Մասնավոր բուժհաստատությունները սնկի պես աճում են. ոլորտն ուշադրության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ Շենգավիթ բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա թերևս առիթ էր անդրադառնալու բուժհաստատությունների խնդրին:

Բանն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճում են բուժհաստատությունները: Դրանք հիմնականում, ի դեպ, մասնավոր են: Այսինքն` ով մեծ գումարներ ունի, շատ հեշտությամբ կարող է Հայաստանում կլինիկա բացել, երկու-երեք սարքավորում ներկրել եւ փող աշխատել: Սակայն նույնիսկ հայաստանյան բուժհիմնարկների այս առատությանը` այցելուների պակաս չկա: Դրա մասին են վկայում հիվանդանոցներում գոյացող հերթերը: 

Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում հիվանդանոցային բուժհաստատությունները ավելացել են. եթե 2013-ին դրանք կազմել են 129, 2014-ին` 130, ապա 2015 թվականին` 132: 

Օրինակ` Հայաստանում 2015 թվականի դրությամբ գործել են թվով 636 բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որից 504-ը իրականացրել են արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ 132-ը`  հիվանդանոցային: Համեմատության համար նշենք, որ Սլովենիայում հիվանդանոցների թիվը այդ ժամանակահատվածում կազմել է 30, Սլովակիայում` 138, Չեխիայում` 156, Խորվաթիայում` 76, Լիտվայում` 145, իսկ Իսրաելում` ընդամենը 57: Ի դեպ, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների 68 տոկոսը, դեռեւս 2015 թվականի տվյալներով, գործել են ՀՀ մարզերում, իսկ 32 տոկոսը` Երեւանում: Ըստ մասնագետների` հիվանդանոցային բուժհաստատությունների թիվը Հայաստանում 100 հազար բնակչի հաշվին կազմում է 4.4, մարզերում` 3.9, եւ Երեւանում` 5.4, իսկ ԵՄ անդամ երկրներում` 3.4: 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (2012 թվականի տվյալներով)` Հայաստանում 10 հազար մարդուն բաժին է ընկնում 37.6 բժիշկ (չի ներառում ստոմատոլոգներին ու դեղագետներին) եւ 48.2 բուժքույր: Մանսագետների խոսքերով` այս հարաբերակցությունն այնքան էլ նորմալ չէ զարգացած երկրների համեմատ, որտեղ բժիշկների թիվը քիչ է, իսկ բուժքույրերինը` շատ: Օրինակ` ԱՄՆ-ում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 24,2 բժիշկ ու 98,2 բուժքույր: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը համապատասխանաբար 27,4 ու 101,3 է: Նույնիսկ Իսրայելում ու Գերմանիայում, որոնք հայտնի են որպես համաշխարհային առողջապահական կենտրոններ, բժիշկների քանակն ավելի փոքր է, քան Հայաստանում: Իսրայելում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 36,5 բժիշկ ու 51,8 բուժքույր, Գերմանիայում` համապատասխանաբար 36 եւ 111:

Ի դեպ, ըստ որոշ հաշվարկների` 132 ստացիոնար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից 11 տոկոսը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության հիմնարկներ են, 55 տոկոսը մարզպերատարանների ենթակայության հիմնարկներ են եւ 30 տոկոսը` մասնավոր հիմնարկներ: Իսկ ահա 2017 թվականի տվյալներով` Երեւանում առողջության առաջնային պահպանման եւ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատությունները կազմել են 53, ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող  հաստատությունները`պոլիկլինիկաները, կազմել են 28: Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատությունները` դիսպանսերները, կազմել են 5:  Պոլիկլինիկաները` 25-ն են, քաղաքային առողջության կենտրոնները 45-ն են: Խոսքը մասնավոր կլինիկաների մասին է:  Այլ ամբուլատոր պոլիկլինիկան հիմնարկները 8-ն են: 

Այսինքն` պարզվում է, որ Երեւանում բուժհաստատությունների թիվը կազմում է 164: Հուսանք` հայրենի կառավարությունը ուշադրություն կդարձնի առաջնային բուժօգնության եւ հիվանդությունների կանխարգելման ոլորտին: Չէ՞ որ ավելի կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել հիվանդությունների կանխարգելմանը, քանի որ  Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մահացությունների աստիճանն ավելի բարձր է, քան այն երկրներներում, որոնցում բժիշկների ու բուժքույրերի թվաքանակը զիջում է Հայաստանին:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս