Ինչ է իրականում տեղի ունեցել «Դիլիջան ազգային պարկ»-ում. անվտանգության աշխատակիցների ծեծի և վագոն-տնակի հրկիզման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վառելափայտի բիզնեսով զբաղվող մի խումբ անձանց կողմից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության երկու աշխատակիցների վրա հարձակումը, ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրկիզումը եւ դրա հեղինակների փախուստի պատմությունը բավական մանրամասն լուսաբանվեց: «Ժողովուրդ» օրաթերթը եւս անդրադարձել է այս պատմությանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկի» տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին եւ իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից:

Այնուհետեւ միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել եւ մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Վերը բերված հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե իբր «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները Դիլիջանի ազգային պարկը պաշտպանելու համար անողոք պայքար են ծավալել ապօրինի փայտահատների դեմ, վերջիններս իբրեւ հաշվեհարդար հրկիզել են պահնորդների վագոն-տնակը:

Սակայն տեղացիների շրջանում կատարվածի բոլորովին այլ տարբերակ է շրջանառվում: Ըստ այդմ, այդ օրը փայտի բիզնեսով զբաղվողները եւ «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները նշված տեղում միասին կերել-խմել են, երբ օղին վերջացել է, քեֆ անողներից մեկը իջել է Դիլիջանի Շամախյան թաղամաս եւ էլի օղի բերել: Մինչ ուտել-խմելը փայտահատները եւ պահնորդները պայմանավորված են եղել, որ Դիլիջանի ազգային պարկի տարածքում վառելափայտ պատրաստելու եւ այն տարածքից դուրս բերելու մեկ փաստաթղթով կթույլատրվի 3 խմբաքանակ փայտ դուրս բերել:

Սակայն գինովնալուց հետո պահնորդներից մեկը հրաժարվել է պայմանավորվածությունից եւ առարկել դրա դեմ, արդյունքում վեճ ու քաշքշուկ է սկսվել: Ինչի արդյունքում էլ փայտահատներ հրկիզել են պահնորդների վագոն-տնակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրադարձությունների՝ վերը նկարագրված տարբերակը քրգործով անցնող անձանց կողմից արդեն իսկ ներկայացվել է քրեական գործը քննող քննիչներին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս