Անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել է 7.9 տոկոսով` կազմելով 747 մլրդ 307.8 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է անասնաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 324 մլրդ 333 մլն 500 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը պակասեցրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով 5 տոկոսով նվազել են տավարի մսի արտադրության ծավալները, խոզի մսինը` 5.1 տոկոսով, իսկ ոչխարինը`4.8 տոկոսով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ անասնագլխաքանակի հաշվառումը իրականացվում է յուրաքանչյուր տարեսկիզբ` հունվարի 1-ի դրությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը ԳՆ-ից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կովի գլխաքանակը 28 հազար 985-ով պակասել է. եթե 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կովի գլխաքանակը հանրապետությունում կազմել է 295 հազար 800, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 266 հազար 815: Ի դեպ, կովերի գլխաքանակը պակասել է գրեթե բոլոր մարզերում: Խոզերի գլխաքանակը եւս պակասել է 5 տոկոսով: Այս հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում եղել է 166 հազար 754 գլուխ խոզ` անցած տարվա 175 հազար 600-ի դիմաց: Իսկ ահա ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 8.8 տոկոսով: Այսինքն` հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 89 հազար 122 գլուխ ոչխար պակասել է` 727 հազար 100-ից դառնալով 637 հազար 978: Միայն Արագածոտնի մարզում ոչխարի գլխաքանակը պակասել է 12.2 տոկոսով:

«Անցած տարին անասնաբուծության համար ոչ բարենպաստ էր, կերի մասով զուտ չորային էր, որոշակի գլխաքանակ խոտանվեց: Եւ այս տարի կաթի, մսի արտադրության որոշակի անկում արձանագրվեց: Նույնը չենք կարող ասել ձվի արտադրության մասին, որտեղ, ըստ էության, աճ ունենք արձանագրած: Այն պայմանավորված է ինչպես մթերածության միջինից բարձր լինելով, այնպես էլ գլխաքանակի ավելացմամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Լեւոն Տեր-Իսահակյանը:
Նրա խոսքերով` այս խնդրի լուծման մի տարբերակ է ներկրումը, քանի որ նոր գենի ներմուծումը բավականին կարեւոր գործոն է: Մասնագետը պնդեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի ներկրման ակտիվություն կա:

Ապա ավելացրեց, որ ոչխարի գլխաքանակի կրճատումը պայմանավորված է արտահանման պահանջարկով: «Սա սխալ տնտեսավորման հարց է. կա X գլխաքանակ եւ ունես տարեկան խոտանման նորմաներ եւ տարեկան մսի հանձման ենթակա գլխաքանակ: Եթե դու դրանից ավել ես իրացնում, դա նշանակում է, որ մտահոգվելու խնդիր կա: Այսինքն` տնտեսավորման հարցը յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է լուծում»,- բացատրեց Լ. Տեր-Իսահակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ե՞րբ արձանագրվեց, որ տարին չորային է, ու կերի խնդիր է լինելու, հնարավոր չէ՞ր արդյոք գյուղատնտեսության նախարարությունը այընտրանքային տարբերակ մտածեր, Լեւոն Տեր-Իսահակյանը արձագանքեց. «Այդքան ծայրահեղ չի եղել վիճակը, որպեսզի այլընտրանք գտնվեր, կերի ներկրում լիներ: Նման գործառույթ կազմակերպելու անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ մարդիկ մթերած կերի հաշվին կարողացել են արտադրության ծավալները ապահովել»:

Տեսակետ է շրջանառվում նաեւ այն մասին, որ թանկ անասնակեր չկարողանալով գնել` ստիպված մորթել են իրենց անասուններին: «Ստիպված մորթ հասկացությունը հարաբերական է, եթե կենդանին նախատեսված է եղել խոտանի կամ մսի իրացման համար: Օրինակ, մարդ 10 հատ կենդանի ունի եւ կերի պաշարված քիչ քանակ, ընդունենք 2 հատի փոխարեն մորթել է երեք-չորսը, որպեսզի պաշարված կերով կերակրի մյուսներին: Դա տեխնոլոգիա է, որ յուրաքանչյուր տարի կարգավորվում է տնտեսվարողի կողմից»,- հավելեց ԳՆ ներկայացուցիչը:

Բայց մյուս կողմից` մասնագետը համոզված է, որ անասնագլխաքանակի պակասելը մսամթերքի, պանրի, կաթնամթերքի գների թանկացման պատճառ չի կարող լինել: «Չեմ կարող նման կանխատեսում անել, իմ ոլորտից դուրս է: Կոնկրետ այս տարի բարենպաստ է անասնապահության համար, գների տատանումներ չեն արձանագրվել: Ըստ էության, գների թանկացման որեւիցե պատճառ չեմ տեսնում: Անկումը պայմանավորված է եղել գլխաքանակի կրճատմամբ, իսկ սպառումը պետք չէ դրա հետ կապել»,-նկատեց մասնագետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս