Նիկոլ Փաշինյանը սկսեց փոխել դեսպաններին. ովքե՞ր են հաջորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելիս եւ կադրային փոփոխություններ սկսելուն զուգահեռ պարբերաբար բարձրաձայնվում էր նաեւ տարբեր երկրներում ՀՀ դեսպանների փոփոխության անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ ոչ մեկ անգամ իր կարծիքը բարձրաձայնել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տեսլականի մասին:

Օրինակ հենց խորհրդարանում մայիսի 8-ին` իր ելույթի ժամանակ, երբ երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը, Փաշինյանը նշել էր. «Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը»:

Եվ ահա գրեթե 100 օր անց մենք ականատես եղանք առաջին փոփոխութանը: Երեկ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին, ով մինչ այս տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտաքին գործերի նախարարությունում: Օլեգ Եսայանի փոփոխությունն առաջինն էր, սակայն վստահաբար ոչ վերջինը, եւ առաջիկայում այլ դեսպանների փոփոխություններ եւս կտեսնենք:

Նշենք, որ Հայաստանը դեսպաններ ունի 93 երկրում, իհարկե մի քանիսում համատեղության կարգով նույն մարդն է այդ պաշտոնը զբաղեցնում: Սակայն փորձենք հասկանալ, թե, ի վերջո, ով քանի տարի է այդ պաշտոնը զբաղեցնում, եւ առհասարակ նրա աշխատանքին ականատես եղել ենք, թե ոչ:

Հայտնի է, որ շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Այլ կերպ ասած` երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Դեսպանների պաշտոններ ստանում էին նաեւ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ մատուցած անձինք, ում պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լինել: Եվ ահա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց հետ կանչել եւ մասնագետների նշանակումներ կատարել:

Սկսենք հենց Օլեգ Եսայանից: Նա 2006 թվականին նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան եւ այդ օրվանից դեսպանի պաշտոն է զբաղեցրել մեկ ՌԴ-ում, մեկ Բելառուսում: Այսինքն` 12 տարի շարունակ նա այդպիսի պաշտոններ է զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, մի քանի ամիս եղել է ԼՂՀ վարչապետ:

Վերջին շրջանում առավել հաճախ փոփոխվում էր Վրաստանում ՀՀ դեսպանը: Եվ յուրաքանչյուր անգամ ավելի զարմանալի նշանակում էր կատարվում: Այժմ այդ պաշտոնում նշանակված է Ռուբեն Սադոյանը, ով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի եղբայրն է եւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ում ձայնն անգամ խորհրդարանում ոչ ոք չէր լսել:

Երկարակյաց դեսպանների թվին է պատկանում նաեւ Անդրանիկ Մանուկյանը, ով այդ պաշտոնին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է 2010 թվականին եւ այդ ժամանակ դիվանագետ չի եղել: Եվ հետաքրքիրն այն է, որ նրան նույն օրը շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Այսինքն` արդեն 8 տարի է, ինչ Ուկրաինայում ՀՀ դեսպանը նույնն է:

2008 թվականից տարբեր երկրներում դեսպանի պաշտոններ է զբաղեցրել նաեւ Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Նա դեսպան է եղել Կորեայում, Չինաստանում, Վիետնամում, Մոնղոլիայում, իսկ այժմ էլ Բուլղարիայում ՀՀ դեսպանն է:

Ընդամենը վերջերս՝ 2017 թվականին, Կանադայում ՀՀ դեսպան նշանակվեց Լեւոն Մարտիրոսյանը, Քուվեյթում` ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Դանիայում էլ՝ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք երեքն էլ մինչ այդ եղել են հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներ եւ, անկասկած, նրանց նշանակումը եւս քաղաքական էր:

Դեսպանների փոփոխության մասին խոսելիս բոլորն առաջին հերթին նկատի ունեին նաեւ Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին: Փաշինյանն ընդգծել էր, որ դեսպանների ով լինելն ընդհանրապես նշանակություն չունի եւ այն դեսպանները, ովքեր այդ պաշտոններին նշանակվել են այլ նկատառումներից ելնելով, կազատվեն դրանից:

Իրականում այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների համատեքստում դեսպաններն ահռելի աշխատանք կարող են կատարել եւ նպաստել դրան, սակայն քանի որ Հայաստանում շատ հաճախ դեսպաններ նշանակվել են ոչ դիվանագետներ, շատ հաճախ բազմաթիվ հարցերում մեր արտաքին քաղաքականությունը թերացել է: Եվ այժմ, երբ թավշյա հեղափոխությունից հետո խաղի այլ կանոններ են գործում, եւ մեծ անհրաժեշտություն է աշխարհին ըստ արժանվույն ներկայանալն ու հեղափոխության արժեքները պահպանելը, կարեւոր է նաեւ դեսպանների պաշտոնում այնպիսի մարդկանց նշանակումները, ովքեր կնպաստեն դրան եւ առաջ կտանեն թավշյա հեղափոխության արդյունքները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս