Ապրանքները յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները: Ըստ շրջանառվող լուրերի` ԵԿՄ-ն Արցախ առաջնագիծ է հասել ապրիլի 3-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր պատերազմը:

Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ից 600-700 հոգու է իր հետ տարել Արցախ՝ առաջնագիծ: Սակայն նա փաստաթղթերում ցույց է տվել, թե իր հետ առաջնագիծ եկածների թիվն ավելի քան 2 հազար հոգի է: ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ ղեկավարությունն էլ, ըստ գեներալի ներկայացրած ցուցակի, 2 հազար հոգու համար տվել է անհրաժեշտ իրեր տեւական ժամանակահատվածի համար: Բնականաբար, դրանք չեն սպառվել, եւ ավելացված պահածոները գեներալն իր հետ ետ է բերել: Ասում են՝ այս ապրանքները յուրացնելու հարցում գեներալին մեծապես օգնել է իր կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը: Պատահական չէ, որ երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: ՈՒ կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը:

Իսկ, ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ով է Մանվել Գրիգորյանը, մեկ փոքր փաստ. ԱԺ նախագահի որոշմամբ` նրա համար արտոնություն է սահմանվել ունենալու բջջային ծառայողական հեռախոսահամար` չնայած այն հանգամանքին, որ գեներալը ոչ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ միջխոհրդարանական պատվիրակության ղեկավար: ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար: Ասել է թե` նա չի զլացել բյուջեից ամսական լրացուցիչ 60 հազար դրամ ստանալ հեռախոսային խոսակցությունների համար այն դեպքում, երբ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարագրել էր 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: ԱԱԾ-ն էլ նրա տանից հայտնաբերել էր 71.7 մլն դրամ, 80 հազար դոլար, 67.3 հազար եվրո»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս