Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց պետք են սենսացիաներ. Էդվարդ Նալբանդյանը` տարածքների հանձնման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առաջնահերթ է համարում Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում տարածքների վերաբերյալ արտգործնախարարի ելույթի հետ: «Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածը անցյալ է: Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին: Դրանք հենց, եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում, եւ այս սկզբունքները կամ տարրերը տարանջատելը մեկը մյուսից անհնար կդարձնեն կարգավորումը, որը եւ փորձում է անել Ադրբեջանը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրեց, որ իր ելույթում նա նշել է բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին, մանրամասնորեն դրանց անդրադարձել: «Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց պետք են սենսացիաներ: Դրա կարիքը չունենք. մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարություններին, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ ճանապարհ դեպի կարգավորում, ինչից էլ Ադրբեջանը միշտ հրաժարվում է»,-ընդգծեց նախարարը




Լրահոս