ԵԹԵ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՎԵՐՑՐԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԸ ԵՎ ԽՈՍԵԼ, ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս պրանկերներն արդեն երկու անգամ ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից եւ հեռախոսազրույց ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Վերջինս շնորհավորել է Փաշինյանին` վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ: Արդյոք վտանգներ են պարունակում այս զանգերը, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանի եւ Նախկին ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյան
-Պարոն Փափազյան, գիտենք, որ հստակ ձեւ գոյություն ունի, որով կատարվում են միջպետական պաշտոնական զանգերը: Կխնդրեի մանրամասնեիք, թե դա ինչպե՞ս է տեղի ունենում, երբ մի պաշտոնյան ցանկանում է կապ հաստատել մեկ այլ երկրի պաշտոնյայի հետ:
-Սովորաբար զանգ են տալիս գրասենյակ, ասում են, որ այսինչ անձն ուզում է Ձեզ հետ խոսի, Ձեզ հարմա՞ր է, նա էլ ժամ է նշանակում, եւ այդ ժամին կապը հաստատվում է, որպեսզի խնդիրներ չառաջանան:
-Հիմա անհրաժե՞շտ է, որպեսզի մեր երկրի արտգործնախարարությունը որեւէ քայլ կատարի այդ հարցով:
-Մեր արտաքին գործերի նախարարությունն այդ առումով անելիք չունի: Ես այդպես եմ կարծում: Դա առաջին հերթին վերաբերում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը: Դա իրենց խնդիրն է: Իրենք պետք է հասկանան, որ դա կեղծ է, կեղծիք է, եւ դրա դեմն առնեն, եւ ԵԱՀԿ-ն, որին նույնպես զանգել էին:
-Իսկ վարչապետ Փաշինյանը, որի անձին է վերաբերում այս հարցը, պե՞տք է որեւէ քայլ կատարի:
-Չեմ կարծում: Վարչապետը կարող է զվարճանալ:
-Պրանկերները խոսել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ եւ կարող են որոշակի տեղեկատվություն ստանալ, հետո փոխանցել հենց իրենց իշխանություններին:
-Առաջին անգամ չէ, որ նրանք այս տեսակ բաներ են անում, նման փոստ կամ խոխմա: Հայտնի մարդիկ են այդ պրանկերները: Եվ սա միայն Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի հետ կապված չի: Եվ դա Հայաստանի դեմ չի: Նրանք Ուկրաինային առնչվող նման բաներ էլ են արել` Պորոշենկոյի մասով: Այնպես որ դրան լուրջ վերաբերվել պետք չի:
-Վտանգներ, այնուամենայնիվ, չե՞ն կարող լինել:
-Ես, համենայնդեպս, չեմ տեսնում: Դրանով կարելի է միայն զվարճանալ:
-Օրինակ, եթե այն ժամանակ, երբ Դուք արտգործնախարար էիք, Ձեզ զանգահարեին, գլխի կընկնեի՞ք, որ դա կեղծ զանգ է:
-Երեւի գլխի կընկնեի: Չեմ կարող 100 տոկոսով վստահ լինել:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան


-Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կարող էր ստացվել, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պրանկերի հետ կես ժամ խոսեր, որը ներկայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
-Այսօր համացանցում ինչ ուզեք, կգտնեք, այդ թվում` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հեռախոսահամարը: Մնում է կեղծել ձայնը, ինտոնացիան, շեշտադրությունը եւ զրուցել: Հետո կարեւորն այն է, որ մարդը մասնագիտացել է եւ թեմատիկ զրույցներ է տանում: Նա էլ հաճույքով պատասխանել է:
-Իսկ ՀՀ կողմից, մասնավորապես` ԱԱԾ-ի, ի՞նչ պետք է արվի այս դեպքում: Գուցե ռուսական կողմը ցանկանում է այս ձեւով Փաշինյանին առնչվող որեւէ տեղեկությո՞ւն ստանալ:
-Ո՛չ, ամենեւին: Եթե նման բան լիներ, մենք չէին իմանա, որ նման զանգ է եղել: Ուղղակի մարդիկ իրենց հնարավորություններն են ցույց տալիս: Իսկ ԱԱԾ-ն այստեղ ոչինչ անել չի կարող: Ինչ պետք է անի, եթե զանգը կատարվում է Ռուսաստանից, Բելգիայից կամ այլ երկրից: Մնում է, որ մարդիկ, ովքեր զանգ են ստանում, ստուգեն իրենց եկած կողմնակի զանգերը: Ուրիշ պրակտիկա այստեղ գոյություն չունի:
-Ռուսական կողմը սրանով ի՞նչ է ուզում ցույց տալ:
-Սա ռուսական կողմը չէ, այլ բախտավոր դեմքեր են: Պատկերացրեք` հայ է զանգ տվողը, ինչ պետք է անի հայկական կողմը հայի համար, ոչ մի բան: Խուլիգանություն չկա, ուղղակի զանգ է, կատակ է, քրեորեն պատժելի արարք չէ:
-Այսինքն` պատասխանատվության ենթարկելու հարց չի՞ կարող լինել:
-Բայց խոսում են, հետո ի՞նչ են անում, ոչ մի բան:
-Սա վտանգներ չի՞ պարունակում, որ կարող են գաղտնի տեղեկություններ իմանալ:
– Եթե բաց հեռախոսով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պետք է գաղտնիքներ ասի, ապա ի՞նչ անենք դրա դեմ: Թող իրենք մտածեն. զանգ ստացողը թող մտածի:
-Այսինքն` վերահսկողությո՞ւն էլ չի կարող լինել:
-Ոչ մի: Վերահսկողություն պետք է սահմանի զանգ ստացողը: Այդ պրանկների թեման պարզապես անիմաստ խոսակցություններ են: Այսօր միջպետական զանգերը որպես կանոն գնում են հատուկ խողովակներով, որտեղ պրանկերներն անելու ոչինչ չունեն: Նրանք զանգ են տալիս սովորական քաղաքային հեռախոսով: Բավական է պարզել որեւէ պաշտոնյայի հեռախոսահամար եւ կարող ես զանգ տալ ցանկացած հեռախոսից: Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի անունից են զանգ տվել: Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնավոր հեռախոսներով զանգ տալ մարդու, նա կառավարական կապով կկապվի: Նա ոչ թե տվյալ պաշտոնյայի հետ կկապվի, այլ աշխատակազմ եւ այդ միջոցով կկազմակերպվի հեռախոսազրույցը: Իսկ եթե արտգործնախարարը վերցրել է հեռախոսը եւ սկսել խոսել, դա իրենց խնդիրն է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԷՋՄԻԱԾՆԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԸ

Էջմիածնում բողոքի ցույցեր են սկսվել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նրա հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ: Իհարկե, Գրիգորյանների ընտանիքի դեմ մշտապես բողոքներ եւ դժգոհություններ եղել են, սակայն մարդիկ գերադասել են բողոքել թաքուն` ոչ հրապարակային` վախենալով գեներալի ու նրա գերդաստանի հաշվեհարդարից:

Մինչդեռ երեկ Էջմիածնում այսպիսի մեծաթիվ բողոքի ակցիա առաջին անգամ տեղի ունեցավ միայն թավշյա հեղափոխությունից հետո: Երեկվա բողոքի ակցիան ուշագրավ էր իր ընդգրկվածությամբ: Մասնավորապես, հավաքված բազմության մեջ առկա էին մարդիկ Հայաստանի տարբեր վայրերից, եւ հենց բուն էջմիածնեցիներն ու քաղաքում ապրողները շատ քիչ էին: Դա թերեւս ակնհայտ էր հարցումներից հետո, երբ ներկաներն իրենք էին խոստովանում, թե Էջմիածնում չեն ապրում եւ եկել են հրապարակ` զուտ հետաքրքրությունից ելնելով:
Իսկ հանրահավաքի գլխավոր ստվերային կազմակերպիչը հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն էր՝ Դոն Պիպոն, ով չնայած երեկ ելույթ չունեցավ եւ ամեն կերպ հերքում էր, թե ինքն է կազմակերպիչը, սակայն դա մատնեցին հենց բեմից ելույթ ունեցողները, ովքեր շնորհակալություն էին հայտնում նրան այս ամենը կազմակերպելու համար: Բեմում էին գտնվում տարբեր ժամանակներում Մանվել Գրիգորյանի դեմ գործողները՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանը, ում քարոզարշավի ժամանակ ծեծել էին եւ այլք: Ու նրանք այդպես մերժում էին Գրիգորյաններին:
Ուշագրավ է, որ վաղը նույն հրապարակում նախատեսված է հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համակիրների հանրահավաքը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց հենց քաղաքապետից հասկանալ՝ ինչպես է վերաբերվում այս ցույցերին եւ պատրաստվում է հրաժարական տալ, թե ոչ: Սակայն քաղաքապետը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով. «Հունիսի 16-ին ես ասուլիս եմ տալու, եւ ժամը 17:00-ին Էջմիածնում տեղի կունենա մեր կողմնակիցների հանրահավաքը, սիրով հրավիրում եմ, եկեք եւ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»: Հավելենք, որ Կարեն Գրիգորյանը նախօրեից արձակուրդի մեջ է, եւ մինչ քաղաքապետարանի հարակից հրապարակում իր դեմ բողոքի ակցիա էր, Գրիգորյանների ընտանիքը նշում էր Կարեն Գրիգորյանի եղբոր երեխայի ծննդյան տարեդարձը:
Հետաքրքիր է՝ ինչ զարգացում եւ ավարտ կունենան իրադարձությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԱՐՈՎ ԳՆԱՍ
Երեկ ՀՀԿ-ն հերթական ԳՄ նիստն է անցկացրել, որն այս անգամ տեւեց բավական երկար՝ մոտ 2.5 ժամ: Նիստին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ ԳՄ մյուս անդամները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մանրամասն քննարկվել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես` տարբեր ոլորտներում իրավապահների բացահայտած կոռուպցիոն երեւույթներ՝ ֆինանսական միջոցների չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: ՀՀԿ ԳՄ նիստում այս առումով մտահոգություններ են հնչել: Պատահական չէ, որ ավելի ուշ` ասուլիսի ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Սա 37 թիվը չէ»:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե չի պատրաստվում արդյոք նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը վերադառնալ ՌԴ, Շարմազանովը բացասական պատասխան է տվել: «Մեր սիրելի Կարեն Կարապետյանը, իմ լավ ընկերը ներկա էր նիստին եւ բավական ակտիվ մասնակցում էր։ Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, եւ ես որեւէ կարծիք, անգամ ակնարկ չեմ լսել, որ նա ցանկանում է հեռանալ»։ Նա պնդել է, որ ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ չեն լինի, եւ Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես կուսակցության նախագահ: Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս եկած անձանց, որոնց թիվն օրեր առաջ մոտ 600 էր, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ես էական նշանակություն չեմ տալիս դրան. ուզում է 600 լինի, ուզում է 6000, 16.000 կամ 20.000։ Ով դուրս է գալիս, բարի ճանապարհ, ով մնում է, Աստված պահապան»։

 

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը դեռեւս գործազուրկ է: Այս պահին նա ոչնչով չի զբաղվում. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` ասել է Մարտիրոսյանը: Միայն թե, հիշեցնենք, որ նրան ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին է պատկանում «Ռոստելեկոմ» ընկերությունը, եւ նա կառավարություն եկավ այդտեղից՝ մինչ այդ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը:

 

 

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը, այս տարվա հունվար-ապրիլին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին ուղեւորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 5.6 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 6.9 տոկոսով: Ինչպես հայտնի է, դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով` ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս