ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, եւ հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նաեւ ամենատարբեր միջոցներով: Մասնավորապես նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել՝ դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները եւ երկխոսության նստել: Անգամ այս գործին խառնվել են Արցախից. տարբեր հայտնի դեմքեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու եւ երկխոսության առաջարկ-միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին: Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձեւավորում, որից հետո քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, եւ Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հրաժարականի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսք գնացել է նաեւ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն վարչապետը այդ տարբերակի մասով լռել է:

 

 

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել: Միաժամանակ նա անդրադարձել է հայաստանայն իրադարձություններին միջազգային հանրության արձագանքներին, երբ հիշում եք՝ ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ միջազգային կառույցները կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել: «Կոնսենսուս գոյություն ունի աշխարհի դեստրուկցիայի դեմ պայքարող ուժերի միջեւ: Դեստրուկցիայի ուժերի գերին է հիմա Ս. Սարգսյանը,- նշել է նա՝ հավելելով,- ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնյաներից մեկը նշել է, թե բացառում է, որ Ս. Սարգսյանը ուժ գործադրի: Եթե ռուսերենից թարգմանեմ, մոտավորապես այսպես է ասել. «Ես համոզված եմ, որ խելքը կհերիքի, որ ուժ չգործադրի, իսկ եթե չհերիքեց, մենք իրեն խելքի կբերենք»:

 

 

Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը չեն կայանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ հանցագործությունների դեպքում: Ըստ մեր աղբյուրների` պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բողոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հերքել է այս լուրերը, բայց եւ ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»:

 

 

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանում անցկացվող հանրահավաքները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջային եւ ավիագործակալների ազգային ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Աշխարհի բոլոր երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, մշտապես երթեր են կազմակերպվում, բողոքի ցույցեր են անցկացվում, բայց նրանց երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն այդպես էլ չի նվազում: Չեմ կարծում, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենան զբոսաշրջության վրա»: Նրա խոսքերով` անցած տարվա ընթացքում Բարսելոնայում եւ Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում անգամ բազմահազարանոց բողոքի ակցիաները բացասական չանդրադարձան զբոսաշրջության վրա:

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Վերջին հեռուստահարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերն իսկապես ծիծաղելի էին: «Ախր գործողությունը պիտի նպատակ ունենա: Լավ, ես ինչ-որ չափով հասկանում եմ իրենց նպատակը՝ իրենք չէին ուզում, որ տեղի ունենա ԱԺ նիստը, բայց տեղի է ունեցել: Հիմա՞ ինչ են ուզում: Ուզում են գալ֊մտնել էս շենք, իրե՞նք կառավարեն: Ենթադրենք` ինչ֊որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ ա ընդունելու, իրենք ի՞նչ ա՝ դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Սերժ Սարգսյանը լինելույա ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան»,- ասել է նա:
Ու ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս օրերին, անդրադառնալով բողոքի ցույցերին երիտասարդների եւ դեռահասների մեծ թվով մասնակցությանը, փորձում են քամահրանքով վերաբերվել, առաջ տանել միտքը, թե «այս ամենը երեխեքի խելքի բանը չէ»: Միայն թե, համաձայնեք, նման պնդումներն իսկապես ծիծաղելի են հնչում: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ ընդամենը 30 տարի առաջ Հայաստանը անցել է նման իրադարձությունների բովով եւ դուրս եկել հաղթանակած: Ի վերջո, ղարաբաղյան շարժման կիզակետում կրկին նույն երիտասարդներն էին, հիմնական ցուցարարները, ակցիաների մասնակիցները ոչ միայն միջին ու ավագ սերունդն էր, այլ ավելի խանդավառված գործում էին ավագ դպրոցական տարիքի աշակերտները, ուսանողները: Ազատության հրապարակում ուսանողների ցույցերի եւ հացադուլների լուսանկարները վերջերս կրկին հրապարակվեցին Շարժման 30-ամյակի կապակցությամբ: Այն ժամանակ հարթակի լիդերները մարդիկ էին, որոնք չէին եղել կուսակցական նոմենկլատուրայի մեջ, չէին զբաղեցրել պետական կառավարման համակարգում պաշտոններ, այլ հայտնի մտավորականներ էին: Եւ Շարժումը հաղթեց: Նաեւ այդ երիտասարդների մասնակցությամբ հաջողվեց անկախություն ձեռք բերել, պետություն հիմնել, հետո արդեն հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ տնտեսական ճգնաժամ, շրջափակում, եւ այդ պայմաններում հաղթել մեզ պարտադրված պատերազմում, այն էլ թվաքանակով ու զինվածության մակարդակով երկու անգամ ավելի ուժեղ հակառակորդին: Դժվար է հիշել որեւէ երկիր, որն անցած լինի նման ճանապարհով` ունենալով նման դժվարություններ: Ի դեպ, կոմունիստական իշխանության ներկայացուցիչներն էլ էին ճիշտ նույնկերպ արտահայտվում Շարժման ակտիվիստների մասին: Պարզվեց՝ չարաչար սխալվում էին:




Լրահոս