Լուսանկարն արվել է Նոյեմբերյան քաղաքում
Նոյեմբերյան քաղաքում լուսացույցը տեղադրելու հարմար տարբերակ են գտել` ամրացնելով էլեկտրասյանը: Կարելի է ենթադրել, որ վերջինս համարվում է այլընտրանքային լուսացույց: Կարեւորը` այն ծառայում է իր նպատակին:
ՀԱՐՑ. Եթե դպրոցում սովորող աշակերտն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այսինքն` մտավոր հետամնացություն, ապա ավարտելուց հետո ի՞նչ փաստաթուղթ է ստանալու նա:
Միլենա Գեւորգյան (39 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ մտավոր հետամնացություն ունեցող աշակերտներին տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական եւ միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ Հայաստանի 1232 դպրոցներից 182-ը ներառական կրթություն են իրականացնում: Մինչեւ 2025 թվականը նախատեսվում է ներառականություն ապահովել ողջ հանրակրթական համակարգում: Նշենք, որ ներառական դպրոցներ հաճախում են հիմնականում թեթեւ խնդիրներ ունեցող երեխաները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչն է հիմք հանդիսանում` կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Ի՞նչ կարգով կարելի է բողոքարկել կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում:
Նարինե Հովհաննիսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացին կարող է կացության կարգավիճակ չստանալ հետեւյալ դեպքերում`
– նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
– նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
– գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
– կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Օտարերկրացին կարող է բողոքարկել մերժման դիմումը դատական կարգով` բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար: