«Դեպուտատի շոուից» հետո՝ «Լեդի-Քոբուլեթի». նոր տեսահոլովակ այն մասին, թե ինչու են հայերը նախընտրում հանգստանալ դրսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Սպիտակցի Հայկոն պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել «Դեպուտատի շոուի» ֆորմատով նկարահանված նոր տեսահոլովակ՝ «Լեդի-Քոբուլեթին»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Անդրանիկը:

«Հուլիսին արդեն այն պատարստ կլինի: Երգի խոսքերի հեղինակը Արմեն Վարդանյանն է, երաժշտության հեղինակը՝ Դիջեյ Սմոքը: Նկարահանելու ենք գունեղ, ամառային տեսահոլովակ, սակայն «Դեպուտատի շոուի» նման քաղաքական թեմաներ չենք արծարծելու, փոխարենը բարձրացնելու ենք այն հարցը, թե ինչու ենք հայերս հանգստանում, օրինակ, Քոբուլեթիում եւ ոչ Սեւանում: Համոզված եմ, որ հեղափոխությունից հետո այս խնդիրն էլ կլուծվի, Սեւանում հանգստյան գոտիներում վարձակալության եւ ծառայությունների գները կէժանանան»,-ասաց դերասանը:

Հարցին, թե որտեղ է պատարստվում հանգստանալ ինքը, հնարավո՞ր է հենց Քոբուլեթիում, Անդրանիկը պատասխանեց. «Ո՛չ, եթե երկրից դուրս գնամ, ուրեմն Սոչիում կհանգստանամ: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի հանգիստս Սեւանում անցկացնել»:

Անդրանիկը տեղեկացրեց, որ նույն ֆորմատի մեջ եւս վեց երգ թողարկելուց հետո մեծ շոու են անելու ամենաուշը մյուս տարի:

Մենք խոսեցինք նաեւ թատերական աշխարհի նորությունների մասին, եւ դերասանը հիշեցրեց «Hotel Կալիֆորնիա» ներկայացման մասին, որը ոչ վաղ անցյալում հանձնվեց հանդիսատեսի դատին Բոհեմ թատրոնում: Հուլիսին եւս կլինեն ներկայացումներ, այնպես որ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել դիտել ներկայացումը, կստանան այդ հնարավորությունը:

Որոշ ժամանակ առաջ Անդրանիկը սոցցանցերից մեկում հրապարակել էր իր քթի վիրահատությանը վերաբերող լուսանկարներ: Հետաքրքրվեցինք՝ միջամտություն իսկապես եղել է, թե դա պարզապես ֆոտոշոփի արդյունք էր. «Ո՛չ, քթի վիրահատություն չեմ արել, չեմ էլ անելու, դա ուղղակի նկար էր: Իմիջիայլոց, եթե անեմ վիրահատություն, ապա միայն մի քիչ էլ կմեծացնեմ քիթս, փոքրացնելու առիթ չեմ տեսնում»,-կատակեց դերասանը:

Անի Անտոնյան




Լրահոս