ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի «Doing Business-2018» գործարար միջավայրի բարելավման զեկույցի համաձայն՝ Հայաստանն 9 հորիզոնականով զիջել է իր դիրքերը՝ 38-րդ տեղից հայտնվելով 47-րդ հորիզոնականում:

Ու սա այն դեպքում, երբ իշխանություններն ամեն քայլափոխի փորձում են համոզել, թե Հայաստանում լրջագույն բարեփոխումներ են եղել գործարար միջավայրի համար: Դեռ ավելին՝ կառավարությունն իր գործունեության մեկ տարվա հաշվետվության մեջ նշել էր, թե գործարար միջավայրի բարելավման՝ 2017 թվականի միջոցառումների ծրագրի արդյունքում ակնկալում է Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում բարելավել Հայաստանի դիրքերը՝ 190 երկրների շարքում 38-րդ տեղից բարձրանալով 12 կետով: Ու հիմա, փաստորեն, «Doing Business»-ի զեկույցից պարզվեց՝ Հայաստանը ոչ միայն չի բարելավել դիրքերը, այլ նույնիսկ զիջել է:
Այս ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ պարբերաբար խորհրդակցություններ էր անցկացնում, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ հանձնարարականներ տալիս: Նման մի քննարկում նա անցկացրել էր այս տարվա մայիսի 24-ին եւ հանձնարարել էր «Doing Business-2017» միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել շահագրգիռ անձանց ու կառույցների հետ, որից հետո առաջարկությունների վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: Իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 3-ին կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, երբ քննարկվում էր «Doing Business»-ի՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը, նշվել էր 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի ամենամյա զեկույցում Հայաստանի դիրքը մի քանի կետով բարելավելու ակնկալիքների մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետ Կարապետյանն էլ պատասխանատուներից պահանջել էր ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: Միայն թե, պարզվում է, այս ամենն ուղղակի շոու էր, դատարկ փուչիկ, որը եւ պայթեց: Այլապես դժվար է հավատալ, թե ինչպե՞ս կարող է այդքան «բարեփոխումներից» հետո (իշխանությունները Հայաստանը ներկայացնում են գրեթե Նյու Վասյուկի, գրեթե Սինգապուր) շարունակվի ետընթացը:
Կառավարությունն, իհարկե, կարող է հակադարձել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, «Doing Business» զեկույցում ավելացրել է իր միավորների քանակը, իսկ 9 կետով նահանջել է, որովհետեւ մյուս երկրներն են ավելի բարձր միավորներ հավաքել: Կառավարությունը կարող է հակադարձել, թե Հայաստանը բարձր միավորներ է հավաքել՝ բարեփոխումներ իրականացնելով էլեկտրաէներգիայի ստացման եւ գույքի գրանցման ոլորտներում, եւ ինչպես նշված է զեկույցում. «Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ եւ կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ: Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները»:
Բայց արի ու տես, որ հենց այստեղ է թաղված շան գլուխը. Հայաստանում եթե անգամ որեւէ բարեփոխում է արվում, ապա սարսափելի դանդաղ: Եւ զարգացման տեմպերով Հայաստանը պարզապես ետ է մնում մյուս երկրներից, հատկապես հարեւաններից:
Համեմատության համար նշենք, որ նույն «Doing Business 2018» զեկույցի համաձայն՝ հարեւան Վրաստանը գործարար միջավայրի բարելավման առումով էապես բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա համեմատ, միանգամից 8 կետով: Ու հիմա Վրաստանը 190 պետությունների մեջ 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ասել է, թե հարեւան Վրաստանում, ըստ ՀԲ-ի, գործարարությամբ ավելի հեշտ է զբաղվել, քան Հայաստանում: Ու սա ամենեւին էլ նորություն չէ. այնտեղ իրավիճակը կտրուկ բարելավվեց 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո, եւ այս տարիներին մի շարք հայ գործարարներ իրենց բիզնեսի մի մասը պարզապես տեղափոխեցին Վրաստան:
Գործարար միջավայրի բարելավման առումով իր դիրքերը բարելավել է նաեւ հարեւան Ադրբեջանը. այդ երկիրն անցած տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 8 հորիզոնականով եւ հիմա զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը:
Այնպես որ, որքան էլ ցավալի հնչի, սակայն Հայաստանն իր զարգացման տեմպերով ետ է մնում՝ զիջելով հարեւան երկրներին:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ երեկվա դրությամբ կառավարությունը դեռ լռում էր, եւ որեւէ կերպ չի մեկնաբանել, թե իրենց հռչակած բարեփոխումներից հետո այդ ինչպես է ստացվել նման ետընթաց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ Է ՀՅՈՒՍՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը սնանկանալուց, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն եւ փորձում էր իր կյանքի հետագա ընթացքը դասավորել այլ երկրում: Սակայն մերթ ընդ մերթ կրկնվող «հայրենասիրական» նկրտումները նրան կրկին Հայաստան են բերել: Նա կրկին լծվել է իր հին աշխատանքին՝ Գեղարքունիքի մարզում զբաղված է խարդավանքներ հյուսելով: «ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ նա շարունակում է տեղաբնակների եւ Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում բնակեցվածների միջեւ սեպ խրել: Նա այս անգամ եւս խառնվել է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես նա ակտիվ է Գեղամասարի միավորված համայնքի ընտրություններում եւ պաշտպանում է թեկնածու Հակոբ Ավետիքյանի շահերը, սակայն իրականում ինտրիգներ հրահրելով՝ արհեստական միտինգներ է կազմակերպում: Հիշեցնենք, որ նա տարիներ առաջ եւս նման մի փորձ արեց, որպեսզի մի քանի գյուղերում իր իշխանությունը հաստատի, գյուղապետերի միջոցով հետագայում պատգամավորական մանդատ ստանա: Սակայն նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գործուն ջանքերով նա պարզապես վռնդվեց մարզից: Այժմ կարծես թե էստաֆետը պետք է հանձնվի ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանին, որպեսզի բնակիչները խաղաղ ապրեն:

 

 

ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔ
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանից 94 մլն 92 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել. սա ամենամեծ ցուցանիշն է վերջին մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները էականորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից դուրս է բերվել 565 մլն դոլար, ապա այս տարի կապիտալի արտահոսքը կազմել է 698 մլն 512 հազար դոլար: Ու, փաստորեն, մինչ իշխանությունները խոսում են բարեփոխումների, բիզնեսի համար շահավետ պայմաններ ստեղծելու մասին, ՀՀ-ից կապիտալի արտահոսքը ավելի մեծ տեմպեր է ստանում:

 

 

ՆՎԱԶԵԼ Է
«Ժողովուրդ»-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին նվազել է արտերկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերների չափը՝ կազմելով 160 մլն 351 հազար դոլար, որից 102.8 մլն դոլարը փոխանցվել է ՌԴ-ից, 14.7 մլն-ը՝ ԱՄՆ-ից: Օգոստոսին փոխանցումները 174 մլն 509 հազար դոլար էին:

 

 

 

ԱՐԺՈՒՅԹԻ ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գրիգորյանը թեեւ 2010թ-ից է այս պաշտոնին, բայց նոր է հայտարարագիր ներկայացրել: Գրիգորյանի դրամական միջոցները ուսումնասիրելիս տպավորություն է, թե նա տարբեր երկրների արժույթի կոլեկցիոներ է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա հայտարարագրել է 18.5 մլն դրամ, 32 հազար դոլար, 7800 եվրո, 142 հազար ռուսական ռուբլի եւ 1500 վրացական լարի: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմել է 271 հազար դրամ: Թե որտեղից է կուտակել արտարժույթները, հայտնի չէ:

 

 

 

ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՉԿԱՆ
Երեկ՝ Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին, ասել է. «Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության աշատողների աշխատավարձերում մենք 6 տոկոսի աճ ունենք, ու կառավարությունը հայտարարել է, որ 5000 աշխատող պետք է կրճատվի. այդ որտեղի՞ց են կրճատվում, որ այստեղ ավելացում ունենք»: Փոխնախարարն ասել է, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված` աշխատավարձերի բնականոն աճը, որն օրենքով է նախատեսված, պետեկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների արդյունքում տեղի ունեցած աշխատավարձի աճը եւ պարգեւատրման որոշակի միջոցները` պետեկամուտների ֆոնդի համար: Փոխնախարարը նշել է, որ կառավարման ապարատում շուրջ 770 հաստիքների կրճատում է նախատեսվում: Է. Մարուքյանը հետաքրքրվել է` փոխմարզպետները դրանց մեջ կա՞ն, որովհետեւ նախորդ կառավարությունից ինքը դա է պահանջում: Ի պատասխան Մարուքյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ այդ ցանկում փոխմարզպետները չկան:
 

 

ԴԻՄԵԼ Է ԶԻՆԿՈՄԻՆ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայության հարցով դիմել է զինկոմին: «Քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել ՀՀ զինված ուժերում, բավարար չեն: Պատգամավորական հարցմամբ դիմել եմ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ՊՆ գործող նախարարին 1993-2000թթ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար»:

 

 

ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ
ԿՀԸ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, նշել է, որ Հանրապետության 69 համայնքներում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: «Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ընտրական օրենսգրքի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ, այսինքն` նույն եղանակն է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ էր»,-ասել է նա: ԿԸՀ-ի նախագահը նշել է, որ ընտրական տեղամասեր լինելու է բոլոր բնակավայրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ընդգրկված են բնակավայրեր, որոնք մեկը մյուսից բավականին հեռու են գտնվում: Տ. Մուկուչյանի փոխանցմամբ՝ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ մոտ 1000 դիտորդներով:

 




Լրահոս