ՊԱՐՏՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է խնդրին անդրադառնալու դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Բանն այն է, որ մարզի Եղեգիս խոշորացված համայնքում 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն` Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում էին մեր աղբյուրները, դրանց հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որոնք ամեն ինչ անում էին Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, սակայն դա իրենց մոտ չստացվեց: Երեկ պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի աջակիցները` մոտ 20 հոգի, հերթական անգամ փակել էին Եղեգիսի գյուղապետարանը, որի կենտրոնը Շատին համայնքում է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ցուցարարների, գյուղապետի եւ տեղի բնակիչներից մի քանիսի հետ: Հարցին` ինչու են ցանկանում, որպեսզի համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հրաժարական տա, բողոքի ցույց իրականացնողներն ասացին` ինքը մանկապարտեզը չի կառուցում: Ակցիայի մասնակիցներն այդուհետ հրաժարվեցին որեւէ այլ հարցի պատասխանել` այդպես էլ հստակ չհիմնավորելով, թե ինչ պատճառներից ելնելով են ցանկանում համայնքի գործող ղեկավարին պաշտոնանկ անել:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ինչո՞ւ Դուք չեք կարգավորում մանկապարտեզի կառուցման հարցը, որի մասին բարձրաձայնում են ցուցարարները:
-Ես նշել եմ, որ մենք պատրաստ ենք լուծել այդ խնդիրը, կատարել ներդրում, բայց պահանջվող գումարը մեծ է, որը, բնական է, գյուղապետարանը չունի: Միայն մանկապարտեզի շենքը չի իրենց խնդիրը: «Աշխատատեղ տո՛ւր մեզ, մենք պիտի աշխատենք, 800 ձայն ենք ստացել»,- այսպիսի բաներ են ասում: Կարող է վաղն էլ մի ուրիշ համայնքի ժողովուրդ ոտքի կանգնի, ասի` ինձ էլ այս մի պաշտոնը տվեք:
-Այսինքն` Ձեր քաղաքական հակառակորդը չի հաշտվում պարտության հետ:
-Ինձ թվում է` չի հաշտվում: Եթե հաշտվեր պարտության հետ, որ իրենք այս ընտրություններում հաջողության չեն հասել, այս խնդիրներն այսպես չէին զարգանա:
-Դուք համայնքում հանդիպել եք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
-Նախարարը խնդիր է դրել, որ վարչական շենքը տանք իրենց, օպերատոր, հավաքարար տանք, իսկ մենք տեղափոխվենք որեւէ այլ տարածք:
-Դա խելամիտ առաջարկ համարո՞ւմ եք:
-Ո՛չ: Դա հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածին: Համայնքային կենտրոն այսօր հանդիսանում է Շատինը, եւ այս վարչական կենտրոնում եթե ես` որպես համայնքի ղեկավար, նստած եմ, ո՛չ վարչական ղեկավար, ո՛չ ներկայացուցիչ չի կարող լինել:
-Իսկ վարչապետին հորդոր կամ առաջարկ ունե՞ք:
-Ես խնդրում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս հարցերին տա դրական պատասխան, դրական լուծում, որպեսզի մարդիկ չխանգարեն մեր բնականոն աշխատանքին: Բազմաթիվ զանգեր են եղել բնակիչներից, ովքեր տեղեկանքի եւ այլ հարցերով դիմել են, բայց չենք կարողանում դրանք լուծել, քանի որ այդ մարդիկ մեքենաներով փակել են գյուղապետարանի մուտքը:
-Հիմա իրենք ներկայանում են նաեւ շարժման անունից:
-Եթե մարդն ամբողջ հոգով կանգնած է եղել Հանրապետական կուսակցության կողքին, այսօր հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանն իրականացրեց, հիմա իր կողմից են, վաղը կարող է մեկ ուրիշը հեղափոխություն անի, կասեն` մենք դրա կողմից ենք: Այսպես չի կարելի:
Հ.Գ. Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում շատինցիները եւս պնդեցին, որ գործող համայնքապետն օրինական ճանապարհով, ձայների մեծամասնությամբ անցած մարդ է: Նրանք դեմ են, որպեսզի մոտ 20 հոգուց բաղկացած ցուցարար երիտասարդներն ամեն օր խափանեն գյուղապետարանի աշխատանքը, ինչպես նաեւ տեղի բնակիչների անդորրը: Պնդում են, թե համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը լավ է կատարում իր աշխատանքը եւ հերթով առկա բոլոր խնդիրներին լուծում է տալիս: Նշենք նաեւ, որ համայնքապետարանը խնդրով դիմել է ոչ միայն Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, այլեւ վարչապետին, տեղի ոստիկանությանը եւ այլ պատկան կառույցների: Հույս ունեն, որ խնդրին օր առաջ լուծում կտրվի, եւ համայնքապետարանը կանցնի իր բնականոն աշխատանքին:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԽՄԲԱԿԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԱԶՐԿՈՒՄ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա եղբայրը՝ «Փյունիկ» հիմնադրամի խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանն այլեւս Գյումրու պատվավոր քաղաքացիներ չեն: Նրանց այդ կոչումից զրկելու որոշումն ընդունվեց Գյումրու ավագանու երեկվա նիստում: Առաջարկվել էր նախագիծ նաեւ ուժը կորցրած համարել 2006 թվականի օգոստոսի 30-ի Գորիկ Հակոբյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումը: Սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը առաջարկությամբ է հանդես եկել` խնդրելով օրակարգից հանել հարցը: «Գալա» խմբակցությունից Լեւոն Բարսեղյանը չհամաձայնեց. «Մարդը կարող է լինել հանգուցյալ, բայց պատմությունը հանգուցյալ չի լինում, կոչումները հանգուցյալ չեն լինում, ես առաջարկում եւ խնդրում եմ այս խնդրին նայել պատմական իրադարձություններ կերտողի տեսանկյունից, եթե մենք չանենք, հաջորդ սերունդներն են անելու»: Լեւոն Բարսեղյանը անդրադարձել է նաեւ Գորիկ Հակոբյանի պատճառած վնասներին՝ հայտարարելով. «Այն որ ամբարտավան էր, ապացուցված է, համացանցում տեսագրություններ կան: Գորիկ Հակոբյանը եղել է ԱԱԾ պետ 2008 թվականի մարտի մեկին, երբ Երեւանի փողոցներում Քոչարյան Ռոբերտի հրամանով եւ անմիջական ղեկավարությամբ իրականացվել է խաղաղ ցուցարարների կոտորած, առնվազն տասը հոգի գնդակահարվել է Երեւանի փողոցներում: 132 հոգի քաղաքական բանտարկյալ է դարձել, ձերբակալվել է 1500-ից ավելի մարդ, մոտ 150 հոգի մարմնական վնասվածք է ստացել, դրան հաջորդել է 380 հազար մարդու արտագաղթն անցած տասը տարիների ընթացքում: Ոչ մեկը չի կարող լուրջ դեմքով հայտարարել, որ Գորիկ Գուրգենի Հակոբյանը` ԱԱԾ պետը, կապ չունի այս ամեն ինչի հետ»
«Բարգավաճ Հայաստանից» Սուսաննա Աստոյանը միջամտել եւ հորդորել է հարգել մահացածի հիշատակը: Անձամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեմ է քվեարկել Գ. Հակոբյանին առնչվող որոշմանը:
Իսկ ահա մյուս քվեարկություններին չմասնակցեց: Պատճառը դժվար չէ կռահել. նա իր քաղաքական կարիերան սկսել է հենց Քոչարյանի ու Սարգսյանի օրոք, ավելին՝ Ս. Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել էր հենց իր քաղաքապետության օրոք: Այնպես որ Բալասանյանի վախերը միանգամայն հասկանալի էին:
Եւ այսպես, Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվելու համար կողմ է քվեարկել ավագանու 33 անդամներից 18-ը, Ռոբերտ Քոչարյանի համար` 17-ը եւ Լեւոն Սարգսյանի համար` 16 ավագանու անդամ:
Նշենք, որ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել է Սամվել Բալասանյանի օրոք, մյուս երեքը կոչմանը արժանացել են նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի օրոք:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներն առիթ էին պարզելու նրա եւ ընտանիք անդամերի գույքի եւ ունեցվածքի հայտարարագիրը:

Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մինչեւ հրաժարական տալը տարեկան հայտարարագրում նշել է, թե դրամական միջոցները կազմել են 7.3 մլն դրամ, 2100 դոլար եւ 5600 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 210 հազար դրամ եւ 5000 դրամը, որը նա ստացել է գույքը օտարելու արդյունքում: Խոսքը 5000 դրամի չափով ունեցած բաժնեմասերի մասին է, որը անցած տարեվերջին նա վաճառել է: Մինչդեռ 2016 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա հայտարարագրել է, որ երկու ընկերությունում ունի 20 հազար դրամի բաժնեմաս, իսկ մեկում` 12 մլն դրամի բաժնետոմս: Բացի այս, նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի մեկ տուն եւ Audi Q5 3.2 մակնիշի մեկ ավտոմեքենա: Նկատենք, որ նրա դրամական միջոցները 2017 թվականին, 2016-ի համեմատ, ավելացել են:
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ի տարբերություն եղբոր, պաշտոնապես ցույց է տվել, թե իբր ֆինանսական մեծ կարողութուն չունի: Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` անցած տարեվերջին ունեցել է մոտ 2 մլն դրամի չափով դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 650 հազար դրամ: Որեւէ շարժական կամ անշարժ գույք դատավոր դուստրը չի հայտարարագրել:
Իսկ ահա հայր Գրիգորյանը հայտարարագրել է, որ ունի 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: Բացի այս, նրա փոխառությունները տարեվերջին կազմել են 156 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած 59.5 մլն դրամի չափով շահաբաժինը, ամսական 512 հազար դրամ աշխատավարձը եւ «այլ եկամուտները»` 2 մլն 195 հազար դրամ:
Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Մանվել Գրիգորյանը ունի 2 հատ հողամաս, արտադրական նշանակության մեկ շինություն եւ շինութուններ: ԱԱԾ-ի կողմից հրապարակած տեսնայությում երեւացող ճոխ ավտոմեքենաները, չգիտես` ինչու, չեն հայտնվել պաշտոնական հայտարարագրում: Այսպես, ըստ պաշտոնական հայտարարագրի` նա ունի մեկական Gaz 21R, Gaz 61, Gaz 12, Peageot 405, Gaz 2217, Gaz 22Gaz 2217-5104, Gaz12: Միայն ընկերություններում ունի ավելի քան 167 մլն դրամի բաժնետոմս: Ի դեպ, Գրիգորյանների գերդաստանի հայտարարագրած մեքենաները ԱԱԾ բացահայտածի մի մասն են միայն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս