ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Աժ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերվել էին ապրիլյան քառօրյա պատերազմին դպրոցականների, կազմակերպությունների կողմից ուղարկված օգնության արկղերը:

Սակայն մինչ այս բացահայտումը դեռեւս 2016 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, հրապարակվեցին տեղեկություններ, որ զինվորներին ուղարկված օգնությունը` հագուստը, ուտելիքը, նաեւ գումարները, տեղ չեն հասնում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՌՈ նախկին պետ Սամվել Ղուկասյանի հետ հասկանալու համար, թե ինչով էին նրանք զբաղված, երբ զինվորին հասցեագրված օգնությունը մարդիկ մեջ-մեջ էին անում, ի պատասխան` Սամվել Ղուկասյանը հայտնեց, որ իրենց ֆունկցիայի մեջ չի մտել, որ վերահսկեն, թե ուր է գնացել այդ օգնությունը, իրենք կատարել են իրենց հրահանգված աշխատանքները, իսկ այդ ամենի վերահսկողությունն իրենց գործառույթների մեջ չի եղել:
Ինչեւէ, Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում տեսանելի էին Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից գրված նամակները Հայ զինվորին: Դրանք կցված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերին, որոնք, սակայն, առաջնագծի փոխարեն հայտնվել էին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան 164 հիմնական դպրոց Արմինե Ներսիսյան
-Տիկի՛ն Ներսիսյան, կբացատրե՞ք, թե ինչպես էիք կազմակերպել քառօրյա պատերազմի զինվորներին օգնություն ուղարկելու գործընթացը:
-Ապրիլյան քառօրյային հաջորդող օրերին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ աշխատակիցների օգնությամբ գումար ենք հավաքել, կամավոր է եղել այդ ամենը, հավաքվեց 200 հազար դրամ, եւ մենք գնեցինք հիգիենայի պարագաներ, սնունդ, մայկաներ եւ այլ իրեր: Մոտ 8-ից 10 արկղ ենք հավաքել եւ երեխաների նամակներն էլ դրեցինք արկղի մեջ: Ուրեմն պաշտպանության նախարարության աշխատակիցը զինուժի օպերատորի հետ միասին եկել են, նկարահանել են ու տարել են: Գեներալի անունով գրություն եմ գրել, որ մենք այսքան գումարի սահմանում այսքան բան ենք ձեռք բերել, խնդրում ենք Ձեր աջակցությունը այն սահման հասցնելու համար, եւ այդ գրության մեջ դրել ենք 10 արկղ: Այդ ամենը տվել ենք ՊՆ-ի աշխատակցին, եւ այն տարել են: Անգամ պաշտպանության նախարարի այդ աշխատակցի անունից շնորհակալագիր ենք ստացել մեր այդ քայլի համար:
-Ո՞վ է այդ աշխատակիցը:
-Չեմ կարող ասել, քննություն է գնում:
-Ձեզ կանչե՞լ են ԱԱԾ, ասե՞լ եք, թե ում եք տվել Ձեր օգնությունը:
-Այո՛, այն ինչ կա, ես քննչական մարմնին ասել եմ: Երեկ դպրոց էին եկել իրավապահներից, անգամ այսօր մեր մանկավարժներից երեքին տարել են քննությունը իրականացնողները, որ նրանց գրություն գրենք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
Չնայած դպրոցի տնօրենը չհրապարակեց, թե ՊՆ որ գեներալի միջոցով է օգնություն ուղարկել զինվորներին, սակայն պարզեցինք, որ վերջինս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդան Ավետիսյանի հետ հասկանալու համար, թե ինչ են եղել դպրոցի կողմից հավաքված իրերը: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ապրիլյան պատերազմի օրերին իրենք հավաքագրում էին ազատամարտիկներին եւ աշխարհազորայիններին, սպառազինում, հանդերձավորում եւ ուղարկում Արցախ: Նրա խոսքով` հենց այդ օրերին է սկսվել նաեւ օգնության մի շարժում. բազմաթիվ դպրոցներից, մանկապարտեզներից, անգամ բարերարներից օգնություններ են ստացել. «Լրացուցիչ օգնություններ էինք տալիս ջոկատի անդամներին, նրանք դա դնում էին ավտոբուսների մեջ եւ գնում նշանակման վայր: Մենք այդ օրերին բազմաթիվ մարդկանց ենք հավաքագրել ու ուղարկել, հետո ասել են` էլ կարիք չկա, դադարեցրել ենք: Այդ մարդկանց հետ նաեւ այդ օգնությունները, համամասնաբար, ըստ ջոկատների, ըստ ուղղության, դրել ենք: 164 դպրոցն էլ էր արկղ բերել, մենք դա տվել ենք ԵԿՄ անդամներին, որ այդ ավտոբուսներով տանեն: Որ ավտոբուսներում տեղ չէր լինում, դրանց ուղեկցում էին փոքրիկ բեռնատարներ, հաճախ դրանց մեջ էին դրվում: Թե ինչպես է հայտնվել այդ պահուստներում, ես ոչինչ չեմ կարող ասել»:
«ՀՀ ԳԱԱ ակադ. Ա. Նազարովի անվ. եկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (ԵՖԻՍԻ), Ջոն Կարապետյան
-Մեր նախաձեռնությունն է եղել, ինստիտուտը հավաքեց անհրաժեշտ իրերը, եւ մենք մեր օգնությունը տվեցիք Շիրակի մարզի երկրապահ կամավորականներին, անգամ մեզ էլ ստացական տվեցին: 22 տուփ ենք տվել` տուշոնկա, պեչենի եւ նման այլ բաներ: Անգամ դա օգնություն էլ չէինք համարում, էլ որեւէ բան չգիտենք, տվել ենք այնտեղ ու ահա տեսանք, թե ինչ:
-Կոնկրետ ո՞ւմ եք տվել:
-Կոնկրետ տվել եմ Տավուշի երկրապահ կամավորականների անդամ Ա. Ավետիսյանին, որից էլ ստացել ենք ստացական, որ մեզանից ստացել են օգնություն: Հետոյի մասին բան չգիտենք:
Տավուշի մարզի Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբեն Խաչատրյան
-Պարոն Խաչատրյան, պատմեք, թե ինչպես հավաքագրեցիք զինվորների համար օգնություն եւ այն ում տվեցիք, որպեսզի տանեն սահման:
-Մեզ հրահանգավորել էին Տավուշի մարզի կրթության վարչությունից, որ նման գործընթաց է սկսվել, օգնություն են տանում տղաներին: Մենք սիրով միացանք բոլոր դասարաններով, արկղեր սարքեցինք:
-Ո՞ւր տարաք:
-Մեզ ասացին, որ այն, ինչ հավաքվի, կենտրոնի` Վարագավանի դպրոց տարեք, մենք էլ տարել ենք Վարագավանի դպրոց: Բավականին օգնություն էր կուտակվել, այնտեղից Զիլ մեքենան եկել ու տարել է: Մենք այլ բանից տեղյակ չենք:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Տավուշի նախկին մարզետ Հովիկ Աբովյանի հետ, ով վստահեցրեց, թե մարզից ամեն ինչ պատրաստ ուղարկել են Արցախ, գործընթացին ծանոթ է եղել իր խորհրդական Կարեն Իսկանդարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Իսկանդարյանը հայտնեց, որ երբ Տավուշի մարզի բնակիչների օգնությամբ ամեն ինչ կազմակերպել են եւ տեղադրել են Զիլ մեքենայի մեջ, Տավուշի մարզի բնակիչ կամավոր Գուրգեն Գեւորգյանին հատուկ նստեցրել են Զիլ մեքենան, որ նա օգնությունը հասցնի Ստեփանակերտ, իսկ Ստեփանակարտում նրան պետք է դիմավորեր Իջեւանի Երկրապահ կամավորականների միության նախագահ Աշոտ Երիցյանը, որի հետ կապ են հաստատել օգնությունը հասցնելու համար: «Երիցյանը դիմավորել է, եւ այդ տղան` մեր կամավորը, գիտի, թե ով ինչ է արել: Հետո մենք այնքան կոտրված ենք, այնքան էինք չարչարվել. աղջիկները, տղաները, բոլորը ինչ-որ գործ էին անում, այնքան ցավ ենք ապրում, տեխնիկական մասը մենք աահովել ենք»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գուրգեն Գեւորգյանն էլ պատմել է, թե ով է իրեն Արցախում դիմավորել եւ զինվորների օգնությունը տեղադրել հատուկ պահեստում:
-Ես ամբողջ կամազը տարել, հասցրել եմ Ստեփանակերտ, լիքը լցված օգնություն էր, Ցորի չաստ էր կոչվում, մեր Իջեւանի կամավորները այնտեղ էին, տարանք այնտեղ, մի 20 արկղ տվեցինք տղեքին, ու ոնց հասկանում եմ, մի հսկայական Զիլից դա մնաց մեր քյարը տղեքին:
-Ի՞նչ արեցիք մնացածը:
-Երբ հասել եմ Ստեփանակերտ, այնտեղ Իջեւանի երկրապահի նախագահ Աշոտ Երիցյանի հետ եմ կապ հաստատել եւ ասել են` տարեք պահեստ: Այդ պահեստը Ստեփանակերտից հեռու չէր, մի գազալցակայանի մոտ էր: Այնտեղ էլի շատ սնունդ կար դատարկված ու մի գնդապետ էր: Չգիտեմ` ով, ամեն ինչ ինքն էր կառավարում:
-Տարաք պահեստ, հետո՞:
-Այդ գնդապետը շատ վատ մարդ էր: Աշխատողների վրա մուննաթ գալով, ես այնտեղ ասեցի, որ կարող ենք մի քանի վեշ տանենք կողքը, մեր վարորդի քրոջ տղեն կողքի չաստում է, տանենք չաստ, չթողեց, ասեց` մենք սաղին էլ տալու ենք: Ոչ մի տեղ էլ մի՛ տարեք: Հետո Ձեզ ասեմ, որ վեշերը ջոկում էին: Պինդ կապածները, ծանրերը մեկ տեղ էին դնում, թույլ կապածներն ու փոքրերը` այլ տեղ, մասկիրովկա էին անում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՂ ԵՆ ԾԱԽՍԵԼ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում: Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շաժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ եւ ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: Այսօր Սերժ Սարգսյանն այլեւս իշխանություն չէ, իսկ գործողները սկսել են ստուգումներ, դիմակավորված շրջայցեր ու ձերբակալություններ քաղաքներում, ինչը միանշանակ չի ընկալվում տեղերում, նույնիսկ նկատվում են ուժային կառույցների դեմ աճող ագրեսիայի դրսեւորումներ: Տարբեր մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքապետեր են ընտրվել (որոշ դեպքերում ճիշտ է ասելը նշանակվել), մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական կարողություններ եւ բնական է, որ նրանց չէր հետաքրքրում համայնքների փոքր գումարները թռցնելը, ավելին, հաճախ նաեւ վերեւից եկած հրահանգով գումարներ են ծախսել սեփական գրպաններից, այս մարդկանց հանդեպ տեղերում ձեւավորվել է հարգանք եւ կոռումպացված չլինելու մասին համոզմունք, իսկ երբ քաղաքացիները տեսնում են իրենց համայնքի ղեկավարի հետեւից եկած հոտուկ ջոկատայինների, սկսում են անթաքույց բողոքել, թե ինչ է արել այս մարդը բացի փող ծախսելուց:

 

 

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԿԱ
«Ազատության» հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, համաձայն որի` մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանն «ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդն օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու համար», ասել է,- «Եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա. սա է իմ գնահատականը: ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողնել որեւէ հայ մարդու: Բնականաբար, այն, ինչ որ հրապարակվեց, մի բառով ասելը շատ դժվար է` վրդովմունք, հիասթափություն: Բանակի փայը գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողը ամենախիստ գնահատականին է արժանի: Միեւնույն ժամանակ անմեղության կանխավարկած, մենք չենք լսել դեռ մյուս կողմին` Գրիգորյանների կողմին: Բազմաթիվ անգամ նշել եմ, որ բանակի փայը գողացողն ամենախիստ գնահատականին է արժանի:

 

 

ԳՈՀԱՑՆՈՂ ՉԷ
Հայաստանը գոհացուցիչ չի համարում Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցին Բելառուսի արձագանքը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով Ադրբեջանին «Պոլոնեզ» կայանքների մատակարարման մասին հարցին, նշել է, որ հայկական կողմը Բելառուսին տարբեր մակարդակներով ազդանշաններ է հղել, տարվում է հրապարակային եւ ոչ հրապարակային աշխատանք: «Արձագանքը գոհացնող չէ»,- նշել է Բալայանը:

 

 

ԱՌԱՋԻՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի փոխանցմամբ` վերահսկողական առաջին ու հիմնական լիազորություններն իրականացվելու է Պաշտպանության նախարարությունում: «Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ` շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում: ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, գեներալ չէ, ով ուզում է` լինեն»,-նշել է Դ. Սանասարյանը:




Լրահոս