Որքան են կազմում մասնավոր դպրոցների վարձավճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները մշտապես կանգնում են դպրոց ընտրելու խնդրի առջև. ինչպես անել, որ պայմանները լինեն բարվոք, կրթությունն էլ` որակյալ: Այդպիսի փնտրտուքների ճանապարհին շատերը նախընտրում են իրենց երեխաներին ուղարկել մասնավոր դպրոցներ: Իսկ քանի որ մասնավոր դպրոցների վարձավճարները հաճախ գերազանցում են նույնիսկ որոշ բուհերի վարձավճարներին, պարզ է դառնում, որ նման շռայլություն իրենց ոչ բոլորը կարող են թույլ տալ: Մասնավոր դպրոցներ իրենց երեխաներին հիմնականում ուղարկում են պաշտոնյաները:

Գործող մասնավոր դպրոցների վարձավճարները բավական տարբերվում են միմյանցից: Օրինակ, «Տաթև» մասնավոր դպրոց հաճախելու համար ամսական 50 հազարն էլ է բավարար, սակայն «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում առաջին դասարանի տարեկան վարձավճարը ոչ ավել, ոչ պակաս կազմում է 2 մլն 100 հազար դրամ: «ԱՅԲ» մասնավոր դպրոցում տարեկան վարձավճարը կազմում է 2 մլն 500 հազար դրամ (մոտ 5.5 հազար ԱՄՆ դոլար): Այստեղ են հաճախում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեխաները:

«Անանիա Շիրակացու» անվան ճեմարանում իրենց կրթությունն են ստացել Գագիկ Ծառուկյանի երեխաները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռնուհին:

Պաշտոնյաները մեծ մասամբ, կարծես թե, պայքարի մեջ մտած լինեն միմյանց դեմ, թե ով իր երեխային կամ թոռանն ավելի էլիտար ու թանկ վարձավճարով դպրոց կտանի:

Դրանով թերևս այդ պաշտոնյաները հայտնում են իրենց խորը անվստահությունը պետական և համընդհանուր կրթական համակարգի նկատմամբ: Եթե երկրի առաջին դեմքերն  իրենց երեխաներին ու թոռներին չեն վստահում պետական հաստատության, ապա լրջորեն խորհելու տեղ ունենք:




Լրահոս