ՎԱՐՈՐԴՆԵՐԻ «ԿԱՇԻՆ ՔԵՐԹՈՂ» «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճարովի ավտոկայանատեղիների բիզնեսով զբաղվող ե՛ւ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունից ե՛ւ Երեւանի քաղաքապետարանից վարորդների դժգոհություններն օր օրի ավելանում են:

Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի կայանատեղիները, կամ այսպես կոչված` «կարմիր գծերը», հենց այս ընկերությանն էին պատկանում, եւ վարորդներից գանձվող գումարների 70 տոկոսը փոխանցվում էր այդ ՓԲԸ-ի դրամարկղ: Անցած տարվա վերջին Երեւանի քաղաքապետարանը՝ որպես նվիրատվություն, ստիպողաբար ձեռք բերեց «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը:
Հուլիսի 7-ին «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 1-ից սկսած 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս քաղաքացու հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար եւ 123.4 դրամը` ԱԱՀ: Իսկ ահա մեկ օրվա համար քաղաքացու հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամը ավտոկայանատեղիի վճար, 24.8 դրամը` միջնորդավճար եւ 24.2 դրամը` ԱԱՀ: Բացի այս, ե՛ւ քաղաքապետարանը ե՛ւ ընկերությունը վարորդներին հուշում են, որ ավտոկայանատեղիի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեն վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից: Միայն այս դեպքում է, որ ավտոկայանատեղիի վճարման չափը չի փոխվի:
Եւ չնայած սրան` «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության` բոլոր վարորդներին ուղղված հայտարարությունը բողոքի մեծ ալիք է առաջացրել: Ավելին, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարորդների գերակշիռ մասը այս թեմայի շուրջ մտադիր է նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպել: Վարորդների համար առնվազն տարօրինակ է, որ ընկերությունն ու քաղաքապետարանը հենց տարվա երկրորդ կեսին են անցնում այս փոփոխություններին: Եւ սա այն դեպքում, երբ վարորդները վերոնշյալ փոփոխության մասին նախապես չեն տեղեկանում: Ըստ վարորդների՝ սա թալանի հերթական միջոցներից մեկն է:
Սակայն վարորդները հիմնականում դժգոհում են այն բանից, որ մի ընկերություն, որը երեւանյան մայթերին կարմիր գծեր նկարելով գումարներ է աշխատում, այդպես էլ ոչ մի ծառայություն չի մատուցում քաղաքացիներին: Փոխարենը նրանց հաշվին հսկայական գումարներ է աշխատում եւ շահույթ ապահովում: Մինչդեռ կարմիր գծերը չպիտի լինեն փող աշխատելու միջոց, այլ պետք է նպաստեն քաղաքի կենտրոնի բեռնաթափմանը:
Դեռ վարորդների դժգոհությունը չմեղմացած՝ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության հաղորդագրությանը հաջորդեց քաղաքապետարանի հայտարարությունը, որում ասված է հետեւյալը. «Ավտոկայանատեղիի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար 100 դրամ, 1 օրվա համար` 500 դրամ, 1 շաբաթվա` 1000 դրամ, 1 ամսվա` 2000 դրամ, իսկ ահա 1 տարվա համար (մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) 12 000 դրամ: Վարորդներին մտահոգող գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին եւ ավելացված արժեքի հարկին»:
Քաղաքապետարանը վարորդներին վստահեցրել է նաեւ, որ SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա եւ 1 օրվա համար ավտոկայանատեղիի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:
«Ժողովուրդ»-ի հարցին` ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն արդարացավ. «SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի գումարը վճարելու համար միջնորդավճարի հարկերը այսուհետ վճարելու է բաժանորդը: Այլ վճարային համակարգերը գործում են այնպես, ինչպես որ նախկինում էին գործում: Նախկինում եթե ընկերությունն էր ստանձնել այդ պարտավորությունը, այսուհետ ծախսերը ոչ թե ընկերությունն է հոգալու, այլ քաղաքացին, տվյալ դեպքում՝ վարորդը: Դա տեւեց այնքան ժամանակ, որքան ընկերությունը կարողանում էր վճարել: Այժմ ընկերությունը չունի այդ գումարները, որոնցով կկարողանա վճարել միջնորդավճարներն ու հարկերը: Եթե ունենայինք ֆինանսական միջոցներ, միանշանակ նման հարց չէր բարձրացվի»:
Վազգեն Հարությունյանը նշեց նաեւ, որ 15 րոպեն վարորդի համար բավարար ժամանակահատված է, որպեսզի վերջինս գտնի վճարային տերմինալ եւ վճարումներ կատարի: «Գրեթե բոլոր վճարովի ավտոկայանատեղիների մոտակայքում տեղադրված կան վճարահաշվարկային տերմինալներ: Բնականաբար, քաղաքացին 15 րոպեների ընթացքում կհասցնի վճարումներ կատարել»,- համոզված նշեց Հարությունյանը:
Կարճ ասած, ստացվում է, որ մինչ այժմ այս ընկերությունները, որոնք զբաղված են վարորդների գրպանները թալանելու զզվելի աշխատանքով, սխալ են հաշվարկել, եւ հիմա ծառայությունների վճարման անվան տակ արդեն Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը բարձրացնում է «կարմիր գծերի» գումարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս