթին նա ընդգծել է Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում: Վալովայան նշել է, որ արտահանման աճը կապված է Հայաստանում արդյունաբերական արտադրության հետ: 2016թ. ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,7 տոկոս: Նման իրավիճակ է նաեւ 2017-ին: Այդուհանդերձ, Վալովայան նկատել է, որ հաջողություններին զուգահեռ կան նաեւ թերություններ, որոնք պետք է վեր հանվեն եւ ուղղվեն:

 

 

 

ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԵԼ Է
Երեկ ԱԺ-ում քննարկվել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել եւ բարելավվել է: Նրա խոսքով՝ Սեւանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերում է միայն 2017թ.: «Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել հոդված 2-ով սահմանված «լրացուցիչ վճարներ» ձեւակերպումը: Ֆինանսների նախարարության հետ կատարված քննարկումների արդյունքում օրենքի նախագծում այն վերաձեւակերպվել է եւ սահմանվել որպես հասույթի եւ կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթ»,-նշել է նա:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Միջիաղբյուր կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս