«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետեւանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետեւանքով այնտեղ կնվազի առեւտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաեւ տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը: Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաեւ զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին: Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ նաեւ տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուաննայի օգտագործումը:
Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում եւ նման այլ վայրերում սահմանելով ծխողների եւ չծխողների համար առանձին սրահներ»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում