ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Մինչև ժամը 17:45-ը դատավորը մեզ ժամկետ էր տվել, որպեսզի մենք ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստենք : Աշխատեցինք միջնորդության վրա, բայց չհասցրեցինք սահմանված ժամկետում: Դրա համար դատավորը մեզ լրացուցիչ ժամկետ է տվել մինչև նոյեմբերի 28-ը ժամը 12:00-ը»,- ասաց Ալումյանը:
Նա չցանկացավ ասել, թե ինչու են իրենք ներկայացրել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
«Որոշումը ստանանք, ամեն ինչ ձեզ կհայտնենք»,- նշեց Ալումյանը: