«Բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում անել». Բարձրագույն դատական խորհրդի անդամ-թեկնածուները` առաջադրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքարը շարունակվում է: Դատական համակարգում վստահ են, որ թեժ մրցակցության արդյունքում դատավորների մեջ կռիվը անխուսափելի կլինի, իսկ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, թե որ դատարանի դատավորներն են պայքարում Բարձրագույն դատական խորհրդի դատավորի աթոռի համար:

Դատավորները կռիվ կտան

Ինչպես հայտնի է` Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, այն ունենալու է ավելի ընդլայնված լիազորություններ: ԲԴԽ-ն կազմվելու է տասն անդամից, որից հինգին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Մյուս հինգին ընտրելու է խորհրդարանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ 230 դատավորներից 200-ն ինքնաբացարկի դիմում են գրել` հայտնելով, որ չեն ցանկանում բարձրագույն դատական խորհրիդի կազմում լինել: Բայց որքան մոտենում են ընտրության օրերը, մրցակցությունը, պայքարը ավելի են խորանում. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս եւս երկու դատավոր հրաժարվել է ԲԴԽ թեկնածու դառնալուց: Երեկվա դրությամբ 28 դատավոր պետք է պայքարեր 5 տեղի համար: Եվ այսօր հրապարակվեց 19-ի անունները, ինչը ցույց է տալիս, որ դատական իշխանությունում հասան նրան, որ ևս 9 դատավորի համոզեն չպայքարել ԲԴԽ-ի անդամ լինելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորներն են պայքարում:

Եվ այսպես` ԲԴԽ-ի անդամ են ցանկանում լինել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Կարինե Պետրոսյանը, Կենտրոնի նստավայրի դատավոր Արմեն Բեկթաշյան, Աջափնյակի նստավայրի դատավոր Անի Մխիթարյանը, Շենգավիթ դատարանի նախկին նախագահ, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Արաբկիր նստավայրի դատավոր Սիմիզար Հովսեփյանը եւ դատավոր Արսեն Բաբայանը:

Վճռաբեկում կկռվեն 4 հոգի

Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար կռիվ են տալիս դատավորներ Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյան, Ռուզաննա Հակոբյանը, Սուրեն Անտոնյանը:

Պատկերը ՀՀ վերաքննիչում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ԲԴԽ-ի անդամ դառնալու ցուցակում ընդգրկվել են դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Նարինե Հովակիմյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը:

Նշենք, որ բոլոր մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից եւս դատավորներ պետք է առաջադրվեն, եւ այս պահին մեզ հայտնի դարձավ, որ մարզային դատավորներից ԲԴԽ ընտրություններին մասնակցելու է Շիրակի մարզի դատավոր Արմեն Խաչատրյանը: Ավելին` եղել են մարզային դատարաններ, որտեղից առհասարակ առաջադրումներ չեն եղել: Իսկ ահա ՀՀ վարչական դատարանից ԲԴԽ թեկնածուների թվում են դատավոր Արգիշտի Ղազարյանը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Բաբայանը:

Նկատենք, որ դատավորները այս օրերին իրենց ծրագրեն են առաջարկում, թե ընտրվելու դեպքում ով ինչ նոր բան կարող է առաջարկել կամ անել, ասել է, թե ամեն մի դատավոր ցանկանում է իր ծրագիրը այնպես ներկայացնել, որ մյուսներից տարբերվի եւ առավելություն ունենա:

Դատավորները` իրենց շանսերի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը սպասվող ընտրությունների մասին խոսեց ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի հետ:

-Պարո՛ն Դրմեյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր ընտրվելու հաղթելու հնարավորություները եւ, առհասարակ, ո՞ւմ եք Ձեզ մրցակից տեսնում ամենաշատը` Գոռ Հակոբյանին, Ռուզաննա Հակոբյանին, թե՞ Սուրեն Անտոնյանին:

-Իմ բոլոր ընկերնեն էլ ինձ համար մրցակից են, սա ձեւի համար չեմ ասում, այլ սա իրականությունն է, քանի որ բոլորն էլ արժանի են հաղթելու, բայց ես գտնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելը մեծ բեռ է, եւ պետք է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը կայանա:

-Բայց Ձեզ ինչո՞ւ է թվում, որ այդ մեծ բեռը Վճռաբեկ դատարանի դատավորներից միայն Դուք կարող եք տանել ու Դուք պետք է հաղթեք:

-Բոլորս էլ, կրկնում եմ, արժանի ենք, բայց այդ ծանր լուծը ես ավելի լավ կտանեմ, իսկ հիմա, կներեք, զբաղված եմ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայան

Պարո՛ն Բալայան, Դուք եւս Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու թեկնածուներից մեկն եք, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը եւ, առհասարակ, Ձեզ ավելի շատ ո՞ւմ եք տեսնում մրցակից:

-Համենայնդեպս այսօրվա դրությամբ ես ինքնաբացարկ չեմ հայտնել, եւ ինքնաբացարկ հայտնելու ժամկետն էլ ավարտվել է:

-Այսինքն` Դուք թեկնածուներից մե՞կն եք:

-Երեւի թե այդպես պետք է լինի:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը եւ, առհասարակ, Ձեզ ավելի շատ ո՞ւմ եք տեսնում մրցակից:

-Ուրեմն բոլորին էլ մրցակից եմ տեսնում ինձ, քանի որ բոլորն էլ, ովքեր չափորոշիչներին համապատասխանում են, իրավունք ունեն` տեղ գտնեն այդ քվեաթերթիկում:

-Բայց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից կոնկրետ մեկը պետք է լինի, ու այս ամենը հաշվի առնելով` Ձեզ կոնկրետ թեկնածուներից ո՞ւմ եք մրցակից տեսնում:

– Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ:

Քնար Մանուկյան




Լրահոս