Տարի հաց և պասուց տոլմա՝ ամանորյա սեղանին․ ազգագրագետի խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից կդիմավորենք Նոր տարին՝ բարձր տրամադրությամբ, զարդարված տներով եւ տոնածառերով, ինչպես նաեւ՝ առատ սեղաններով։ Իսկ ի՞նչ դնել ամանորյա սեղանին, որպեսզի եւ հավատարիմ մնանք մեր ավանդույթներին, եւ կարողանանք հաճույք պատճառել մեր հյուրերին։ Այս հարցում հարկ է դիմել մասնագետի օգնությանը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։

Առաջին ամանորյա ավանդական ուտեստը, որն առանձնացրեց ազգագրագետը, Տարի հացն է՝ խորիզով եւ առանց խորիզի․ «Կլոր մեծ հացերը կարող եք թխել երկնային լուսատուների՝ արեւի, լուսնի, աստղերի պատկերներով, ինչպես նաեւ՝ չամիչով եւ ընկույզով։ Տարի հացի մեջ դրվում է նաեւ հատուկ նշան՝ գուշակության համար․ այն դեկտեմբերի 31-ին բաժանվում է ընտանիքի անդամների միջեւ»,-նշեց տիկին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հին հայերն իրենց սեղաններին պարտադիր դրել են նաեւ պասուց տոլմա՝ տարբեր տարատեսակներով, թփով տոլմա, ինչպես նաեւ հարիսա՝ առանց մսի։

Հաջորդ ավանդական ուտեստը, որն ազգագրագետը կարեւորում է, ամիջն է՝ ձավարով, թթու պտուղներով լցոնված հնդկահավ կամ թռչնամիս․ «Նրանք, ովքեր պահում են ընտանի հավ, կամ այլ թռչուն, կարող են պատրաստել այս ուտեստը՝ պահելով ավանդական համն ու հոտը։ Ամիջը կարելի է պատրաստել նաեւ դդումով, այսինքն՝ լցոնել հենց դդումը»,-մանրամասնեց տիկին Պողոսյանը։

Նա շեշտեց՝քանի որ ամանորյա շրջանը համընկնում է նաեւ պասի շրջանի հետ, կարելի է սեղանին դնել բուսական կերակուրներ, աղցաններ եւ ապուրներ․ «Այդ օրերին կարող եք մատուցել լոբուց պատրաստված հրաշալի ուտեստներ, սպաս՝ իշլի քյուֆթայով, ցանկացած բանջարեղենային ապուր»։

Ազգագրագետը նկատեց՝ պարտադիր չէ, այսպես ասած, ընկնել ձեւի ետեւից, փոխարենը կարելի է տոնական հաճելի սեղան գցել․ «Հարկ չկա ապուխտներ ու կոկորդիլոս դնել սեղանին։ Տոնն այն բանի համար չէ, որ ինչ-որ մեկին շշմեցնես, այլ որ բարձր տրամադրությամբ միմյանց բարեմաղթանքներ հղենք»,-եզրափակեց նա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս