Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհ է, որով գնում է Սերժ Սարգսյանը 21 տարի. Վահան Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նակամով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Խաբողը պետք է հասկանա, որ խաբելով ուրիշին՝ խաբում է նաեւ իրեն: Հայկական իրականությունում այս պարզ ճշմարտությունը չի ընկալվում: Արդյունքում ունենք շարունակական անկում, քայքայում, բարոյազրկում:
Ընտրությունների կեղծումը ոչ միայն ամենավտանգավոր խաբեությունն ու ինքնախաբեությունն է, այլեւ ամենաանթույլատրելի վարքագիծն է պետականության հանդեպ: Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհ է, որով գնում է Սերժ Սարգսյանը 21 տարի:
Երկրի այսօրվա վիճակը պայմանավորված է դրանով: Հայաստանն այսօր օրենսդրորեն եւ կառավարման համակարգով իրենից ներկայացնում է բազմագույն, բազմաորակ պատառներից կիսակարկատած սավան, որը ամեն ժամ ինչ-որ տեղից ճաք է տալիս:

Հայոց պետականաշինարարները մերժեցին միջազգային փորձը, որ պահանջում էր ազգային ու համամարդկային արժեքների ներդաշնակեցում, կիրառական վիճակի ապահովում, ապա ներդրում, այն էլ՝ հատվածային: Դա չարվեց: Արդյունքում ստացանք արժեզրկված իրականություն, որտեղ ազգային արժեքները մերծված են, իսկ համամարդկային, եվրոպական արժեքները կալանված ու կիրառումից հանված են:
Ախտորոշումը հետեւյալն է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը անտեսել է պետական եւ ազգային շահը (Հայաստանի դեպքում դրանք նույնն են), եւ պահպանել են անձնական շահը:
Սա քրոնիկ, 22 տարվա հիվանդություն է, որի սկզբնաղբյուրը, հետագայում նաեւ պահապանը, Սերժ Սարգսյանն է: «Կառավարի՛ր արդարությամբ եւ երկրում հանգստություն կլինի». սա կառավարման գլխավոր աքսեոման է, բայց ոչ Հայաստանի համար, որովհետեւ արդարությունն անհամատեղելի է անձնական շահի հետ:

Կա իշխանության ձեւավորման երկու ճանապարհ՝
ա)ժողովրդի վստահության
բ) բռնազավթման
Հայաստանում, այն բռնազավթված է 21 տարի, եւ պետությունը, որպես ժողովրդի (բոլորի) շահերը սպասարկող մարմին, չկա, բայց կա ընտրյալների խմբի շահերը սպասարկող ռեժիմ: Այստեղ զարմանք չկա: Աշխարհին շատ նման դեպքեր են հայտնի: Ցավալին այն է, որ դա մեր երկրում է, որը 1/3 դարձել է աղետի գոտի՝ երկրաշարժով, ներքաշվել է պարտադրված պատերազմի մեջ, կորցրել է տնտեսությունը՝ որպես համակարգ, եւ պաշարված է թշնամիներով: Այսքանից հետո դժվար էր պատկերացնել, որ կգտնվի մի հայ մարդ, որը նման վարքագիծ ընտրի կառավարման մեջ: Առավել անմխիթար է արտաքին քաղաքական ոլորտը, որը դատապարտված է ապարդյուն մաղել Եվրոպայի, ԱՄՆ-ի լիմիտը՝ չունենալով հստակ հայեցակարգ: Ռեժիմի պայմաններում այլ վիճակ հնարավոր չէ: Ինքնգալուխ, առանց Արցախի լիազորման «վերցրել են» միայն Արցախին պատկանող դերը, աջ ու ձախ խոստումներ տվել, խճճվել ու ամբողջ ազգը տանում են կործանման:
Երկիրը ամայացնող արտագաղթը, ժողովրդի ունեզրկումը եւ աղքատացումը, անարդարության ու կամայականության օր օրի խորացումը, անբուժելի հիվանդների ավելացումը, թմրամոլության շեշտակի աճը՝ ռեժիմի գոյության հետեւանքն են: Նույնի հետեւանքն է նաեւ իմ, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սէֆիլյանի, Գառնիկ Մարգարյանի, Վովա Առաքելյանի, Անդրեաս Ղուկասյանի, «Սասնա ծռեր»-ի, Շանթի եւ հարյուրավոր այլոց բանտում գտնվելը: Ռեժիմը դարձել է երկրի ապագայի իրական սպառնալիք: Հայությունն ունի երկու գերխնդիր՝
ա)ազատվել ռեժիմից
բ)հասնել Արցախի խնդի արդարացի լուծմանը:

«Պետության կայունությունը պայմանավորված է ինքնաբավությամբ». Արիստոտել:
Կիսադատարկ, բնական, քաղաքական, ռազմական, տնտեսական աղետի շեմին կանգնած Հայաստանի ռեժիմը շարունակում է միակ խնդիր տեսնել սեփական ինքնաբավության ապահովումը:
Եթե երկրում լիներ օրենքի եւ օրինականության պահապան դատա-իրավական համակարգ, ռեժիմը վաղուց վերացած կլիներ, սակայն այն սերտաճել է ռեժիմի հետ, վերածվել նրա հրահանգների կատարածուի եւ դարձել է պետականության քայքայման եւ երկրի ավերման ակտիվ մասնակից:
Ուստի ռեժիմի գոյության դադարեցումը դարձել է համահայկական, համաժողովրդական գերկարեւոր խնդիր: Չեզոքությունը այստեղ հավասար է ինքնամահախոսական կազմելուն:

ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյան»:




Լրահոս