ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այսպիսով` իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Այսօր Անկախության 27-րդ տարեդարձն է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության մի քանի անդամներից հետաքրքրվեց, թե ինչ է իրենց համար անկախությունը, եւ իրենք անկախ են, թե ոչ, երբ են հասկացել, որ իրենք անկախ չեն:

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունց
-Տիկի՛ն Մակունց, օրինակ` Դուք անկախություն ասելով՝ ի՞նչ եք հասկանում:
-Ինձ համար անկախությունն օրենքի շրջանակում ազատ որոշումներ կայացնելու հնարավորության մեջ է:
-Դուք հիմա անկախ, ազատ որոշում կայացնելու հնարավորությունը ունե՞ք:
-Այո՛:
-Այսինքն՝ բոլոր դեպքերում եղե՞լ եք անկախ, չի՞ եղել մի դեպք ընտանիքում, գործնական միջավայրում, երբ ցանկացել եք այդ հարցում անկախ լինել, բայց չեք կարողացել:
-Գիտեք՝ հասարակությունում ցանկացած միջավայրում որոշ բաներ, այնուամենայնիվ, քեզ կաշկանդում են:
-Օրինակ` ո՞ր հարցում անկախ չեք եղել, այլ կաշկանդվել եք:
-Ազատության առումով կաշկանդել է քեզ, անկախության առումով, նորից եմ ցանկանում ասել, որ սկզբունքային ու ինքնուրույն որոշումներ կայացնելու մեջ է այդ անկախության զգացողությունը: Ես նշեցի, որ ունեմ, բարեբախտաբար, եւ կարծում եմ, որ նախորդ իշխանության շատ ներկայացուցիչներ կուզենային լինել այն դիրքում, որի դիրքում այսօր ներկայիս կառավարության անդամներն են` անկախ որոշումներ կայացնելու հարցում: Թերեւս, չէի ասի, որ անկախ չեմ, բայց, բնականաբար, բոլորս հետեւում ենք այն նորմերին եւ այն սահմանափակումներին, որոնք երբեմն նաեւ հասարակության կողմից է այդ պահանջը գալիս, թե այս որոշումը կայացրեք, բայց բոլորս պետք է գործենք օրենքի շրջանակում:
-Օրինակ` եթե անկախ լինեիք, ո՞ր որոշումը կցանկանայիք իրականացնել՝ հիմնվելով հասարակության պահանջների վրա:
-Գիտեք՝ այն բոլոր ցանկությունները, որոնք կուզեի որոշումների շրջանակում իրականացնել, փորձում եմ դրանք հետեւողականորեն իրականացնել, պարզապես դրանք մեկ գրչով իրականացվող որոշումներ չեն, դրանք պահանջում են հետեւողականություն, մեծ աշխատանք եւ ջանք, որ չստացվի կամայական որոշում, ինչին ես անձամբ դեմ եմ:

ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք գիտեք՝ ի՞նչ է անկախությունը:
-Անկախությունը սեփական ճակատագիրը որոշելու պետության կարեւորությունն է:
-Օրինակ` սեփական ճակատագիրը որոշելուց պատահե՞լ է, որ հասկացել եք՝ անկախ չեք:
-Անկախ չզգալ, կարծում եմ, որ ոչ, բայց կարծում եմ՝ երբեմն զգացել եմ այնպես, որ բավարար չափով ուժ չունենք որպես պետություն, չունենք ստեղծված ինստիտուտներ, եւ դրանից շատ վատ եմ զգացել:
-Եղե՞լ է դեպք , որ ցանկացել եք մի բան անել, մի որոշում կայացնել, բայց զգացել եք, որ Դուք անկախ չեք:
-Համենայնդեպս, ես ինձ միշտ բավարար չափով անկախ եմ զգացել որոշումներ կայացնել, անել այն, ինչ պետք է անեմ եւ չանել այն, ինչ չպետք է անել:
-Հիմա բոլոր հարցերում Դուք անկա՞խ եք:
-Այո՛, ես հիմա անկախ եմ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
-Ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:
-Բարդ հարցեր եք տալիս: Անկախությունը բացարձակ արժեք է, ոչ միայն ինձ համար, այլեւ, կարծում եմ, մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնության համար: Անկախությունը սեփական ուժերով երկիր կերտելն է: Անկախությունը մի արժեք է, որին գտել-հասել ենք եւ հիմա պետք է փորձենք պահպանել հավերժ եւ փոխանցել մեր երեխաներին: Անկախությունը նաեւ մտածելակերպ է:
-Օրինակ` երբեւէ եղե՞լ է, որ Դուք Ձեզ անկախ չեք զգացել, օրինակ, ընտանիքում կամ աշխատանքում:
-Գիտեք՝ նորից բարդ հարց է. անկախությունը նաեւ հարաբերական է, եթե նաեւ այդպես ասենք, մենք բոլորս փոխկապակցված ենք իրար հետ, թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում, թե երկրներն են փոխկապակցված, ամեն դեպքում, երբեք քո անկախությունը չպետք է ստորադասես այլոց անկախությանը:
-Դուք հիմա անկա՞խ եք:
– Ես հիմա անկախ եմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ իրավապահները գաղտնալսման գործով «հանցավոր խումբ» բացահայտեն:
Ինչպես հայտնի է` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին եղել Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Արդյունքում` դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց` նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հրապարակված գաղտնալսումից անցել է 10 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, կամ երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք, իսկ թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Իսկ մինչ այդ, երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը հարցաքննվել է այդ գաղտնալսումների գործով, վկայի կարգավիճակով, բնականաբար: Վանեցյանը մանրամասներ չի հայտնել` տեղեկացնելով, որ ինքը փաստաթուղթ է ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ
Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել: Ըստ ոստիկանության` «Սպիտակ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակի տարածաշրջանի գիշերային ակումբներից մեկը, սակայն մինչ դեպքի վայր հասնելը որովայնի շրջանում վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է: Պարզվել է, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածել են 1992թ. ծնված Է.Ս.-ի որովայնի շրջանին, ինչից ստացած վնասվածքների հետեւանքով նա մահացել է: Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել այլ քաղաքացիներ եւս: Դանակահարողի ինքնությունը պարզվել է. նա բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ
Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել: Պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայումս աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը: Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը: Քննարկվում է նաեւ հատկացվող պետպատվերի ծավալները կիսամյակային կամ եռամսյակային կտրվածքով վերանայելու հարցը:

 

 

ԿՄԵԿՆԻ ԵԳԻՊՏՈՍ
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն: «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաեւ Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի եւ անձամբ իմ անունից ուղղում եմ իմ ջերմ շնորհավորանքները: Ուզում եմ վերահաստատել այն կարեւորությունը, որ իմ երկիրը հատկացնում է ՀՀ-ի հետ վստահության եւ բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում նաեւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»,-նշված է ուղերձում:




Լրահոս