Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի դատախազը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է, անհիմն է, եւ ինքը բացարձակ անմեղ է իրեն համարում: «Այն, ինչ ես ասել եմ դատարանում, որ ինձ ապօրինի եւ անհիմն մեղադրանք է առաջադրված, դա բացարձակ ճշմարտություն է, որեւէ ապացույց չկա, իսկ արդարանալը անխուսափելի է, եւ ես ամեն ինչ անելու եմ արդարանալու համար»,- նշեց նա: Ի դեպ, այս գործով ազատ է արձակվել եւս մեկ անձ` Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է թե` կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ:

Բանն այն է, որ 2014թ. հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի հետեւանքով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:




Լրահոս