ԹՐԱՄՓԻ ՎՆԱՍՆԵՐԸ. ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒ ԲՌՆԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթն անտարակույս մտավ պատմության մեջ՝ առաջին հերթին նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Համաշխարային նշանակության այդ հանդիպումը, թվում է, հանգուցալուծել է խոշորագույն մի ճգնաժամ, որ կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ ամբողջ մարդկության համար։ Թեպետ ԱՄՆ նախագահի հայտարարություններն առնվազն լավատեսության հիմք են տալիս, Թրամփի խառնվածքն ու բնավորությունը այս անգամ նույնպես հուշում են անկանխատեսելին։

Հունիսի 12-ին Թրամփն ու Ընը հանդիպեցին Սինգապուրում կորեական ճգնաժամին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում եւ համաձայնության եկան Հս. Կորեայի, ապա միջուկայնացման հարցի շուրջ։ Պատմականությամբ հանդերձ՝ հանդիպումը բավականին հետաքրքիր էր, եւ հատկապես ուշադրության էր զարնում երկու գործիչների վարքագիծը։ Ի տարբերություն Ընի՝ Թրամփն ավելի կաշկանդված էր։ Նա իրեն ցուցադրում էր որպես զուսպ անձնավորություն, փորձում էր ավելի ծանրակշիռ պահել՝ ի հեճուկս մյուս առաջնորդների հետ հրապարակային միջոցառումներում դրսեւորած վարքագծի։ Թրամփը Ընի հետ շփումներում պահպանում էր հեռավորությունը, թեեւ մի քանի անգամ փորձեց իր հայտնի ժեստերով ու հոգեբանական գրոհի տպավորություն թողնող ձեռքի շարժումներով ցույց տալ, թե ով է իրադրության տերը։ Մինչդեռ Հս. Կորեայի առաջնորդը շարունակաբար ժպտում էր՝ տպավորություն թողնելով, թե վայելում է իր շուրջը կատարվող աշխուժության ամեն մի վայրկյանը։ Եվ, իրավամբ, Ընը լիովին իրավունք ուներ նման պահվածք դրսեւորելու, քանի որ հայտնվել էր ԱՄՆ նախագահի հետ հավասարների կարգավիճակում։
Թրամփի ու Ընի հանդիպման հանդեպ վերապահություններ ունեցողներն առաջին հերթին շեշտադրում են հենց այս հանգամանքը, որ աշխարհի ամենահզոր տերության նախագահը ուղիղ բանակցություններ է վարում ամենակոռումպացված, տոտալիտար, աղքատ ու հետամնաց երկրի առաջնորդի հետ։ Եվ խոսքը ոչ միայն բանակցությունների մասին է, այլեւ հավասարը հավասարի հանդես գալը, ինչը առնվազն հոգեբանական լուրջ անհարմարություն կարող է պատճառել։ Աշխարհի բազմաթիվ ղեկավարներ, որոնց պետությունները հաստատապես համեմատելի չեն Հս. Կորեայի հետ, չեն կարողանում ընդունելություն ստանալ ԱՄՆ նախագահի մոտ, մինչդեռ տոտալիտարիզմի տակ կքած պետության ղեկավարը ոչ միայն ստիպեց Թրամփին հանդիպել իր հետ, այլեւ անգամ փաստաթուղթ ստորագրել։ Եվ ահա աշխարհի առաջին ժողովրդավարության նախագահը, համաշխարհային անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից դրդված, նույն սեղանի շուրջ նստեց աշխարհում թերեւս ամենատխրահռչակ ու բռնապետական պետության ղեկավարի հետ։ Հաշվի առնելով Թրամփի նախասիրությունները` անպատկերացնելի է, թե ինչպես նա այդքան իջավ իր գոռոզության ու ինքնասիրահարվածության պատվանդանից եւ բռնապետ Ընի հետ կանգնեց նույն հարթակի վրա։
Համաշխարհային մակարդակում Թրամփն ակնհայտորեն վերածվել է մեկուսացած ու մերժված գործչի հատկապես արեւմտյան տերությունների ղեկավարների հետ հարաբերությունների շրջանակներում։ Դրա նշանները կային դեռեւս նրա ընտրության ու երդմնակալության շրջանում, սակայն աստիճանաբար խնդիրներն ավելի խորացան՝ գագաթնակետին հասնելով Մեծ յոթնյակի վերջին համաժողովի ժամանակ։ Ըստ էության, այսօր Թրամփը ավելի վատ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, քան Ռուսաստանի, Չինաստանի եւ արդեն Հս. Կորեայի առաջնորդների հետ։ Սա տարօրինակ կլիներ ԱՄՆ ցանկացած նախագահի պարագայում, սակայն ոչ, իհարկե, Թրամփի։ Վերջինս աչքի է ընկնում էգոցենտրիկ բնավորությամբ եւ առավելապես հարգում ու ընդունում է այն մարդկանց, որոնք բռնակալական հակումներ ունեն եւ իրենց պետություններում վերածված են անփոխարինելի կուռքերի։ Նա անգամ հրապարակավ իր ոգեւորությունն էր արտահայտել Չինաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների առթիվ, որոնցով գործող նախագահ Սի Ծինպինը հավերժորեն իշխելու հնարավորություն է ստացել։ Թրամփը բազմիցս գովաբանել է Պուտինին` նրան ուժեղ ու խելացի առաջնորդ որակելով։ Եվ, ահա, հիմա էլ հերթը հասել է Կիմ Չեն Ընին, որին Թրամփը անվանել է «հումորով, խելացի եւ պինդ» տղա, թեպետ մի քանի ամիս առաջ «կարճլիկ մոլագար» բառերով էր որակում։
Արձանագրելի է, որ Թրամփն ավելի ջերմ հարաբերություններ է հաստատում բռնապետների, քան արեւմտյան ժողովրդավարական երկրների ղեկավարների հետ։ Եվ այդ հարաբերությունների որակից ակնհայտորեն տուժում է Միացյալ Նահանգների միջազգային հեղինակությունը՝ երկիրը գլորելով մեկուսացման հորձանուտը։ Եթե Թրամփը լիներ ցանկացած այլ պետության ղեկավար, բայց ոչ ԱՄՆ-ի, նրան հաստատապես որեւէ գագաթնաժողովի չէին հրավիրի, իսկ անձնապես այսօր հանդուրժում են բացառապես նրա ներկայացրած պետության հզորության պատճառով։ Հետպատերազմյան շրջանից ի վեր նման խնդրի առջեւ ԱՄՆ-ն կարծես չէր կանգնել, երբ երկրի նախագահը մերժվում է դաշնակիցների կողմից, որոնք արդեն փորձում են սեփական հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Մեծ յոթնյակի մյուս 6 պետությունները միասնաբար ավելի հզոր են, քան ԱՄՆ-ն, եւ պետք է վերջինիս վրա հույս չդնել սեփական խնդիրներին լուծումներ գտնելու հարցում։ Այսպիսով, ԱՄՆ-ն ավելի ու ավելի է հեռանում իր դաշնակիցներից եւ ջերմանում համաշխարհայնորեն մերժված բռնապետների հետ։ Սակայն ի տարբերություն հուսալի արեւմուտքի՝ արեւելյան բռնապետները ճակատագրական պահին չեն վարանի Թրամփին փաստի առաջ կանգնեցնելուց, եթե այդպես պահանջի սեփական շահը։ Արտաքին քաղաքականության ոլորտում Թրամփի հասցրած վնասները ԱՄՆ-ի համար բավականին թանկ են արժենալու, եւ դաշնակիցների շրջանում նախկին վստահությունը վերականգնելու համար տասնամյակներ անհրաժեշտ կլինեն։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Հունիսի 12-ին կայացել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Նախորդ 3 մրցույթների վեց նիստերը չէին կայացել, քանի որ քվորում չէր եղել, մրցութային հանձնաժողովում Տավուշի մարզպետարանի 2 ներկայացուցիչները չէին ներկայացել: Հունիսի 12-ի մրցույթում հանձնաժողովի 7 անդամները վերջապես ներկայացել են: Կայացած քվեարկությամբ 5 ձայնով հաղթող է ճանաչվել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, այդ կրթօջախը շուրջ 20 տարի ղեկավարած Մարինե Հարությունյանը: Հունիսի 13-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի տարածաշրջան աշխատանքային այցի ընթացքում Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպում ունեցավ տարածաշրջանի համայնքների, դպրոցների եւ բժշկական հաստատությունների, հիմնարկությունների ղեկավարների, տարածքի բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ Դեբեդավանի միջնակարգ դպրոցի համակարգչային մասնագետ Արմինեն, դահլիճում մարզպետին դիմելով, ասաց, որ Մարինե Հարությունյանը դպրոցում տեղավորել է իր հարազատ-բարեկամներին, դպրոցի 27 աշխատակիցներից 10-ը հենց այդ կերպ են աշխատանքի ընդունվել: Նա հիշեցրեց, որ ժամանակին աշխատանքային խախտումների համար Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հարությունյանին հեռացրել է տնօրենի պաշտոնից, Տավուշի դատախազությունը ներկայումս քննում է Դեբեդավանի դպրոցի հետ կապված քրեական գործ: Մարզպետ Վ. Ղալումյանը հարցրեց, որ եթե այդքան դժգոհություններ կան Մ. Հարությունյանի աշխատանքից, ինչո՞ւ դպրոցի տնօրենի այլ թեկնածու չի մասնակցել կայացած մրցույթներին, եղե՞լ է դեպք, երբ որեւէ մեկը մասնակցի Դեբեդավանի դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, եւ նրան դիտավորյալ խոչընդոտեն: Դահլիճում գտնվող Մ. Հարությունյանն ասաց, որ ուրիշների նման իր զավակներին Երեւանում չի պահել, նրանք բարձրագույն կրթություն ստանալով՝ հարազատ գյուղ են վերադարձել, դպրոցում որպես ուսուցիչ աշխատանքի անցել:

 

 

ԽԱՌԸ ՎԻՃԱԿ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 6 այլ պաշտոնատարների դատը: Ա. Ադամյանից հետո Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել Արամ Եգանյանը: Վերջինս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանից է: Հունիսի 12-ին Արծավաբերդի անտառտնտեսությունում մեծ, աղմկոտ վեճ է եղել` կապված 2 անտառապետի եւ անտառապահի նշանակման հետ: Նորանշանակ անտառապետերից մեկը Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի բնակիչ է, մյուս երկուսը՝ Ճամբարակի տարածաշրջանի բնակիչներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վեճի հետեւանքով Ա. Եգանյանը հրաժարական է տվել անտառտնտեսության տնօրենի պաշտոնից: Արծվաբերդի անտառտնտեսությունից մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել են, որ վեճ է եղել, Ա. Եգանյանը հունիսի 13-ին եւ 14-ին աշխատանքի չի ներկայացել, սակայն չկարողացան հաստատել կամ ժխտել նրա պաշտոնանկության մասին տեղեկությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱԻՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇԵԼ

Պարզվում է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ գազի ներտնային սպասարկման վերաբերյալ օրեր առաջ հնչեցրած հանձնարարականը անակնկալ է եղել ոչ միայն նախարարության, այլեւ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցների համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել էր քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները ծառայության սակագինն իջեցնելու եւ ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության տնօրեն Արմեն Նալբանդյանի հետ. «ԱԻ նախարարը հանձնարարական է տվել իր աշխատակիցներին քննարկել եւ տալ պատասխան կամ կարծիք, ու իրենք հիմա քննարկում են: Ի վերջո ԱԻՆ-ը որոշում չի կայացնելու, թե ով է իրականացնելու գազի ներտնային սպասարկման աշխատանքները: Դրանք «Գազպրոմ Արմենիա»-ի գործառույթն է, որը կատարում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է ԱԻՆ-ը որոշել, թե ով կատարի «Գազպրոմ Արմենիա»-ի այդ գործառույթը: Սպասենք պատասխանի եւ հասկանանք, թե ինչու»,- արձագանքեց նա: Նալբանդյանը նաեւ փոխանցեց, որ այժմ ընկերությունում աշխատանքային բնականոն գործընթաց է, կանչեր լինում են, իսկ աշխատակիցներն էլ ապահովում են բաժանորդների անվտանգությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տնօրենից հետաքրքրվեց՝ եթե «Գազպրոմ Արմենիա»-ն որոշի գործառույթների իրականացումը փոխանցել ԱԻՆ-ին, ապա այդ դեպքում ընկերությունը ինչ վնասներ կարող է կրել. «Դա «Գազպրոմ Արմենիա»-ի իրավունքն է, ես ոչ մի մտավախություն չունեմ: Բայց նշեմ, որ ընկերությունն ունի մոտ հազար աշխատող»: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատակիցները աստիճանաբար աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում եւ դուրս գալիս: Այս երեւույթը առկա է ՀՀ մարզերում, հիմնականում Արարատում: «Ես նման տեղեկություն չունեմ: Մենք մեր գործառույթները շարունակում ենք, աշխատում ենք եւ ոչ մի ավելորդ տեղեկություն չունենք»,- նկատեց ընկերության տնօրենը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս