ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բոլոր կառավարությունների ղեկավարներն իրենց ծրագրերում եւ հրապարակային ելույթներում առաջնահերթություն են համարել կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ հարցը փոխանցվել է կառավարություններից կառավարություն, եւ գլոբալ լուծումներ չեն տրվել:

Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս եւ, ընդհանրապես, իր գրեթե բոլոր ելույթներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս բազմիցս նշել է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է, հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ներկա կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է լինելու, եւ այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում եւ անհանդուրժող: Այդ կապակցությամբ վարչապետը հատուկ հանձնարարական է տվել ԱԱԾ-ին: Բնականաբար, արդեն տեսանելի քայլեր արվում են այդ ուղղությամբ, միայն թե այդ քայլերը հատվածական են, այլ ոչ թե համակարգված:
Բանն այն է, որ նախորդ կառավարությունների ղեկավարները փորձել են պայքարել կոռուպցիայի դեմ նաեւ տարատեսակ խորհուրդների կամ հանձնաժողովների միջոցով: Դրանցից մեկն էլ «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ն է: Այն Հայաստանում գործում է 2015թ-ից, որը ստեղծվել է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 19-ի որոշման: Համաձայն այդ որոշման` խորհուրդը ղեկավարում է հանրապետության վարչապետը, այսինքն` վարչապետ նշանակվելու օրվանից Նիկոլ Փաշինյանի վրա է դրված այդ խորհրդի ղեկավարի պարտականությունները: Նույն որոշմամբ նախատեսված է նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները:
Փորձագետների պնդմամբ` այն նախատեսում է մի շարք կարեւորագույն գործառույթներ, դրանց թվում հակակոռուպցիոն ռազմավարության եւ հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի նախագծերի մշակումը, ռազմավարությունում եւ (կամ) հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ խորհրդին առաջարկությունների ներկայացումը, հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի իրականացումը, գնահատումը, ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունների ամփոփումը:
Սակայն ներկայումս իրավիճակն այսպիսին է: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ոչ հիմնավոր պատճառներով անկախ փորձագիտական հանձնախումբը լուծարվել է` հակառակ Հայաստանի Հանրապետության կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն որոշման: Ոչ միայն չեն իրականացվում վերը նշված որոշմամբ ամրագրված փորձախմբի եւ փորձագետի համար սահմանված գործառույթները, այլ նաեւ չեն իրականացվում ռազմավարությամբ սահմանված գերակա ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի դեմ արդյունավետ պայքար, բազմաթիվ հակակոռուպցիոն միջոցառումներ, որոնց համար որոշված է ժամանակացույց, մնում են թղթի վրա, բացակայում է անհրաժեշտ որակյալ մշտադիտարկումը (մոնիտորինգ) իրականացնող փորձագետը:
Բացի այդ, ըստ փորձագետների, մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես առողջապահության եւ կրթության նորանշանակ նախարարները, լիարժեք ծանոթ չլինելով ոլորտի խնդիրներին, որոշումներ են ընդունում, որոնք ինչ-որ տեղ իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Փորձագետների պնդմամբ` սա է պատճառը, որ թե՛ առողջապահության նախարարը եւ թե՛ կրթության եւ գիտության նախարարը հայտարարում են, թե իրենց ոլորտներում հայտնաբերվել են ընդամենը մեկ կամ երկու կոռուպցիոն դրսեւորումներ, այնինչ ոլորտները մինչեւ կոկորդը թաղված են կոռուպցիայի մեջ:
Փորձագետների պնդմամբ` հիմա հարկավոր է հրատապ ձեւով վերսկսել խորհրդի աշխատանքները. Նիկոլ Փաշինյանը, որպես խորհրդի նախագահ, փորձագետների կարծիքով պետք է հանդիպում կազմակերպի փորձագիտական հանձնախմբի անդամների հետ, որից հետո պետք է արագ վերականգնվի փորձագիտական հանձնախմբի աշխատանքը:
Հետաքրքիր է՝ ինչ է այս մասին մտածում Նիկոլ Փաշինյանը եւ երբ կվերսկսեն խորհրդի աշխատանքները: Այս հարցով մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին, սակայն վերջինս նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրավված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»,- փոխանցեց խոսնակը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՈՆՅԱԿՆԵՐՈՎ ՆՎԵՐՆԵՐԸ
Պարզվում է` Կարեն Կարապետյանի կառավարության աշխատակազմը մինչեւ հրաժարական տալը ճոխ գնումներ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը մարտի 1-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ: Ըստ այդմ` ձեռք է բերվել 104 հատ կոնյակ, որոնց համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 2 մլն 601 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնվել է Երեւանի կոնյակի գործարանի արտադրության 0.7 լ, 20 տարվա հնեցմամբ 72 հատ «Նաիրի» կոնյակ, որի համար վճարվել է 1 մլն 573 հազար դրամ, 30 հատ «Դվին»` 0.7 լ. 10 տարի հնեցման, ընդհանուր 753 հազար 750 դրամով: Իսկ ահա 2 հատ 30 տարվա հնեցման «Էրեբունի» 0.7 լ կոնյակի համար ծախսվել է 275 հազար դրամ: Այսինքն` մեկ հատ կոնյակը գնվել է 137 հազար 500 դրամ: Նշենք, որ մարտի 1-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանել էր Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին (նա երեկ հրաժարական տվեց): Ենթադրվում է, որ այս կոնյակները Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության համար են եղել:

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԲՈՒՆՏ ԱՆԵԼ
Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում` բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների թվաքանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի եւ նույն հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու եւ լույսը չանջատելու վերաբերյալ: Խասակցությունը այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գործադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ` նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ:

 

 

 

ԳՆԵԼ ԵՆ
«Հրազդան ցեմենտի գործարան» ընկերությունը վաճառվել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` այն գնվել է «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերության կողմից: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ջի Էմ Հոլդինգ» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ջի Էմ հոլդինգ» ընկերության տնօրենը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանն է: Իսկ ինչպես հայտնի է, այս բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս գործարքից հետո գործարանում ներդրումներ են իրականացվել, եւ այն հիմա աշխատում է:

 

 

ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետը կարեւորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում եւ համոզմունք հայտնել, որ կձեւավորվի արդյունավետ համագործակցություն: Հանդիպման մասնակիցները կարեւորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

 

ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ: «Քննարկեցինք վերջին օրերին ադրբեջանական կողմից զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաեւ միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,-նշել է նա:

 

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿ
ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, թե անհարմար վիճակ է ստեղծվել, քանի որ բյուջեի կատարողականը ներկայացնում է նոր կառավարությունը, որը գրեթե կապ չունի այս բյուջեի կատարման հետ: Սարգսյանն ասել է, որ այս պատճառով իր խոսքը եւ ցանկությունն ուղղում է ապագայի կառավարությանը` հույս ունենալով, որ կլինի հենց այս գործող կառավարությունը: «Ուզում եմ, որ հաջորդ անգամ, երբ բյուջեի աճը ներկայացնեք, գոնե 3%, ոչ թե պղնձի գների աճի հիման վրա լինի, պղնձի կոնցենտրատի վաճառքի աճի հիման վրա լինի, այլ որ ասեք` ներդրումների համար հրաշալի միջավայր ենք ստեղծել, եւ այսքան միլիարդի ներդրում է եղել ժողովրդավարական ալիքի, ազատ տնտեսական դաշտի հիման վրա, աճը լինի ջրային ռեսուրսների կառավարման եւ այդ ռեսուրների վաճառքի հիման վրա»,-ասել է նա:

 

 

ՉԱՐԱՇԱՀՎՈՒՄ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով կառավարության ներկայացրած «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ասել է. «Բարեգործությունը ընտրությունների ժամանակ չարաշահվում է եւ օգտագործվում որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ: Դրա դեմ պետք է պայքարենք, որ բարեգործությունն իսկապես բարեգործություն լինի»: Նա համոզված է` կառավարության ներկայացված օրինագիծը նպատակ ունի սահմանել, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն:




Լրահոս