Ռոբերտ Քոչարյանն անցել է գործի. ում է հասցրել հանդիպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, վերջինս սկսեց խոսել քաղաքականություն վերադարձի, այսինքն` նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Իր հարցազրույցներից մեկում նա նաեւ խոսել էր քաղաքականություն վերադարձի հնարավոր ձեւաչափի շուրջ` միեւնույն ժամանակ նշելով, թե բավականաչափ ժամանակ կա, եւ իրավիճակը շատ սրընթաց է զարգանում:

Երկրորդ նախագահը կարծիք է հայտնել, որ ներկայիս պայմաններում «կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից», բեւեռներից մեկը: Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, ապա նա կարծիք է արտահայտել, թե իր ընտրազանգվածը կարող են լինել «այլընտրանքային տեսակետ» ունեցողները: Այդպիսիք են այն մարդիկ, որոնք համաձայն չեն ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության հետ։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահն արդեն սկսել է համախմբմանը միտված գործընթացները եւ վերջերս ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին մեկ ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումների մեջ է: Նա արդեն իսկ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, այդ թվում` մի խումբ ազատամարտիկների, նախկին պաշտոնյաների, մարդ-կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական լայն շերտերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում էլ հենց քննարկվել են առաջիկա ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես` արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մասնավորապես նա հանդիպել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ազատամարտիկ «Աշոտ Երկաթ» խմբի հրամանատար Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի քանի մարդ-կուսակցությունների ղեկավարների, այդ թվում` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերը թվարկված մարդ-կուսակցությունների ներկայացուցիչները չհերքեցին, որ նրանք ՀՀ երկրորդ նախագահին հանդիպել են, եւ ավելին` առաջիկա քաղաքական գործընթացների պարագայում պատրաստ են համագործակցել հենց նրանց հետ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իր սեփական նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մոտավորապես մեկ ամիս առաջ: Ընդ որում` Հարությունյանը հանդիպում նախաձեռնելու փաստը բացատրեց երկրորդ նախագահին վաղուց հանդիպած չլինելու փաստով, եւ բացի իրենցից, այլ մարդ չի մասնակցել: Արամ Հարությունյանը նաեւ խոստովանեց` կոնսոլիդացիայի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին թիմով մասնակցելու որոշման դեպքում նա կլինի այդ անձանցից եւ ուժերից մեկը: «Հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, քննարկվել են բոլոր հարցերը: Խնդիրն այն է, որ երկրորդ նախագահն իրավիճակին լավ տիրապետում է: Նա կարող է համախմբել այն ուժերին, ովքեր այս իրավիճակից դժգոհ են եւ վտանգներ են տեսնում Հայաստանի ապագայի հետ կապված»,- նշեց Հարությունյանը:

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը եւս չթաքցրեց, որ երկրորդ նախագահին հանդիպել է եւ կրկին մոտավոր մեկ ամիս առաջ, սակայն քննարկված հարցերի եւ թեմաների մասին նա գերադասեց չբարձրաձայնել, սակայն հայտարարեց, թե, բնականաբար, ինքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնող ուժերից մեկը: «Բնականաբար, մենք այն քաղաքական ուժն ենք, եւ ես այն քաղաքական գործիչներից եմ, որ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը համարել եմ լավագույնը», – նշեց նա:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե նա հանդիպում է բոլորի հետ, այդ թվում` Սերժ Սարգսյանի: «Երբ ինչ-որ մեկի հետ հանդիպում ենք, մենք զրուցում ենք բոլոր թեմաներով: Ես արդեն հայտարարել եմ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին առանձին է մասնակցելու, սակայն ես հանդիպում եմ բոլորին, այդ թվում` նրան, Սերժ Սարգսյանին», – նշեց նա:

Հ. Գ. Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որն իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցութուն սկսեն: Դատելով այս ընթացքում ՀՀԿ-ից տեղի ունեցող արտահոսքից՝ շուտով երբեմնի իշխանական ուժին եւս կարելի կլինի դասել մարդ-կուսակցությունների շարքին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս