Ծիծաղել եմ՝ կարդալով այն մասին, թե ես բաժանվել եմ ամուսնուցս. Ալլա Լևոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը։ Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ գծերը, խոսել ենք երգչուհու նախընտրությունների մասին։ Մեր զրուցակիցը պատմել է, թե  իր մասին լսած որ բամբասանքն է  վերջին շրջանում իր մոտ ծիծաղ հարուցել, ովքեր են փորձել հարվածել իր թիկունքից, երբ է երգչուհին երկրորդ անգամ ծնվել եւ այլն։ 

-Ալլա, օրը լավ սկսելու համար Ձեզ հարկավոր է․․․

-Որ նախորդ օրը լավ անցկացրած լինեմ։ Այդպես օրս ուրախ է սկսվում։ 

-Ձեզ միանգամից վստահություն է ներշնչում այն մարդը․․․

-Որի կենսագրությանը ծանոթ եմ, եթե ծանոթ չեմ, առաջին տպավորության վրա եմ հիմնվում։

-Առաջնային կարեւորություն եք տալիս մարդու անկեղծությա՞նը, թե՞ ինտելեկտին։

-Միանշանակ, անկեղծությանը։ Շատերն իրենց ինտելեկտը ծառայեցնում են ոչ արդար նպատակների, այնպես որ ինտելեկտուալ լինելն ինձ համար չափանիշ չէ։ Եվ հակառակը, կան մարդիկ, որոնք չեն փայլում ինտելեկտով, բայց ապրում են ազնիվ։ Այս տեսակն է նախընտրելի  ինձ համար։ 

-Ներողություն է խնդրում նա, ով․․․

-Ուժեղ է։ Թույլ մարդը կարծում է, որ ներողություն խնդրելն իր պատվից վեր է։ 

-Պետք է կարողանալ ասել «ոչ» այն ժամանակ, երբ․․․

-Անհրաժեշտ է։ Ես սկսել եմ սովորել ասել  «ոչ»։ Հասկացել եմ, որ դա շատ լավ բառ է, եթե տեղին է ասվում։ Կյանքում լինում են դեպքեր, երբ հաստատ պետք է «ոչ» ասես, որովհետեւ եթե «այո» ասես  ու այդ պահին լավամարդ դառնաս, հետո կարող ես զղջալ։

-Հարց, որը միշտ տանջում է Ձեզ։

-Թե ինչու է էս աշխարհը էսքան ծուռ, ինչպես ասում էր Գալյա Նովենցը (ծիծաղում է)։

-Նախընտրում եք նվերը պատվիրե՞լ, թե՞ որ Ձեզ անակնկալ անեն։

-Երբ նախապես ասում ես, թե ինչ ես ուզում, իհարկե, պրակտիկ մոտեցում է, բայց հետաքրքիր է, երբ քեզ անակնկալ են մատուցում։ Ես երկրորդ տարբերակն եմ սիրում։ 

-Ձեզ ձանձրացնում են մարդիկ, որոնք․․․

-Գույն չունեն։ Չես հասկանում՝ ինչպես շփվես նրանց հետ, որ դու էլ քեզ վատ չզգաս։

-Ավելի շատ սրտնեղում եք դատարկությունից, քաոսի՞ց, թե՞ անորոշությունից։

-Ես անորոշությունից  եմ նեղվում։  Ընդհանրապես, դատարկությունը լավ բան չէ, բայց գիտես, որ կգտնվի մի բան, որով կարող ես լցնել այն։ Իսկ անորոշությունը վախեցնում է։ 

-Ավելի շատ վերլուծո՞ւմ եք, թե՞ ապրում։

-Ապրում եմ,  առանձնապես վերլուծող տեսակ չեմ։

-Չի սխալվում նա, ով․․․

-Հնարավոր չէ, որ մարդ չսխալվի, նորություն չեմ ասում։ 

Ձեր երկրորդ ծնունդը կարելի է համարել․․․

-Երեխաներիս ծնունդը, նաեւ այն փուլերը, երբ սկսում եմ  այլ կերպ  նայել կյանքին։ Այդպիսի շրջաններ հաճախ են լինում ինձ մոտ։

-Պետք է լռել այն պահին, երբ․․․

-Դու հաստատ չգիտես, որ ճիշտ ես։ Առհասարակ, իմաստուն մարդը պետք է ավելի շատ լռի։ 

-Սովորաբար ընտրում եք սիրելի՞ն,  թե՞ պետքականը։

-Երեւի սիրելին։ Ես էմոցիոնալ եմ, պահի մարդ եմ, որեւէ բան հատուկ չեմ պլանավորում։ Իհարկե, մեկ-մեկ սխալվում եմ, բայց, այնուամենայնիվ, դրանից շատ բան չի փոխվում։

-Ձեզ սովորաբար թիկունքից խփում են նրանք, ովքեր․․․

-Ովքեր կարծել են, որ ես իրենցից հաջողակ եմ։ 

-Վերջին շրջանում Ձեր մասին լսած  բամբասանք, որը զվարճացրել է Ձեզ։

-Երկար ծիծաղել եմ համացանցում տարածված այն տեղեկության վրա, թե իբր ես բաժանվել եմ ամուսնուցս։ Նախկինում կսրտնեղեի այդ առթիվ, մտածմունքների մեջ կընկնեի, բայց հիմա վերաբերմունքս այլ է։ Թարսի պես անձնական տիրույթում  այնքան լավ է ամեն ինչ (ծիծաղում է)։

-Ի՞նչն է, որ կարեւոր է երջանկությունից։

-Խաղաղությունը։ 

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս