ԴՊՐՈՑԻ ՀՀԿ-ԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ տարվա ընթացքում մեր երկրում հետեւողականորեն ոչնչացվում է ուսուցչի բարձր կոչումը: Նրանց ստիպում են դառնալ ընտրակեղծարար, շողոքորթ ու քծնողների մի խումբ: Բայց տարվա մեջ մեկ անգամ գնահատվում են ուսուցիչները՝ իրենց կոչման համար:

Երեկ Հայաստանի տարբեր վայրերում նշվում էր ուսուցչի տոնը: Մարդիկ նույնիսկ մի պահ մոռացել էին ընտրակեղծարար-ուսուցիչ տեսակի մասին՝ շնորհավորելով մանկավարժներին՝ սերունդ կրթելու իրենց բարձր առաքելության համար: Բայց ավանդույթի համաձայն՝ գնահատվողների մեջ մեծ տեղ ունեն այն ուսուցիչները կամ տնօրենները, որոնք ընտրական գործընթացների ժամանակ են իրենց ակտիվությամբ աչքի ընկել, այլ ոչ թե մատաղ սերնդին կրթելու գործընթացում:
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ միջոցառման մեկնարկին ունեցած ողջույնի խոսքում հայտարարել է, թե այսօր հասարակությունը կրկին սկսում է արժեվորել, թե ինչ առաքելություն ունի Ուսուցչի օրը:
Երեկ հայտարարվեց, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում` ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում` ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը: Տեղեկացնենք, որ տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 10 մլն 400 հազար դրամ` «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու համար: Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար կծախսվի 5 մլն 200 հազար դրամ: Եւ «Լավագույն դաստիարակին» ու «Լավագույն ուսուցչին» շնորհվել են ավտոմեքենաներ` «Կիա Ռիո» մակնիշի:
Իսկ ովքե՞ր են պարգեւատրվողները, ինչո՞վ են աչքի ընկել: Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, ում, վարչապետի որոշմամբ, նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մերի Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը:
Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ուսուցիչներին խոստումով են կերակրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուսուցիչն ու դաստիարակը տեսականորեն են պարգեւատրվել ավտոմեքենաներով: Պատճառն այն է, որ կառավարության աշխատակազմը դեռ չի գնել այդ ավտոմեքենաները: Նրանք գումարի հատկացումն արել են, նշել, թե ինչ մեքենա պետք է գնեն, բայց իրականում միայն խոստում են տվել ուսուցիչներին:
Ահա այսպես՝ ՀՀ կառավարությունը անգամ պարգեւներն է խոստումով շնորհում: Իսկ թե երբ մարդիկ առարկայական կստանան իրենց վաստակած երկաթե նժույգները, արդեն կարեւոր չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԱՆՔԵՐԸ ԿԻՍԱՔԱՆԴ ԵՆ
Վերջին 20 տարում մասնավոր անձինք Տավուշի մարզում բազում եկեղեցիներ, մատուռներ են կառուցել: Իսկ հնամենի Կիրանցի, Սուրբ Աստվածածնի, Սամսոնի, Դեղձնուտի, Առաքելոց վանքերը եւ բազում հինավուրց եկեղեցիներ անմխիթար վիճակում են: Տավուշի մարզում գտնվող նշանավոր վանքերի՝ Գոշավանքի եւ Նոր Վարագավանքի նորոգումը կիսատ է: Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց: Նրան ներկայացվեց 12-13-րդ դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու նորոգումը: Գոշի վարչական ղեկավար Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ 2016թ. գարնանը վերսկսվել են վանական համալիրի նորոգման աշխատանքները, որոնք տեւել են մինչեւ ուշ աշուն: «Սուրբ Աստվածածին» եկեղեցու գմբեթից զատ՝ փոխվել են այդ եկեղեցու գմբեթից ներքեւ գտնվող 2 ծածկերը: Նա հայտնեց, որ 2017թ. ամռանը, երեւի օգոստոս ամսից, Մխիթար Գոշի մատուռի շրջակայքը սալիկապատվում, բարեկարգվում է, վանական համալիրի տարածքում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այդտեղ քարեր են բերվել: Գ. Ամիրխանյանի խոսքերով՝ վանական համալիրի նորոգումը նուրբ գործ է, որը ժամանակ է պահանջում: Հավելեմ, որ արդեն 4 տարի ընթանում է Գոշավանքի նորոգումը, սակայն գործի մեծ մասը մնում է: Հիշեցնենք, որ 2013թ. «Գոշավանք» պատմարգելանոցային թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն շենքից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Դրանք գցված են մասնավոր մի կառույցի նկուղում, իսկ Գոշում թանգարանի նոր շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի վարչական տարածքում գտնվող Նոր Վարագավանքը հայտնի հոգեւոր օջախ է: Մոնղոլների կողմից Վարագավանքն ավերելուց հետո Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թ. այստեղ է տեղափոխել Վարագավանքի մասունքները, այդ թվում Սուրբ Խաչափայտի կտորը, որը բերել էին Հռիփսիմյան կույսերը: Ամեն տարի սեպտեմբերի վերջին Նոր Վարագավանքում Վարագա Սուրբ Խաչի տոնն է, Սուրբ Էջմիածնից այստեղ է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը հավատացյալների երկրպագության համար, մատուցվում է տոնական պատարագ:
Վանական համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ընկերության հաշվեկշռում: 2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Նոր Վարագավանքում, քննարկել դրա վերանորոգման հարցը: 2012թ. սկսվեց վանական համալիրի նորոգումը: Այն կատարվեց «Իդեալ համակարգ»-ի սեփականատեր Նորայր Խաչատրյանի եւ Ռաֆիկ Մանուչարյանի միջոցներով: 2014թ. աշնանը նորոգման աշխատանքները դադարեցվել են, վերանորոգվել է վանական համալիրի շուրջ 70 տոկոսը: Վարագավան համայնքի ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու օրից՝ 2015թ. հունիսի 7-ից հետո ինքը վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ չի տեսել: Վանական համալիրի մնացած հատվածը ե՞րբ, ո՞ւմ միջոցներով կնորոգվի, գյուղապետը չգիտի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը երեկ հանդիպում անցկացրեց ենթախմբի առաջատար Լեհաստանի ընտրանու հետ, իսկ հայ ֆուտբոլասերները հերթական հիասթափությունն ապրեցին: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է անհաջող հանդիպումների ընթացքը. երեկվա հանդիպումը եւս բացառություն չէր. այն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Լեհաստանի:

8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով գտնվում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: Այս արդյունքը ոչ այլ ինչ է, քան ձախողում: Համեմատության համար բավական է նշել, որ Լեհաստանն ունի 19, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում գտնվող Դանիան եւ Մոնտենեգրոն՝ 16-ական միավոր:
Նշենք, որ պաշտոնական վերջին 16 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տարել է ընդամենը երկու հաղթանակ, երկուսն էլ ավարտել ոչ ոքի: Այսինքն՝ 16 հանդիպումներից 12-ում մեր հավաքականը պարտություն է կրել: Խաղից խաղ Հայաստանի հավաքականն էլ ավելի թույլ խաղ է ցուցադրում. վիճակագրությունն էլ դրա վառ ապացույցն է:
Ի վերջո, ինչու է հավաքականում նման անմխիթար վիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, հայկական ֆուտբոլն անկում է ապրում: Որպես ՀՖՖ գործկոմի անդամ՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս իրավիճակում հայտնվելու պատճառը:
-Ցանկացած հավաքականի ուժեղ լինելը պայմանավորված է տվյալ երկրի ակումբային առաջնության ուժեղությամբ: Մինչեւ չունենանք ուժեղ առաջնություն, չենք կարող ունենալ ուժեղ հավաքական: Կարող է մի պահ լավ լինել խաղը, բայց դա չի նշանակում, որ հավաքականի վիճակը լավ է:
-Իսկ գործկոմի անդամների հետ հայկական ֆուտբոլի հարցը չե՞ք քննարկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջինս ի՞նչ ելքեր է տեսնում ստեղծված իրավիճակից:
-Մենք միշտ էլ այդ թեմաներին անդրադառնում ենք: Ելքը մեկն է, պետք է կարողանանք ունենալ ուժեղ առաջնություն, իսկ դրա համար էլ պետք են ֆուտբոլում ներդրումներ: Պետք է լինեն մարդիկ, ովքեր սեր ունեն ֆուտբոլի նկատմամբ, որպեսզի ներդրումներ անեն ֆուտբոլում:
-2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:
-Անձից կամ ղեկավարումից կախված չէ հավաքականի վիճակը, որպեսզի ֆեդերացիայի նախագահի կամ այլ մեկի հրաժարականի հիմքերը տեսնենք: Ես էլի եմ ասում, դա կախված է ակումբային առաջնության հետ: Մենք պետք է ունենանք ուժեղ ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք հավաքականը համալրել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին: Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ, ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը: Հավելենք, որ նա ՀՖՖ նախագահ էր ընտրվել 2002 թվականին:
Հ. Գ. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որ անվերջ խոսում է տուրիզմի զարգացման մասին, ֆուտբոլի զարգացման եւ դրա արդյունքում տուրիստներ ներգրավելու հեռանկարի մասին, դեռ շոուներ է բեմադրում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս