ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսված բացահայտումների շարքը հասել է նաեւ քրեական աշխարհին: Դեռեւս մայիսի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել, որ ընդհանուր առմամբ հասկանան բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնեն այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա. «Մի մասի վրա ազդում են, որովհետեւ իրենց այնպես են ցույց տալիս, որ իրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էր, թե քրեական հեղինակություններից ում է առանձնացրել, որ նրանցով զբաղվեն: Ի պատասխան` վերջինս ասել էր, որ անուններ չի կարող տալ. «Հիմա պատկերացնո՞ւմ եք` մեկի անունը ես տամ, ինչ է կատարվելու, առնվազն փախնելու են Հայաստանից»:
Մեր այն հարցին` բայց արդեն լուրեր կան, որ շատերը իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը, ԱԱԾ պետը նշել էր. «Մեր ձեռքերը շատ երկար են, մենք կգտնենք, եթե կարիքը առաջանա, հավաստիացնում եմ Ձեզ` կգտնենք»:
Ըստ էության, այս ամենից հետո որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին ընթացք կտրվի: Մասնավորապես, քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի մասով տուժողը մինչ այդ անցել էր ջրի հատակը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է եւ բողոք ներկայացրել ընդդեմ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի՝ ընդ որում բողոքը խիստ անձնական դաշտում է:

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ,տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը:
Այսպես, Ա.Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար:
Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա.Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան:
Շուրջ 3 ժամ Գ.Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա.Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ.Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:
2018թ.-ի հունիսի 18-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ տուժող Գ.Վ-ն իրավապահ մարմիններին բողոքելու փոխարեն Հայաստանից փախել է եւ հիմա նոր է որոշել նախկին վերքերը թարմացնել: Խոստովանենք, որ այս մոտեցումը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս, որ նախկինում մարդիկ, այլ անձանց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենալով, փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար:
Իսկ ո՞վ է առեւանգված եւ տուժած Գ.Հ-ն:
Պարզվում է, որ, ըստ մամուլի հրապարակումների, առեւանգված երիտասարդի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդ որում՝ ամուսնացած կանայք: «Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ նաընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի՝ այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով նա պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»,- գրվել էր մամուլում:
Եվ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արամ Վարդանյանի հարազատներից մեկը եւս ընկել է այս տղայի թակարդը: Բայց այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Արամ Վարդանյանը իր մեղադրանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել Արամ Վարդանյանիհետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ էր, ինքը կայքերից է տեղեկացել, որ իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում. «Ես արտերկրում եմ, առողջական խնդիրների հետ կապված եմ այստեղ, համապատասխան բուժում եմ ստանում, բուժումս ստանալուց հետո, երբ բժիշկները թույլ տան ինքնաթիռ նստել, կվերադառնամ, կհասկանամ, թե ինչ է կատարվում, ես տեղյակ չեմ եղել, որ ինձանով զբաղվում են իրավապահները: Մի քանի օր առաջ Հայաստանում եմ եղել, եւ ամեն ինչ նորմալ էր»:

Ինչու է քննում ՀՔԾ-ն
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու, թե ինչու մինչ այդ չէին զբաղվում այս գործով, ինչո՞ւ է հիմա Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում այս գործով. ի վերջո, բարձրաստիճան պաշտոնյա ներգրավված չէ գործում, եւ եթե ներգրավված է, ապա ով է նա: Բացի այդ, ինչո՞ւ է ՀՔԾ-ն հետախուզում հայտարարել մի մարդու նկատմամբ, ում ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու համար: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործով պատշաճ դատավարական ընթացքը պահպանվել է, եւ ծանուցում ուղարկվել է: Ինչ վերաբերում է, թե ինչու է գործը քննում ՀՔԾ-ն, ապա վերոնշյալ գործը քննիչի վարույթին է հանձնվել` ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժետությունից ելնելով, ՀՀ քր. դատ. օր. 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության սահմանված կարգով: Գործով նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ հայրենի իրավապահ համակարգը լուրջ փորձության մեջ է եւ պետք է թացը չորից տարբերի, քանի որ սկսվել է մի տենդենց. նախկինում ինչ-ինչ մարդկանց վարքից խռոված անձինք վրեժխնդիր են լինում եւ այդ ամենի համար օգտագործում են իրավապահ համակարգին: Իսկ նախկինում լռել են ձկան պես:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՂԲՈՐ ԿԱՇԻՆ ՓՐԿԵՑ
Ինչպես հայտնի է, 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ դատավարական մի շարք այլ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ եւ խուզարկություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, տնօրենը հարցաքննվել է: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը:
Իրավիճակին անդրադարձել էր Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` հայտարարելով, թե երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու համար» է Քննչական կոմիտե դիմում ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի յուրացումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե ինչու նախկինում նման ստուգում չէր իրականացրել եւ թավշյա հեղափոխությունից հետո որոշեց նման բան անել, արդյոք այս քայլին գնացել է իր կաշին փրկելու համար:
-Պարո՛ն Ավագյան, հիմնադրամի գործը տվեցիք իրավապահներին, քրեական գործը հարուցվեց, մեղադրանքն առաջադրվեց, այս քայլին գնացիք, որ Ձեր կաշին փրկե՞ք:
-Ես ինքս եմ դիմել իրավապահներին:
-Այո՛, դա արել եք, որ Ձեր կաշին փրկե՞ք:
-Ես ինքս եմ դիմել, դա դրա պատասխանն է:
-320 միլիոն դրամ փոխառության մասին է, ինչո՞ւ նախկինում նման ստուգում չիրականացրեցիք եւ նոր որոշեցիք գնալ այդ քայլին:
-Պատասխանել եմ արդեն:
-2017 թվականին իրավապահ մարմինները Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հերթական չարաշահումն էին բացահայտել: Սակայն, ինչպես ցույց տվեց նախաքննության ավարտը, Ձեր եղբայրը ջրից չոր դուրս եկավ: Ձեր եղբայրը ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն էր, սակայն միայն պահեստապետը հայտնվեց ամբաստանյալի աթոռին:
-Պետք է խնդրեմ` Բրյուսովից ճշտեք այդ հարցերը:
-Դուք միջամտեցի՞ք, որ Ձեր եղբորը պատասխանատվության չկանչեցին:
Ավագյանը չպատասխանեց, այլ լուռ հեռացավ…

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթեւեկում է թիկնազորով, եւ մեքենաներում զենք-զինամթերք կա: Նախօրեին Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն է իրականացվել. մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ եւ ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է: Մեքենաները տեղափոխել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես եւ մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաեւ ռադիոկապի միջոցներ: Հանգամանքները պարզվում են: Նշենք, որ Հ. Հովսեփյանը երկար տարիներ զբաղեցրել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, եղել է նաեւ ՊԵԿ նախագահ: Մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Հովհաննես Հովսեփյանին, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:




Լրահոս