ԱՆԲԻԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի կինը՝ Սարա Նեթանյահուն, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պետական միջոցները անհարկիորեն վատնելու համար։ Հրապարակված տեղեկությունները այն մասին, որ վարչապետի տիկինը սեփական հաճույքների համար ծախսել է պետական փողերը, թվում են բավականին հիմնավոր եւ հավանաբար լուրջ գլխացավանքի կվերածվեն առաջին հերթին Իսրայելի ղեկավարի համար։ Իսկ Հայաստանում առաջին տիկինը կոռուպցիոն սկանդալների մեջ չի հայտնվում՝ այդ «պատիվը» թողնելով իր ամուսնուն։

Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սառա Նեթանյահուի վատնած միջոցների ընդհանուր գումարը կազմում է 110 հազար ամերիկյան դոլլար։ Պարզվում է, որ վարչապետի տիկինը հանրային ֆոնդերը օգտագործել է իր համար ճոխ ընթրիքներ կազմակերպելու եւ մասնավոր խոհարարներ վարձելու վրա։ Պետական արարողակարգային հանդիպումների պարագայում, բնական է, հանրային միջոցները կարող են օգտագործվել, սակայն վարչապետի կինը իր մասնավոր ու անձնական զվարճանքների համար նույնպես պետական միջոցներով վարձել է խոհարարների, որպեսզի նրանք պատրաստեն երեկոների ընթրիքը։ Այդ նպատակի համար գումարները պահանջվել են վարչապետի նստավայրից՝ ներկայացնելով իբրեւ պաշտոնական արարողակարգի մաս։ Վարչապետի եւ նրա տիկնոջ նախկին մտերիմներից մեկը հրապարակավ արդեն իսկ խոստովանել է, որ տիկինը մեկ անգամ չէ, որ հայտարարագրել է հյուրերի՝ իրականությանը չհամապատասխանող ավելի մեծ թիվ, որպեսզի հատկացվող գումարը ավելի մեծ լինի՝ թանկ սնունդ պատվիրելու համար։
Սառան Բ. Նեթանյահուի երրորդ կինն է եւ ակնհայտորեն չի տարբերում պետականի ու մասնավորի սահմանները։ Երբ Երուսաղեմում վարչապետի պաշտոնական տան համար պետական միջոցներով կահույք էր գնվել, առաջին տիկնոջ պահանջով այն տեղափոխվել էր անձնական բնակարան։ Իսրայելում իշխանությունների թույլ տված շռայլությունների ու կառավարման ցածր որակի դեմ պայքարող մի շարք գործիչներ համոզված են, որ նոր բացահայտումները իրենց երկար սպասեցնել չեն տալու։ Կարծիք կա, որ Նեթանյահուի անվան շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալները հավասարապես վերաբերում են նաեւ նրա կնոջը։ Ըստ Էլիադ Շրագայի, որը Իսրայելում որակյալ կառավարման շարժման իրավական հարցերի համակարգողն է ու վատ կառավարման ամենախիստ քննադատներից մեկը այդ երկրում, կարծում է, որ Սառա Նեթանյահուի վարքը միշտ էլ նույնն է եղել, պարզապես հասարակության ուշադրությունից վրիպել է ամուսնու ճչուն գործողությունների պատճառով։ Տպավորություն է, որ տիկինը չի կարողանում ընկալել, որ ինքը ընդամենը վարչապետի կինն է եւ պետք է բավականին համեստ պահի իրեն։
Այսքան ժամանակ Սառա Նեթանյահուի շվայտ կյանքը մեծ ուշադրության չէր արժանանում այն պատճառով, որ նրա վարչապետ ամուսնու անունն էր հայտնվում իսրայելական ԶԼՄ-ների ամենօրյա քննարկման կիզակետում։ Մի շարք գործերով այսօր անգամ հետաքննություն է գնում, որի շրջանակներում Իսրայելի վարչապետը հանդես է գալիս մեղադրյալի կարգավիճակում։ Գործերից մեկում Բենջամին Նեթանյահուն մեղադրվում է գիտակցված կերպով ապօրինաբար իսրայելցի մեծահարուստներից թանկարժեք նվերներ (այդ թվում՝ սիգարներ ու շամպայն) ընդունելու համար։ Նախատեսվում է, որ Իսրայելի ոստիկանությունն իր գնահատականը այդ կապակցությամբ պիտի ներկայացնի դեկտեմբերին։ Մեկ այլ գործով վարչապետը մեղադրվում է իսրայելական տեղական օրաթերթերից մեկի հետ գաղտնի համաձայնության գալու մեջ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նեթանյահուն այդ թերթում իր մասին դրական հոդվածներ տպագրելու դիմաց շարունակաբար արհեստական խոչընդոտներ է ստեղծում մրցակից մեկ այլ թերթի համար։ Բայց ամենածանր մեղադրանքը վերաբերում է գերմանական ընկերություններից մեկի հետ ռազմական պայմանագրի կնքմանը, որով իսրայելական նավատորմի համար հատուկ տեխնիկայի ձեռքբերում է նախատեսվում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վարչապետը քանիցս միջամտել է պայմանագրի կնքմանը՝ ի շահ իր մտերիմների ու ծառայեցրել պաշտոնեական դիրքը անձնական շահերի համար։ Թեպետ նա հետեւողականորեն հերքում է իր մասնակցությունը, սակայն փաստերը կարծես հակառակն են վկայում՝ ցույց տալով նրա մերձավորների գերշահագրգռվածությունը այդ հարցում։
Հայաստանում առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հայտնի չէ կոռուպցիոն սկանդալներով կամ էլ պետական միջոցները վատնելու մասին պատմություններով։ Մինչդեռ հայտնի է պաշտոններ բաժանելու տգեղ սովորությամբ։ Ի դեպ, մամուլում քանիցս գրվել է նրա անձնական շահագրգռվածության մասին Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի եւ այլոց պաշտոնեական առաջխաղացումներում։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն գործողություններին, ենթադրելի է , որ առաջին տիկինը հազիվ թե կարիք ունենա անձամբ դրանց մասնակցելու։ Քանի որ Սերժ Սարգսյանը իր ողջ գիտակցական կյանքում զբաղեցրել է պետական պաշտոններ եւ օրենքով իրավունք չուներ այլ, առավել եւս ապօրինի աղբյուրներից ֆինանսական եկամուտներ ստանալ, բնական է, որ առաջին տիկինն էլ իրեն թույլ չէր կարող տալ նման շքեղություններ։ Իսրայելի հետ ամեն առիթով համեմատվել փորձող հայկական սնապարծ ղեկավարությունը այս առումով կարող է լիովին հպարտանալ, քանզի իսրայելցիների՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի ապօրինի քայլերի պատճառով անգամ այդ երկրի իրավապահներն են գործեր հարուցում, մինչդեռ Հայաստանում իշխանության բռնազավթման պայմաններում նման շորշոփ չկա անգամ։ Ըստ էության, ողջ պետական համակարգը անվերապահորեն ենթակա է Սերժ Սարգսյանի անձնական կամքին, եւ որեւէ ոստիկան կամ քննիչ գլխից ձեռք չի քաշել՝ հետաքննելու նրա անվան շուրջ պտտվող ամենատարբեր տեղեկությունները, ինչպես օրինակ՝ նրա ունեցվածքը մերկացնող ռուսական մամուլի հրապարակումները։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ընթաքում ընդունվել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը եւ լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Ընդունված որոշման համաձայն՝ անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժի, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել գների միջեւ եղած տարբերությունը:
Ինչպես նաեւ, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ եւ այլն):
Միաժամանակ հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել այս տարվա ընթացքում:
Հաշվի առնելով հաշմանդամներին տրամադրվող սարքավորումների գնային վայրիվերումները՝ հասկանալի է, որ կան որակյալ ու անորակ սարքավորումներ՝ կախված վերջիններիս գնային արժեքից։ Հասկանալի է, որ սպասվում են գումարների յուրացման դեպքեր։
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ԴԵՊՔ
Հուլիսին Հայաստանում լայմի հիվանդության 4 դեպք է գրանցվել։ «Վարակիչ հիվանդությունների, սննդային եւ քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիս ամսվա զեկույցի համաձայն՝ չորս դեպքն էլ գրանցվել են Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում: Հիվանդներից մեկը եղել է 3 տարեկան, իսկ մյուսները՝ 4-7 տարեկան երեխաներ: Առաջին անգամ բժշկի են դիմել կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո (տզի խայթոցից 1-1.5 ամիս անց):
Հիվանդներն ուղեգրվել են Երեւան՝ լաբորատոր հետազոտության: 3-ի մոտ դրական արդյունքը բացահայտվել է անմիջապես, իսկ մեկ հիվանդի մոտ՝ 1 շաբաթ անց: Լայմի հիվանդությունը միջին ծանրության կլինիկական ընթացքով տարափոխիկ հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Այս հիվանդության գաղտնի շրջանը 3-32 օր է: Հիվանդության վաղ շրջանի ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը եւ «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը:




Լրահոս